Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ռեժիսորի ֆիլմը կրքեր է բորբոքել

Մայիս 30,2014 14:00

Կինոքննադատ ՐաֆՖի Մովսիսյանը ռեժիսոր Նուրի Բիլգե
Ջեյլանին ժամանակի ամենավառ ռեժիսորներից մեկն է համարում

67-րդ անգամ կայացած Կաննի միջազգային կինոփառատոնի այս տարվա գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», բաժին ընկավ թուրք ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, լուսանկարիչ Նուրի Բիլգե Ջեյլանին (լուսանկարում)՝ «Ձմեռային քուն» ֆիլմի համար: Այս ֆիլմում հնչում է Շուբերտի երաժշտությունը: Նրա աշխատանքները միշտ էլ ուշադրության են արժանանում այս փառատոնում, ինչպես, օրինակ, 2006-ին՝ «Տարվա եղանակները», 2008-ին՝ «Երեք կապիկը», 2010-ին՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմերը: Նուրի Բիլգե Ջեյլանը 2011-ին նաեւ «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմով: Թուրք ռեժիսորը ջերմ ընդունելություն է գտել Երեւանում: Նա, ի տարբերություն շատ ռեժիսորների՝ իր բոլոր ֆիլմերը նկարել է փոքր բյուջեով, բայց գրանցել մեծ հաջողություն՝ ամեն անգամ ապացուցելով, որ գումարը չէ ֆիլմի հաջողության գրավականը: Թուրք ռեժիսորի հերթական հաղթանակը հեղինակավոր փառատոնում իրարանցում է առաջացրել, այդ թվում նաեւ՝ «ֆեյսբուքահայ» համայնքի շրջանում, արվում են գրառումներ՝ «երբ մենք կինո էինք նկարահանում, թուրքերը դեռ ծառերի վրա էին» ոճով:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ լուրջ չի վերաբերվում նման գրառումներին:

«Իմ կարծիքով, Նուրի Բիլգե Ջեյլանը այսօրվա ամենավառ կինոռեժիսորներից մեկն է, որը մի շարք հեղինակավոր փառատոներում մրցանակներ ստացած ֆիլմեր ունի: Մեզ համար պատիվ էր 2011-ին նրան Հայաստանում հյուրընկալելը: Մարդիկ, որոնք գնահատում են ժամանակակից կինոն, ժամանակակից կինոյում դասական դարձած արժեքները, բնականաբար հարգանքով են վերաբերվում Նուրի Բիլգե Ջեյլանին: Մենք «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրեցինք թուրք ռեժիսորի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը, որի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, այժմ էլ պատրաստվում ենք, բանակցում այս տարի Հայաստան բերել նաեւ այն ֆիլմը, որը Կաննի միջազգային փառատոնում «Ոսկե արմավենի» է ստացել: Շատ եմ կարդացել քննադատական հոդվածներ «Ձմեռային քուն» ֆիլմի հետ կապված. ասում են, որ խնդրահարույց ֆիլմ է, բայց, ցավոք, դեռ չեմ հասցրել նայել: Այն առայժմ չկա համացանցում, եւ Կաննում համաշխարհային պրեմիերան էր: Հուսամ՝ առաջիկայում ֆիլմը հասու կլինի հայ կինոսիրողին եւ կկարողանանք մեր դիրքորոշումը հայտնել դրա վերաբերյալ: Ամեն դեպքում անհնար է, որ Նուրի Բիլգե Ջեյլանը վատ կինո նկարած լինի: Քննարկումները պետք է լինեն ֆիլմի շուրջ եւ միայն կինոյի տարածքում, այլ ոչ թե մարդու ազգային պատկանելության վերաբերյալ: Պարզ, պրիմիտիվ դասակարգումներով չի կարող ֆիլմը գնահատվել»,- համոզված է Րաֆֆի Մովսիսյանը: Հավելենք, որ «Ձմեռային քուն» ֆիլմի մասին հնչել են քննադատական տեսակետներ, թե դա հեղինակի վատագույն ֆիլմն է, չնայած արժանացել է Կաննի խստապահանջ ժյուրիի բարձրագույն գնահատականին, ոմանք Նուրի Բիլգե Ջեյլանին «մեղադրել» են ռեժիսորական նարցիցիզմի մեջ, կարծիք հայտնել, թե հաղթած ֆիլմը ավելի թույլ է, քան «Մի անգամ Անատոլիայում»-ը: Ռեժիսորի մասին հիացական տեսակետներ էլ կան. նա իր ամեն ֆիլմով յուրատեսակ հարգանքի տուրք է մատուցում Անտոն Չեխովին, ասես մանրադիտակի տակ զննում «փոքր մարդուն», որը օտարացած է հայրենիքից, հասարակությունից, բոլորից: Ջեյլանը իր ուսուցիչներն է համարում Անդրեյ Տարկովսկուն, Միքելանջելո Անտոնիոնիին, Ռոբերտ Բրեսոնին, Ինգմար Բերգմանին: Նրա ֆիլմերում կինոքննադատները նշմարում են արքայական ծաղրածուին բնորոշ ինքնածաղրանք, որն ավելի շատ ուրիշին է ուղղված, քան իրեն: Ջեյլանական ֆիլմերը ինքնակենսագրական «աստառ» ունեն:

Մեր դիտարկմանը, որ բոլոր, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնը ինչ-որ առումով քաղաքականացված է, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկացած կինոփառատոն իր մեջ ունի քաղաքականություն, սակայն մեծ կինոփառատոների գլխավոր քաղաքականությունը կինոն է: Մեծ փառատոները համաշխարհային կինոյի քաղաքականության էտալոն են, փոքր փառատոներն էլ հետեւում են նրանց քայլերին: Հեղինակավոր փառատոները բացահայտում են ճանապարհներ, տալիս են կինոյի մասին նոր պատկերացումներ: Կաննի, Վենետիկի, Տորոնտոյի փառատոները համաշխարհային կինոյի քաղաքականությունը ստեղծող փառատոներ են, բայց նաեւ դրանք չեն կարող չազդվել իրականությունից, համաշխարհային քաղաքականությունից, միջազգային գործընթացներից: Ամեն դեպքում չարժի թուրք ռեժիսորին հեղինակավոր մրցանակ տալը կապել, օրինակ, Հայաստանի կամ ցեղասպանության հարյուրամյակի հետ; Նման գնահատականները մշակութային ցանկացած իրադարձությունից անտեղյակ մարդկանց գնահատականներ են»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Լավ է, որ ջահել կինոքննադատը պաշտպանության տակ է առնում հիրավի տաղանդավոր կինոբեմադրիչին: Բայց ինչպե՞ս կարելի է ի ցույց դնել սեփական դիլետանտիզմն ու դաս տալ մյուսներին, երբ ֆիլմը չես դիտել… Ջեյլանին չի կարող վատ ֆիլմ նկարել… Սա ուղղակի ծիծաղելի է: Մեծերի մեծությունն այն բանի մեջ է, որ նրանք նաև տապալվում են… Ռոդենի հանճարը նաև նրա փշուր եղած քարակտորների մեջ էր… Ինչևէ, ցանկալի կլիներ, որ խիստ հավակնոտ երիտասարդը, որի կինոգրագիտությունը դեռևս միջին մակարդակից չի անցել, իսկ հավակնություններն անսահման են, ինչի ապացույցներն են նրա մի շարք ,,կինքննադատական,, հոդվածներ՝ գավառական լեզվամտածողությամբ, ,,շուստրիությամբ,,, գեղարվեստական արժեքներիշխտումներով՝ վասն ինքնատիպության՝ դիտած լիներ չեխովի երեք նովելի հիման վրա ստեղծված ֆիլմը: Ես էլ չեմ դիտել, կարդացել եմ գրախոսականներ՝ դրական ու բացասական: Ինքս դեռ գնահատական չեմ հնչեցնում: Պարզապես ասում եմ՝ կարող էր նաև վատ ֆիլմ լինել: Ողբերգություն չէ: Մեծն Մհեր Մկրտչյանի Սիրանո դը Բերժերակը բացահայտ տապալում էր, բայց դրանից Մհեր Մկրտչյանն ապաշնորհ չդարձավ…

  2. Լևոն Մութաֆյան says:

    Տառասխալներիս համար ներողություն եմ խնդրում, հատկապես Չեխովի…

  3. ՀԱՅՈՒՀԻ says:

    Էլի էս ամենագետ Լևոն Մութաֆյանը……………..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031