Լրահոս
Օրվա լրահոսը

Պնևմակոկային պատվաստումները կկանխեն մանրէային թոքաբորբերն ու մենինգիտները

Հունիս 16,2014 16:07

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, որի արդյունավետության մասին վկայում է աշխարհի փորձը։

Պնևմակոկային հիվանդությունների համաճարակաբանության և պատվաստումների վերաբերյալ անցած շաբաթ տեղի ունեցավ ազգային խորհրդակցություն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի նախագահությամբ։ Մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներ, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Նորվեգիայի փորձագետներ:

Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը /Streptococcus pneumonia/ : Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ Ակնկալում ենք, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը։ Դրանով իսկ կվերահսկենք մանկական մահացությունը։

Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի փորձագետ Մարիաննե Բերգսակերը ներկայացրեց, որ իրենց երկրում մինչև յոթավալենտ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող պնևմակոկի 7 շճատիպերը (4, 6B, 9V, 14, 18C, 19F и 23F) վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ պնևմակոկային հիվանդությունների պատճառն էին: 2006 թվականին պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո՝ 7 տարվա կտրվածքով, մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով՝ մինչ ներդրումային (2004-2006թթ.) ցուցանիշների համեմատությամբ: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասսիվ շրջանառության հետ և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Ամփոփելով խորհրդակցությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագիրը եվրոպական տտարածաշրջանում ամենահաջողվածներից է, և բոլորի խնդիրն է չբավարարվել ձեռքբերումներով ու ձգտել ավելի մեծ նվաճումների։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30