Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը հրաժարականներ չի պահանջում

Հունիս 12,2014 14:58

«Զիջողը կամ տվողը Սուքիաս Ավետիսյանը չի, մեր առաջարկներն էլ, վստահաբար, Սուքիաս Ավետիսյանին ուղղված չեն». Նաիրա Զոհրաբյան

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», վերջապես հրապարակեց 12 կետից բաղկացած պահանջները` ուղղված գործող իշխանություններին: Սա նաեւ քառյակի նոր միասնական օրակարգն է: 12 պահանջներում արմատական կոչեր` դուրս գալ ապստամբության, նախագահին գահընկեց անել, վարչապետի կամ ԱԺ նախագահի հրաժարականը պահանջել, չկան: Պահանջները վերաբերում են պարտադիր կուտակայինին, «կարմիր գծերին», «Որոտան» ՀԷԿ-երի կասկադի վաճառքի ձեւին, «Նաիրիտի» վերագործարկմանը, գյուղատնտեսության զարգացմանը, մենաշնորհները վերացնելու մասին օրենքների փաթեթին, ընդդիմությանը վերահսկողական լիազորություններ տալուն, ԼՂ հարցին: Պահանջների բովանդակության մանրամասներին եւ քառյակի ներկայացուցիչների մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ www.aravot.am կայքում:

Suqias-avetisyan

«Առավոտը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց` ՀՀԿ-ական մեծամասնությանը ոգեւորե՞լ է այն, որ ընդդիմադիրներն արմատական կոչեր չեն հնչեցնում, հրաժարականներ չեն պահանջում:

– Ասել, թե մենք ինչ-որ ձեւով անհանգստացած ենք եղել ժամանակին իրենց հնչեցրած արմատական կոչերից կամ ինչ-որ ուլտիմատումներով խոսելուց, այդպես չէ: Կարծում եմ՝ իրենք հոգնեցին այդ ոճով խոսելուց: Հիմա առանց ուլտիմատումների եւ պահանջագրերի ներկայացրել են 12 կետ:

– Ուլտիմատում կա: Կառավարությանը մինչեւ սեպտեմբերի վերջն է ժամկետ տրված այս պահանջներն իրականացնելու համար: Աշնանը նախատեսվում է համատեղ հանրահավաք, որտեղ էլ կամփոփվեն պահանջների կատարման արդյունքները ու կորոշվեն հետագա քայլերը:

– Դա էլ ինձ համար անընդունելի է: Դրան հակառակ՝ ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է եղեկ կառուցողական դաշտում քննարկել առկա խնդիրները, որոնք ոչ միայն ընդդիմությունն է տեսնում: Մենք ավելի լավ ենք ուսումնասիրել եւ ավելի լավ ենք պատկերացնում:

– Իսկ կոնկրետ 12 կետերի մասին ի՞նչ կասեք:

– Կետեր կան, որոնց շուրջ իշխանությունը վաղուց մտածում է, փորձում է այդ խնդիրները լուծելու ճանապարհները գտնել: Մասնավորապես, գյուղատնտեսության հիմնախնդիրները: Դրանք մեզ համար տնտեսության հիմնաքար են: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ արտադրության ճյուղերում շատ արագ զարգացում ապահովելու հնարավորություն չունենք, շինարարական ոլորտի զարգացումը մեծ փողեր եւ երկար ժամանակ են պահանջում: Գյուղատնտեսության մեջ մենք պետք է լուրջ ներդրումներ անենք եւ ճիշտ լուծումներ գտնենք` հնարավորություն ստեղծելով եւ գյուղատնտեսության զարգացման, եւ գյուղի աշխուժացման, եւ տնտեսության զարգացման, եւ գյուղում սոցիալական իրավիճակի փոփոխության համար: Բոլորս էլ այս առիթով եւ մտահոգություններ ունենք, եւ լուծումներ: Աշնանը կփորձենք վերջնական լուծումները գտնել:

«Կարմիր գծերին», տեսա եւ լուսանկարահանող սարքերին վերաբերող պահանջի մասով միանշանակ մոտեցում չկա: Քննարկումներ եղել են, մեր կողմից էլ են մտահոգություններ հնչել: Դրանցից մեկն էլ, եթե չեմ սխալվում, արդարադատության նախարարության եւ ոստիկանության կողմից արդեն իրականացվում է, տուգանքների առավելագույն չափերի վերանայումն է: Մենք էլ ենք ընդունում, որ շահույթի գերակշիռ մասը պետք է նպատակաուղղվի պետբյուջե, ոչ թե իրավաբանական անձանց հարստացնենք պետական բյուջեի եւ մեր վարորդների հաշվին:

– Կա՞ն կետեր, որոնք սկզբունքորեն անընդունելի են:

– Ինձ համար սկզբունքորեն ընդունելի չէ, երբ իրենք ասում են՝ գործող տրանսպորտային համակարգում բացառել ուղեւորափոխադրումների գնի բարձրացումը: Եվ մարզերում, եւ Երեւանում ես վերլուծություն եմ կատարել. եթե մենք չենք բարձրացնում ուղեվարձը, ապա վաղը-մյուս օրը մենք ուղեւորափոխադրումներ իրականացնելու լուրջ խնդիր կունենանք:

– Այսինքն՝ ավտոպարկը լավ վիճակում չէ՞, հնարավոր չէ՞ այլեւս շահագործել:

– Նաեւ: Մարզերում այսօր ուղեւորափոխադրումների մրցույթներին չեն մասնակցում այն կառույցները, որոնք ունեն ավտոպարկեր, որովհետեւ ճանապարհներ չկան, ժողովրդի հոսքը պակասել է: Այսինքն՝ եկամտաբերությունը զրո է դարձել: Մարզերում որեւիցե շահույթի մասին անիմաստ է խոսել: Շատ գյուղական բնակավայրեր միմյանց կամ մարզկենտրոնի հետ կապելն այսօր խնդիր է դարձել:

– Այդ խնդիրը պետք է լուծել աղքատ գյուղացու հաշվի՞ն: Պետությունը թող մտածի սուբսիդավորման մասին:

– Դրա համար էլ ասում եմ` այս կետն այս ձեւով ընդունելի չէ: Այլ հարց, եթե իրենք ասեն, որ պետք է ճանապարհներ գտնել խնդրին լուծում տալու համար: Բայց ուղեվարձի բարձրացումը բացառելն ինձ համար ընդունելի չէ: Անընդունելի է նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը: Ես բազմիցս եմ այդ մասին խոսել. որեւէ մեկը չի կարող ինձ համոզել 100 տոկոս համամասնականի առավելությունները: Եվ մեծամասնականը, եւ համամասնականն ունեն թե առավելություններ, թե թերություններ, որոնք մենք գործնականում էլ ենք տեսել: Այսօր մեզ համար, կարծում եմ խառը համակարգը նորմալ է:

– Իսկ ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տալուն համամի՞տ եք:

– Այս մասին էլ է շատ խոսվել: Ես երբեւիցե չեմ բացառում ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տալը, բայց ընդդիմությունը մինչ օրս իր պահվածքով, կներեք, թույլ չի տվել իր նկատմամբ վստահություն ունենալ եւ տալ վերահսկողական ֆունկցիաներ: Իբրեւ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ՝ հարցնում եմ. ինչի՞ չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին: Դա էլ է վերահսկողական ֆունկցիա. ճիշտ է, փոքր ֆունկցիա է, ընդամենը ձայներն են վերահսկելու, բայց թող մասնակցեն, որ թերթերն էլ չգրեն` այս ընտրությունն այսպես անցավ, մյուսն` այնպես, մենք էլ տեսնենք, որ իրենք ազնիվ են, մտածենք մի ֆունկցիա ավելացնելու մասին: (Հիշեցնենք, ընդդիմությունը բոյկոտեց հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները անցյալ տարվա դեկտեմբերից՝ գազային պայմանագրերի քվեարկության արդյունքներն իշխանության կողմից կեղծվելուց հետո-Ն. Գ.)

– Այս 12 կետերով ընդդիմությունը, փաստորեն, կառուցողական դաշտ է մտնում. դա վստահություն չի՞ ներշնչում:

– Եթե այդ կետերի տակ իրենք ունեն որոշակի հաշվարկներ, ոչ բոլորի, իհարկե, կան կետեր, որոնց շուրջ չեն կարող հաշվարկներ ունենալ, իշխանությունը` ՀՀԿ-ական մեծամասնությունը, այս կետերի շուրջ պատրաստ է կառուցողական դաշտում քննարկել, համոզել, համոզվել եւ որոշ կետերի շուրջ գալ ընդհանուր հայտարարի:
Կետեր կան, որոնց շուրջ արդեն աշխատում ենք:

– Իսկ այն կետերը, որոնք սկզբունքորեն ընդունելի են, մինչեւ սեպտեմբերի վերջը հնարավո՞ր է իրագործել:

– Ոչ ոք կախարդական փայտիկ չունի: Իրենք ներկայացրել են գլոբալ հարցեր: Գյուղատնտեսության զարգացումը, շրջանառության հարկը, «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը… լուրջ հաշվարկների խնդիր են: Ասենք, մի ծրագիր հաստատեցինք, բայց եթե այն ֆինանսական եւ տնտեսական հիմնավորում չունեցավ, ի՞նչ է դա տալու:

– Գուցե ընդդիմությունն ունի այդ հաշվարկները:

– Եթե հաշվարկներն ունեն եւ ֆինանսների տեղն էլ գիտեն, քավ լիցի, նույնիսկ կառավարությունը կարող է ասել` «Նաիրիտը» տամ ձեզ, աշխատավարձերն էլ վճարեք, վերագործարկեք էլ, արտադրանք էլ տվեք, վաճառեք էլ: Ի՞նչ է պատահել:

– Զիջումների պատրա՞ստ եք:

– Ինքս համաձայն եմ: Ո՞վ չի համաձայնվի, որ «Նաիրիտի» պես հսկայի համար գտնվեն մարդիկ, միջոցներ, վերագործարկվի, հազարավոր մարդիկ աշխատեն, աշխատավարձ ստանան, տնտեսության մեջ ներդրում լինի, բյուջե լցվի:

Ի դեպ, շատ հարցեր առնչվում են սահմանադրական բարեփոխումներին: Եկեք սահմանադրական այս քննարկումների արդյունքում հստակեցնենք եւ սահմանադրորեն ամրագրումներ անենք: Մենք կողմ ենք նաեւ «հակամենաշնորհայինի» փաթեթին: Եթե իշխանությունը չցանկանար այդ խնդրի մասին խոսել` չէր ստեղծվի տնտեսական մրցակցության հանձնաժողովը, նրան լիազորություններ չէին տրվի: Տնտեսության զարգացման հիմնաքարերից մեկը հակամենաշնորհային ճիշտ քաղաքականություն տանելն է:

Naira Zohrabyan

«Առավոտը» քառյակը ներկայացնող ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` ընդդիմությունն ունի՞ իր ներկայացրած կետերի համար տնտեսական հաշվարկ-հիմնավորումներ:

Միանշանակ կան: Մենք չենք անում հայտարարություն` հայտարարության համար: Յուրաքանչյուր առաջարկված դրույթի տակ հստակ տնտեսագիտական հաշվարկներ կան: Եթե իշխանությունը խնդիր կունենա` այդ հաշվարկներն իրենց ներկայացնելու կամ որոշակի դրույթների հետ պրոբլեմ կունենա, մեր տնտեսագետները պատրաստ են իրենց ներկայացնել հստակ հաշվարկված տնտեսագիտական ողջ տեղեկանքը:

– ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ինքը զիջումներին դեմ չէ եւ կարծում է, որ իշխանությունն, ասենք, դեմ չի լինի «Նաիրիտի» վերագործարկումը վստահել ընդդիմությանը, եթե վերջիններս ունեն համապատասխան ծրագիր եւ ֆինանսներ:

– Ողջ կյանքում իրենք առաջնորդվել են` կզիջեմ-չեմ զիջի, կտամ-չեմ տա տրամաբանությամբ: Զիջողը կամ տվողը Սուքիաս Ավետիսյանը չի, մեր առաջարկներն էլ, վստահաբար, Սուքիաս Ավետիսյանին ուղղված չեն: Մենք հստակ հասցեատիրոջից ենք ակնկալում մեր պահանջների կատարումը:

– Վարչապե՞տ, նախագա՞հ…

– Հայտարարության մեջ հստակ նշված է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30