«Շատ լավ, ավարտեցի՞ք։ Արձագանքի բան չկար, Դուք քաղաքական ելույթ էիք ուզում ունենալ, ունեցաք, ողջունում եմ Ձեզ»,- փաստմանը՝ մեկ օր է՝ Մատենադարանը չի արձագանքում Ալիևի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում մզկիթները գոմերի են վերածվել և դիտարկմանը՝ տպավորություն է, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը Մատենադարանն է վարում, որովհետև Հաջիևին Մատենադարանն է արձագանքել և հարցին հիմա մենք Մատենադարանի արձագանքի՞ն սպասենք Ալիևի կեղծ հայտարարությունների հետ կապված, թե՞ այլ հիմնարկներից՝ օրինակ` վարչապետի աշխատակազմին առընթեր Կոնդի առանձնատների ՊՈԱ՞Կ-ը գուցե հերքի Ալիևի այս հայտարարությունները, ո՞վ է Ալիևին արձագանքելու, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Լրագրողի հակադարձմանն ի պատասխան՝ պարոն Ալեքսանյան, մի մանիպուլացրեք՝ ո՞վ է արձագանքելու Ալիևի հայտարարությանը, պատգամավորը կրկին պնդեց․ «Դուք ելույթ էիք ուզում ունենալ, լսեցի այն, գնահատեցի, այդտեղ հարց չկար»։ Լրագրողը կրկնեց՝ ո՞վ է արձագանքելու Ալիևի այդ կեղծ տեղեկություններին, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Նկատի ունեք, որ ես չխոսե՞մ, Դուք խոսեք, ամեն բառիս վրա շարունակում եք խոսել»։ Այս ասելով՝ Վահագն Ալեքսանյանն ընդհատեց ճեպազրույցը և հարցն անպատասխան թողնելով՝ հեռացավ։
Կարդացեք նաև
Վահագն Ալեքսանյանը նաև ասաց, որ մեկ օր առաջ ճեպազրույցում գերիների վերաբերյալ իր խոսքը սխալ է ներկայացվել լրատվամիջոցներում ու պարզաբանեց․ «Արտահայտել եմ հետևյալ միտքը․ եկեք գերիների հարցը դնենք դարակում ու փակենք հանրային քննարկման տեսանկյունից, բայց դուք եղեք վստահ, որ այս հարցը մշտապես մեր աշխատանքային սեղանին է և ցանկացած առիթ օգտագործելու ենք այս հարցի լուծման համար։ Նախադասության կեսն են դրել, իմ միտքն աղճատված է, ակնհայտորեն խեղաթյուրված»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































