Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բունդեստագի նախագահին

Հունիս 16,2014 21:02

Հունիսի 16-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամերթին։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Նորբերթ Լամերթը նշեց, որ ջերմությամբ է հիշում երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցելությունը և Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու ընդգծեց, որ հայ-գերմանական համագործակցությունը քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական և մշակութային բնագավառներում գնալով ընդլայնվում են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում լուրջ ներդրում ունի փոխգործակցության խորհրդարանական ձևաչափը, որի շրջանակներում ակտիվ շփումներ են իրականացվում։ «Հենց այս օրերին՝ իմ այցելությանը զուգահեռ, Հայաստանում են գտնվում Բունդեստագի տարբեր հանձնաժողովներ ներկայացնող պատգամավորներ, ինչը վկայում է խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցության մասին»,- շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։ 
Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցությունը։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց և շնորհակալություն հայտնեց Բունդեստագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակային ծրագրում Հայաստանի ներկայացուցիչներին ներգրավելու համար։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող փոխգործակցության վերաբերյալ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրոպական միությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատեցին իրենց հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Ողջունելով Եվրամիության հետ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը` Բունդեստագի ղեկավարը նշեց, որ նպատակահարմար է մշակել փոխգործակցության այնպիսի ձևաչափ, որը հաշվի կառնի այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի պարտավորությունները։ 
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի կազմում հայ-գերմանական համագործակցության կապակցությամբ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30