Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանին չի փրկի»

Ապրիլ 04,2014 17:30

ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը մասամբ էր անակնկալ: Համենայնդեպս, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ-ի որոշումից հետո, պատգամավորը տպավորություն էր ստացել, թե Սերժ Սարգսյանը ցանկացած գնով ցանկանում է պահել Տիգրան Սարգսյանին`վարչապետի պաշտոնում:

Տրամաբանությունը, ըստ տիկին Սարգսյանի, վաղուց էր հուշում, որ Սերժ Սարգսյանը քայլեր պետք է ձեռնարկի, իսկ հնարավոր առաջին քայլը`հենց վարչապետի պաշտոնանկությունն էր: Պատգամավորը`վկայակոչելով նույն ՍԴ-ի որոշումը, փաստում է, որ եւս մեկ ապացույց էր վարչապետի ու կառավարության հակասահմանադրական, հակաօրինական գործունեության մասին:

Վարչապետի հետ ու նրա շուրջ կատարվածը պատգամավորը կարճ այսպես է բնութագրում. «Սերժ Սարգսյանը մեր փոխարեն մեր գործն արեց: Սակայն, դա չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանին փրկել է ընդհանուր գործընթացների արդյունքում նույնպես հրաժարական ներկայացնելուց: Մեր նպատակները շարունակում են մնալ նույնը: Առաջին փուլը`Տիգրան Սարգսյանի եւ կառավարության հրաժարականի պահանջը, որի վրա մենք ահռելի ռեսուրսներ ու ջանքեր էինք գործադրելու, Սերժ Սարգսյանը հեշտացրեց: Ամբողջական իշխանափոխության առաջին էտապը շատ արագ ավարտվեց: Մենք կարող ենք արդեն լծվել երկրորդ էտապի իրականացմանը»:

Հարցին`վստահ ե՞ք `ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կպահանջե՞ն Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ երբեւէ որեւէ հարցում չի կարելի վստահ լինել, բայց կարծում է, որ իրենց գործընկերները նույնպես այդ ճանապարհին են ու նրանց նպատակն էլ ամբողջական իշխանափոխությունն է: Ի՞նչ կլինի իրականում`ժամանակը ցույց կտա. «Ես հույս ունեմ, որ մեր միասնական նպատակների մեջ առաջնայինը կլինի երկրի բարեփոխման գործընթացը, որը հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության պարագայում»:

Հարցին`եթե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին առաջարկի վարչապետի պաշտոնում, տիկին Սարգսյանն ասաց, որ հնարավոր զարգացումների սցենարներ չունի: «Քանի դեռ մենք համատեղ քայլեր ենք մշակում, չկա որեւէ սցենար, որը փաստի, որ ինչ-որ մեկը ակնկալում է ՀՀ վարչապետի պաշտոնը»,- ասաց նա: Ինչպե՞ս է վերաբերվում մեր զրուցակիցը նրան, որ վարչապետի պաշտոնը հնարավոր է առաջարկվի ընդդիմությանը: «Ես կնախընտրեի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, որից հետո ընդդիմությունը, արդեն արդար ու թափանցիկ ընտրություններով ընտրեր եւ նախագահ, եւ վարչապետ: Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ-ի տեսակետն արտահայտվել է եւ մենք չենք շեղվելու դրանից. կառավարության մաս չենք կազմելու, շարունակելու ենք պայքարն ամբողջական իշխանափոխության համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930