Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու քաղաքական ուժ չես, դու մանկլավիկ ես, ԿԳԲ-ի մասնաճյուղ ես»

Հունիս 16,2014 14:50

Պարույր Հայրիկյանը՝ քառյակին

«Երբ Հայաստանը կանգնած է ԵՄ-ի ճանապարհով գնալու կամ Մաքսային միություն, Եվրասիական միություն մտնելու ճանապարհին, ու այդ քաղաքական ուժերը հավաքվում են՝ իրենց օրակարգում այդ հարցը չկա, նրանք պարզապես քաղաքական ուժեր չեն: Ես սա ասում եմ՝ որպես Հայաստանում քաղաքական բազմակուսակցականության հիմնադիր առաջամարտիկ: Իրենց այս դրսեւորումը եւս մեկ անգամ ապացուցում է իմ ճշմարտացիությունը, որ հայաստանյան բոլոր կուսակցությունները ԿԳԲ-ի, թե ՖՍԲ-ի մասնաճյուղեր են, ԿԳԲ-ի նախկին գործակալական ցանցի ժառանգների գրպանում են»,- քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած առաջարկներն այսպես գնահատեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա վստահեցրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում ամենակարեւոր հարցն այն է, որ Հայաստանը պիտի վերջնականապես կողմնորոշվի Եվրասիական միություն մտնելու հարցում: Ըստ պարոն Հայրիկյանի՝ քառյակը հիմա «տղամարդկություն» է խաղում. «Այդպես ժամանակ են շահում, հասցնում են մինչեւ աշուն: Ամեն ինչ այնքան լավ է, որ իրենք կարող են ժամանակ տալ, հա՞, այդքան: Բայց այդ ընթացքում ամենակարեւոր հարցը մեր ժողովրդի համար 91-ի անկախության հանրաքվեից հետո Եվրասիական միություն մտնել-չմտնելն է, ինչը որ արդեն հանգուցալուծում է ստանում՝ պատմական այս փուլի համար»:

Մեր դիտարկմանը, որ քառյակի 12-րդ կետում ասվում է՝ չստորագրել որեւէ համաձայնագիր, որով կփոխվի Արցախի եւ Հայաստանի միջեւ ներկա հարաբերությունները, այդ թվում եւ տնտեսական միասնական համակարգը: Սա Եվրասիական միության անդամակցությանն առնչվող կետերից մեկն է՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Դա շատ անորոշ է: Մոտավորապես նման է նրան, երբ Վանոն «Ղարաբաղ» կոմիտեին ասում էր՝ եռագույնը մի պարզեք, դա կվնասի Արցախի հարցին, այսինքն՝ հայկական հարցը՝ հեչ, կարեւորը Ղարաբաղն է: Արցախը չի Հայկական հարցի առանցքը, Արցախը հայկական հարցի մի մասն է, եթե պատմականորեն ենք վերցնում: Հայաստանի ընդհանուր ռազմավարության մի մասն է Արցախը, ոչ թե Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ Արցախի կցորդը: Այսինքն՝ եթե բացթողում անեն այդ հարցում, անտեսեն, ըստ քառյակի, ամեն ինչ լավ է, հա՞, 3 բռնապետերի դաշինքը լավն է, հա՞»:

Մեր դիտարկմանը, որ «Նաիրիտի» վերագործարկման, «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքի հետ կապված, ուղեվարձի չթանկացման հետ կապված պահանջներ կան, եթե այդ ամեն ինչն իրագործվի, լավ չի՞ լինի՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, այդ բոլոր հարցերը ընթացիկ հարցեր են: Կուսակցություն նշանակում է՝ ազգային քաղաքական կազմակերպություն՝ ազգային ռազմավարական կարեւորության հարցերի ճիշտ ընկալումով: Եթե մարդը հաց է ուտում, այդ պահին չի հասցնում շնչել, կողքից մեկը պայքարում է, ասում է՝ թույլ տվեք, որ այդ մարդը հաց ուտի, ջուր խմի, ընդ որում՝ այդ մարդու շնչելն են արգելում՝ սա ծիծաղելի չէ՞: Ես պայմանական օրինակ եմ բերում: Ազատ ու անկախ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, մերձենում է Եվրոպական միությանը, մենք դրանից հիմա շեղվել ենք: Եթե դա չէ իրենց համար կարեւոր խնդիրը, ուրեմն դու քաղաքական ուժ չես, դու մանկլավիկ ես, որ կարող է տարբեր տեսակի հարցեր բարձրացնել, ԿԳԲ-ի մասնաճյուղ ես»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Պարույր ջան, երբ որ Դուք մի օր դառնաք Նախագահ(!), կանեք էնպես,ոնց երազում եք, իսկ առայժմ Ձեր համախոհներ@ 20 -ից չեն անցնում: Ցավակցում եմ:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լրիվությամբ համաձայն եմ Պ.Հայրիկյանի ասածներին:

  3. Կարեն says:

    Ինչպես կասեր պոետը “քո գնացքը արդեն մեկնել է՛ դու ուշացել ես նրանից” Ես ցավում եմ որ Պ. Հայրիկյանը որպես քաղաքական գործիչ այլևս լուրջ չի ընդունվում: Դրա մեղավորը միայն ինքն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30