Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Բանավեճի համապետական մրցաշարը

Մայիս 01,2014 13:03

«Սա կրթվելու գործընթաց է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Բանավեճի հանրապետական մրցաշարի կազմակերպիչ, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի քաղաքացիական հասարակության եւ կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը:

Բանավեճի հանրապետական մրցաշարը մեկնարկեց այսօր՝ մայիսի 1-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Եռօրյա մրցույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետության 18 տարբեր քաղաքներից եւ 8 մարզերից 130 դպրոցների աշակերտներից կազմված 28 թիմ: Աշակերտները, մինչ համապետական մրցույթին մասնակցելը, նախ մասնակցել են ներդպրոցական, միջդպրոցական եւ քաղաքային մրցաշարերին: Աշակերտները բանավիճելու են մայիսի 1-ին եւ 2- ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 3-ին: Աշակերտների բանավեճերը դատելու է ժյուրին, որի անդամներն են այն աշակերտներն ու ուսանողներն, ովքեր նախկինում մասնակցել են մրցաշարին:

banavech-2 banavech banavech-4

Բանավեճի թեմաներն են՝ «ՀՀ պետական քաղաքականությունը չի նպաստում երիտասարդ ընտանիքների ստեղծմանն ու կայունացմանը», «ՀՀ-ում ՀԿ-երի եւ քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունն ազդում է պետական որոշումների կայացման վրա», «Սփյուռքի նախարարության գոյությունն արդարացված է», սակայն կան նաեւ հանպատրաստից թեմաներ: Ռուբեն Կրիկյանը մեզ հայտնեց, որ բանավեճի թեմաները շատ ակտուալ են եւ ընտրվել են ինչպես աշակերտների եւ ուսուցիչների, այնպես էլ մրցանակաբաշխության աշխատակազմի կողմից:

Նա նշեց, որ շատ է կարեւորում խոսքի արվեստի զարգացումը, որը շատ անգամ երեխաները ձեռք են բերում ոչ ֆորմալ կրթությամբ՝ դպրոցական դասերից դուրս: Ռ. Կրիկյանի խոսքերով՝մրցույթին մասնակցող աշակերտները կարողանում են հետաքրքրությամբ անդրադառնալ առօրյայում արդիական տնտեսական, քաղաքական, քաղաքացիական հարցերին. «Բանավեճը մի արվեստ է, որին պետք է ցանկացած կիրթ մարդ տիրապետի, դա խոսքի արվեստ է, դա քննադատական մտածելակերպի զարգացմանն ուղղված արվեստ է, մենք ուզում ենք, որպեսզի մեր հասարակությունը, մանավանդ՝ դպրոցական երեխաները, սովորեն կիրթ բանավիճել, կարողանան լսել դիմացինին, կարողանան հասկանալ, որ բացի սեփական դիրքորոշումից կա նաեւ ուրիշ դիրքորոշում, որը պետք է ընկալել, հասկանալ, գնահատել»:

Պարոն Կրիկյանը չցանկացավ խոսել մրցույթին մասնակցող աշակերտների կարողությունների մասին՝ պատճառաբանելով՝ երեք օրերի ընթացքում պարզ կդառնա իրենց մեկ տարվա աշխատանքի արդյունքը, սակայն վստահ է, որ, մրցույթին մասնակցելով, երեխաները մեկ տարվա ընթացքում կարող են ամբողջովին փոխվել:

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Աննա Մկրտչյանը արդեն հինգ տարի է, ինչ մասնակցում է բանավեճի խմբակներին եւ որպես փորձառու ուսանող այս տարի ընդգրկվել է ժյուրիի կազմում: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ բան է սովորել մրցույթի ընթացքում, մանավանդ ազատ արտահայտվելու, կարճ ժամանակում ավելի շատ տեղեկություն փոխանցելու հմտությունները. «Զգում եմ, որ այս տարիները, որ անցկացրել եմ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում, զուր չեն անցել, այսինքն՝ ես իմ աճը զգում եմ, զգում եմ, որ այս հիմնադրամն իմ հանդեպ վստահություն ունի, որ արդեն մի քանի քայլ առաջ եմ անցել եւ բանավիճողից վերածվել եմ ժյուրիի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031