60 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1966թ. սեպտեմբերի 30-ին, Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը և նախարարների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը Լեռնային Արցախը (Ղարաբաղը) և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու հարցով գրավոր դիմել են Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, մասնավորապես, հայտնելով հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին կվերացնի ստեղծված իրավիճակի աննորմալությունը. Խորհրդային Միության պայմաններում միշտ փոքրաթիվ հայ ժողովուրդն ունի երկու պետականություն՝ մեկ միութենական հայկական հանրապետություն և մեկ ինքնավար ազգային մարզ, որը կից է նրան, բայց գտնվում է այլ միութենական հանրապետության կազմում։
Ելնելով վերոգրյալից՝… ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում քննարկել Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու հետ կապված հարցերը»:
Խորհրդային Հայաստանի իշխանության այս ձեռնարկը դատապարտվեց ձախողման, քանի որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարներին ամենատարբեր միջոցներով հաջողվել էր Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարությանը համոզել, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարության տվյալ քայլը ազգայնական տարրերի նախաձեռնությունն է, որը կարող է առաջացնել ազգամիջյան խնդիրներ:
Խորհրդային Ադրբեջանի ղեկավարներին օգնել էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ Միխայիլ Սուսլովը:
Կարդացեք նաև
Զարմանալի է, բայց փաստ, որ Լեռնային Արցախն ու Նախիջևանը Հայաստանին վերադարձնելու նպատակ հետապնդող Խորհրդային Հայաստանի ղեկավարների նախաձեռնությունը ձախողելու հարցում Խորհրդային Ադրբեջանի ղեկավարներին օգնել էր նաև ազգությամբ հայ Անաստաս Միկոյանը: Սա անառարկելիորեն վկայում է այն իրողության մասին, որ Անաստաս Միկոյանը կողմ է եղել, որ Լեռնային Արցախն ու Նախիջևանը չվերադարձվեն մայր Հայաստանին, այլ շարունակեն բռնակցված մնալ բոլոր առումներով Արցախի ու Նախիջևանի համար խորթ և օտար Խորհրդային Ադրբեջանին:
Ցավալի է, բայց կրկին փաստ, որ մեր օրերում նույնպես, ինչպես վերոհիշյալ շրջանում, անաստասմիկոյանների պակաս չունենք: Այս առումով խիստ անհրաժեշտություն ունենք խորը և համապարփակ վերլուծության՝ հասկանալու իր հայրենիքից կամ դրա մի մասից կամավոր հրաժարվելու հայ մարդու շարժառիթներն ու գտնելու նման ապազգային մտածողությունն արմատախիլ անելու այդքան անհրաժեշտ ուղիները:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ



















































