Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես դժվար եմ քայլում, դեռ չի նշանակում, թե վատ մարդ եմ». ներառական կրթության համակարգն՝ ընդդեմ խտրականության ու կարծրատիպերի

Ապրիլ 30,2014 10:25

«Էսօր դպրոց չեմ գնացել, վաղն էլ չեմ գնալու, վաբշե դպրոց չեմ գնում, հարևանի տղեն ասում ա, որ դու գաս դպրոց, մամաները հետդ լավ չեն լինի»,- 13-ամյա Հայկ Թումանյանը մանկական ուղեղային կաթված ունի, տնային ուսուցում է ստանում, ասում է՝ չի սիրում շփվել մարդկանց հետ, իրեն լավ են վերաբերում միայն Կապանի Լենհանքեր թաղամասի իրենց բակում, իսկ բակից դուրս շատ են մոտենում, խոսեցնում, դրա համար չի ուզում այլ տեղեր գնալ:

Հայկը հաջորդ օրվա դասերն արդեն պատրաստել է, նեղլիկ բնակարանում նստած սպասում է՝ երբ է մայրն աշխատանքից տուն գալու, մայրենիի ընթերցանությունը ստուգի, միասին հեռուստացույց դիտեն, եթե անձրև չգա, գուցե նաև բակ իջնեն:
Հայկի համար շաբաթվա բոլոր օրերը նույնն են, նույնկերպ դանդաղ են անցնում և գրեթե զբաղմունք չունի. «Ու էդ բոլոր օրերը որ անցնում են, հետո գալիս ա ծնունդս, էդ լավ օր ա, Նոր տարին էլ ա լավ օր, մեկ էլ որ ապրիլի յոթին մամայիս նամակ եմ գրում, իսկ Ձմեռ պապիկին էս տարի նամակ չեմ գրել, խառն էինք, մոռացա»:

Nerarakan_1 Nerarakan_3Հայկի մայրը՝ Արմեդա Գաբրիելյանը, կեսօրին սովորականի պես Հայկին կերակրելու է գալիս, ասում է՝ ամեն անգամ տուն մտնելիս նույն բանն է երազում՝ որդին կարողանա ինքնուրույն դպրոց գնալ, կամ գոնե լինեն այնպիսի պայմաններ, որ երեխային դպրոց հասցնելը խնդիր չլինի.
«Պայմաններ չկան, որպեսզի որդիս կարողանա տեղաշարժվել, ասում են՝ արտասահմանում ինչ-որ ավտոբուս կա, որ գալիս, հաշմանդամ երեխաներին դպրոց է տանում, իսկ ես վախենում եմ դպրոց տանեմ որդուս, հետո ուրիշ ծնողների առաջ ո՞նց գնամ ժողովի, ո՞նց լսեմ նրանց բողոքները, թե դանդաղ է սովորում ու իրենց երեխաների համար խնդիր է դա, սկի բակից մի քիչ հեռու տանելիս էնպես են նայում, ոնց որ մարդ չլինենք, ուր մնաց դպրոց տանեմ»:

Հայաստանում գործում է 117 ներառական կրթություն իրականացնող դպրոց, 2600 երեխա սովորում է ներառական համակարգում:
Սյունիքի մարզում ներառական կրթություն ապահովող 6 դպրոցներում աշակերտների թիվը մեծ չէ, ամեն դպրոցում 20 աշակերտ, մյուս երեխաները հիմնականում տնային ուսուցում են ստանում, չեն օգտվում ներառական կրթության համակարգից:
Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղը Սյունիքի մարզում և ԼՂՀ-ում ներառական ուսուցման կարիք ունեցող երեխաների գնահատման գործընթացն իրականացնում է 2009-ից, կենտրոնի տնօրեն Լեռնիկ Առաքելյանն ասում է՝ չնայած ներառական դպրոցների տարեցտարի ավելացմանը՝ բոլոր տեղերում խտրականության վերացման, ինտեգրման խնդիր կա.
«Ներառման համար միայն դպրոցը քիչ է, բացի այդ բոլոր դպրոցները պետք է ներառական դառնան, որպեսզի խտրականությունն էլ նվազի, թե չէ այսօր ծնողը կարող է գնալ դպրոց ու ասել, թե հաշմանդամություն ունեցող երեխայի կրթական վարքն ազդում է իր երեխայի կրթության առաջընթացի վրա, և դրանից կրթության առանձնահատուկ կարիք ունեցողի և նրա ծնողի մոտ կարող են բարդույթներ առաջանալ»,- ասում է Առաքելյանը:

Կենտրոնում այժմ սովորող 11 երեխաները ներառական դպրոց չեն տեղափոխվել, քանի որ ամենօրյա հսկողության կարիք ունեն։ Առաքելյանը նշում է, որ ներառական կրթության լիարժեքության պարագայում հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաներն էլ կարող էին կրթություն ստանալ. «Այսօր դպրոցներում մասնագետների պակասի, ինչպես նաև հասարակության վերաբերմունքի պատճառով ոչ բոլոր երեխաները կարող են ներառական կրթություն ստանալ դպրոցներում»:

Կենտրոնի սոցմանկավարժ Մելինե Ավետիսյանը նշում է, որ ներառական կրթությունը երեխային հասարակության մեջ ինտեգրելու հնարավորություն է տալիս, սակայն ոչ բոլոր ծնողներն են ցանկանում իրենց երեխայի կողքին տեսնել հաշմանդամություն ունեցող երեխաների.
«Ծնողների մեծ մասը բողոքում է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներից, փորձում ենք աշխատել նման ծնողների հետ, դա միայն մարզային բնույթ չի կրում, կարծում եմ ընդհանուր հասարակության մեջ են կարծրատիպերը շատ»,-ասում է Ավետիսյանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները սոցմանկավարժի խոսքով, նախընտրում են իրենց երեխաներին տեսնել մյուս երեխաների հետ հավասար պայմաններում սովորելիս, և եթե մյուս ծնողները չառարկեն, ներառական կրթության համակարգն ավելի արագ կներդրվի ու ավելի արդյունավետ կգործի:

Մտավոր հետամնացություն ունեցող 12-ամյա Մարտին Փարսադանյանը սովորում է կենտրոնում, ասում է՝ մեծանա տնօրենի վարորդն է դառնալու, սպասում է եղանակն ավելի տաքանա, որ գնա մանուշակ հավաքի, նոր երեխաների հետ ծանոթանա, իսկ դպրոց չի ուզում գնա, «ուրիշ երեխաներն ու ծնողները դասի ժամին կծիծաղեն»:
Իսկ Արման Հովհաննիսյանի ծնողները, հաշվի չառնելով այլ ծնողների կարծիքն ու ռիսկերը, նրան հատուկ դպրոցից տեղափոխել են ներառական դպրոց, Արմանը սովորում է Կապանի թիվ 1 դպրոցում, դասարանի առաջատարներից է, հատկապես մաթեմատիկայի ստուգողականները դասարանի կեսն իրենից է արտագրում:

«Մեր դասարանի Ասպետին ամենաշատն եմ սիրում, միասին հա՛մ նկարում ենք, հա՛մ մաթեմի խնդիրներ ենք լուծում: Սկզբից որ եկա դասարան, բոլոր երեխաները ուրախ ընդունեցին, հետո տեսա, որ իրանց մամաները այդքան էլ լավ չեն հետս, որ պապաս ինձ ամեն օր դասի էր բերում, սկզբում դժվար էր, հետո իրանք էլ համոզվեցին, որ եթե ես դժվար եմ քայլում, դեռ չի նշանակում, թե վատ մարդ եմ, հիմա լավ է, դասարանի քեֆերին սաղ հետս լավ են»,- ասում է Արմանը, ով դպրոց տաքսիով է հասնում, քանի որ տնից դպրոց հասնող տրանսպորտ չկա, սակայն նրա ընտանիքի համար դժվար է օրը երկու անգամ վճարել տաքսու գումարը:

Թիվ 1 դպրոցում 19 աշակերտ ներառական կրթություն է ստանում, դպրոցի հատուկ մանկավարժ Լուսինե Բադալյանը հիշում է՝ երեք տարի առաջ հենց ուսուցիչների համար գրեթե անհավատալի էր, որ ներառական կրթությունը կգործի, ամենաբարդ աշխատանքը, սակայն, դեռ մնում է ծնողների մոտ հանդուրժողականության սերմանումը. «Ծնողներ կան, որ վատ են ընդունում ներառական կրթության փաստը, կային ծնողներ, ովքեր փոխեցին իրենց երեխաների կրթության վայրը»:

Լուսինե Բադալյանն ասում է՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներին ևս դժվար է համոզել, որ դասարանում իրենց երեխային հավասարը հավասարի պես են վերաբերվում, որ մյուս ծնողների հետ աշխատանք կտարվի, եթե դեմ լինեն իրենց երեխայի կողքին տեսնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների:
Ներառական կրթության շեշտադրմամբ կարծես մոռացության է մատնվել, որ «Կրթություն բոլորի համար» ծրագիրը, որի մասն է կազմում նաև ներառական կրթությունը, միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար չէ, այլ բոլորի։ Լ. Բադալյանի կարծիքով, եթե ներառական կրթության մասին խոսելիս ոչ թե հաշմանդամություն ունեցող երեխաների մասն ընդգծվի, այլ ընդհանուր երեխայակենտրոն կրթության անհրաժեշտությունը, ծնողներն ավելի հանդուրժող կլինեն:

Երեխաների համար արդիական խնդիր է նաև դպրոցից հետո ժամանցի կազմակերպումը։ Ներառական դպրոցներում չկա երկարօրյա ծառայություն, որպեսզի հնարավորություն տրվի ծնողներին աշխատանքը չթողնել: Կապանում այսօր գործում է միայն մեկ կենտրոն, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են հաճախել դասերից հետո:
Կապանի պատանեկան կենտրոնում 3-18 տարեկան երեխաները հոգեբանական, սոցմանկավարժի ու լոգոպեդի ծառայություններից են օգտվում միայն, որպես ժամանցի միջոց նախկինում գործել են թերապիայի, նկարչության ժամեր, սակայն ֆինանսավորման ավարտից հետո բոլոր խմբակները փակվել են:

Կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանն ասում է՝ օրական 22 երեխա է այցելում կենտրոն, հիմնականում մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ են կենտրոնի շահառուները.
«Գոնե փորձում ենք այնպես անել, որ երեխաները հնարավորինս ներառված զգան իրենց, միայն երեխաներ հայտնաբերելը լուրջ խնդիր է, նրանց ծնողները հիմնականում գաղտնի են պահում հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին, դպրոց չեն տանում, որպեսզի մենք գոնե դպրոցից կարողանանք գտնել երեխաների, ում էլ գտնում ենք, ասում են՝ դպրոց չեն տանում այլ ծնողների ճնշումներից խուսափելու համար»,- ասում է Միրզոյանը:
Փառանձեմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886 Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930