Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Միրաքյան անունը մշտապես իր տեղը կունենա հայկական օպերային արվեստի պատմության մեջ

Մայիս 23,2014 18:50

Կյանքի 79-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը:

Անցյալ դարի 50-70-ական թվականներին հայկական օպերային արվեստն ունեցավ բազմաթիվ տաղանդաշատ երգիչների աստղաբույլ, որոնց թվում փայլեց նաև Վահան Միրաքյանի աստղը: Նրա մարմնավորած յուրաքանչյուր նոր դերերգ դառնում էր երաժշտագետների ու թատերագետների, ինչպես նաև օպերային արվեստի երկրպագուների հիացմունքի ու գնահատանքի առիթ:

Լենսկի /Պ.Չայկովսկի «Եվգենի Օնեգին»/, Հերցոգ /Ջ.Վերդի «Ռիգոլետո»/, Ալֆրեդ /Ջ.Վերդի  «Տրավիատա»/, Սարո /Ա.Տիգրանյան «Անուշ»/, Սայաթ-Նովա /Ալ.Հարությունյան «Սայաթ-Նովա»/, Էդգար /Գ.Դոնիցետտի «Լուչիա դի Լամերմուր»/, Խոսե /Ջ.Բիզե «Կարմեն»/, Ռուդոլֆ /Ջ.Պուչչինի «Բոհեմ»/, Պոլիոն /Վ.Բելլինի «Նորմա»/.ահա Վահան Միրաքյան արվեստագետի  մարմնավորած դերերգերի ոչ լրիվ ցանկը:

Նրա համբավը շատ արագ դուրս եկավ Հայաստանի սահմաններից, նշանավոր տենորը շրջագայեց բազմաթիվ երկրներում` գրանցելով մեծագույն հաջողություններ` տարածելով հայ վոկալ արվեստի փառքը Խորհրդային Միության, եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ամերիկայում:

Բարձր են գնահատվել Վ.Միրաքյանի ծառայությունները հայկական երաժշտաթատերական արվեստի բնագավառում: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների, 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում:

1980-ականներից սկսած Վ.Միրաքյանն իր բեղմնավոր գործունեությունը շարունակեց Վիեննայում, ապա` ԱՄՆ-ում, որտեղ և կնքեց իր մահկանացուն:

Վստահ ենք, որ տաղանդաշատ արտիստի հիշատակը մշտապես վառ կպահեն օպերային արվեստի երկրպագուները:

Վահան Միրաքյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ս. թ. մայիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արվեստի մեծ երախտավորի ենք կորցրել…ցավակցում եմ բոլորիս և նրա հարազատներին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031