Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը շրջանցեց զոհվածի մասին հարցը

Մայիս 26,2014 17:59

«Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել, գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադարձ կատարելով կպել զինվորի ձեռքին, թեթև վիրավորվածություն»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով այսօր սահմանին տեղի ունեցած հերթական միջադեպին, որի հետևանքով հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել։
Լրագրողներից մեկը հավելեց, որ այդ միջադեպի հետեւանքով նաեւ զոհ է եղել: Նախարարը շրջանցեց հարցը: Մինչդեռ, ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է արդեն տարածել զոհի մասին:

«Ընդհանուր առմամբ պետք է մենք հասկանաք, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն՝ լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ, նրա հետ անմիջական շփման մեջ գտնվելով, պարբերաբար լարված իրավիճակ լինում է»,- ասաց նախարարը`պատասխանելով հարցին` կարելի՞ է ասել, որ սահմանին լարված իրավիճակ է, քանի որ մի քանի օր առաջ էլ ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն գործողություններ էին իրականացվել: Սեյրան Օհանյանն ասաց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հատվածում փորձ է եղել դիվերսիոն գործողություն իրականացնելու, բայց մեր դիրքապահները կանխել են. «Խիստ կերպով պատժել են հակառակորդին, հակառակորդն ունեցել է կորուստներ և վիրավորներ ու հետ է շպրտվել»։
Լրագրողներից մեկը նախարարին հարցրեց`հնարավո՞ր է, որ նման հաճախակի միջադեպերը հետևանք են նրան, որ Ադրբեջանն իր սպառազինությամբ առավելություն ունի ՀՀ-ի նկատմամբ: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Անկասկած հասկանալի է, որ Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, այն մեր կողմից վերահսկվում է։ Սպառազինությունը հակառակորդի կողմից պարբերաբար գնվում, թարմացվում է, բայց մենք պետք է հասկանանք, որ բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով։ Այդ սպառազինությունը պետք է նախ և առաջ յուրացնել, պահել, շահագործել, և նաև պետք են մարդիկ, որ կարող են պատշաճ կերպով այն սարքին պահել և նաև շահագործել։ Այդ առումով Պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ Պաշտպանության բանակը ուժերի հավասարակշռությունը առանց որևիցե երրորդ ուժի պահպանում են և ինքներդ եք դա տեսնում՝ մեր զինծառայողների որակական պատրաստվածության և մարտական ոգու հաշվին»։

Հարցին`ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ-ի կողմից հերթական զենքի, մասնավորապես՝ տանկերի վաճառքը Ադրբեջանին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ։ Մենք այսօր, իհարկե, հասկանում ենք , որ ՌԴ-ն լինելով մեզ համար որպես ռազմավարական գործընկեր՝ անկասկած առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական խնդիրներին։ Բայց միևնույն ժամանակ նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու: Որպես ռազմական գերատեսչության ղեկավար ես դա լավ աչքերով նայել չեմ կարող, բայց համենայն դեպս, տվյալ դեպքում, իրավունք էլ չունեմ արգելել»։

Նախարարը վստահեցրեց, որ հայկական կողմն այդ ամենը վերահսկում է: Ավելին, հայկական կողմն ունի բարձր մակարդակի ռազմական և ռազմատեխնիկական համալրվածություն եւ շփման գծում, սահմանների վրա հավասարակշռության պահպանումը ՀՀ զինված ուժերի պատրաստակամության շնորհիվ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031