Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել Անաստաս Միկոյանի արձանի վերաբերյալ կայացված որոշումը

Մայիս 21,2014 13:37

Սույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։

Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։

Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ։

Արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլեւ այն ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ, որոնք առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում պետականության ամրապնդման ու զարգացման համար։ Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները։

Նկատի ունենալով վերոհիշյալը, ՀՅ Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել կայացված որոշումը, հետագայում ձեռնպահ մնալով առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպից։

Հայ Յեղափոխական Դաշնակցության
Երեւանի Քաղաքային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031