Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բուժքույրերին կվերապատրաստեն

Մայիս 12,2014 10:34

ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան, որի նախագահն է Ալինա Քուշկյանը (լուսանկարում), Արցախի Բուժքույրերի միավորման եւ Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի հետ համատեղ մայիսի 12-13-ը Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրները թեմայով համագումար:

Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից եւ Հայաստանից: Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով:

Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաեւ Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաեւ նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում: Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ:

Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն եւս մեկ շաբաթ: Այս համագործակցությունը լուրջ ազդեցություն կունենա Արցախի կրթական ծրագրերի զարգացման վրա: Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրը աշխարհում նշվում է 1965 թվականից` ի պատիվ անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա գլխավորությամբ գթության քույրերն առաջին անգամ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի ժամանակ: Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարեւորվեց եւ այդուհետ բժիշկ ու գթության քույր հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձեւավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է: Հայաստանում մասնագիտական այս տոնը նշվում է 2004 թվականից:

Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանեց ՀՀ առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր եւ տնօրեն Ալինա Քուշկյանը` դրանով բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում:

Լուսանկարը՝ www.erebounicollege.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031