Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվիստները մակերեսային են ընկալում հուշարձան հասկացությունը». ճարտարապետ

Հունիս 27,2014 18:15

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մտահոգված է ճարտարապետական հուշարձանների վերացմամբ. «Մինչև 2005 թվականը քաղաքում 12-14 հուշարձան է ապամոնտաժվել, իսկ դրանք վերականգնելու մասին խոսք անգամ չկար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետը և հավելեց, որ Երևանի քաղաքապետարանին ինքն է առաջարկել «Հին Երևան» նախագիծը, ըստ որի՝ այն պետք է ձգվի «Սիլ պլազայից» մինչև Կողբացի փողոց: Այդտեղ նախատեսվում է վերականգնել մոտավորապես 14 շինություն, իսկ ընդհանուր առմամբ՝ «Հին Երևան» նախագծում պետք է լինի մոտ 36 շենք:

«Թեև տարիներ առաջ նախագիծն ընդունվեց, այդ ուղղությամբ որոշակի գործընթացներ սկսվեցին, բայց մի կողմից իրար հետևից փոխված քաղաքապետներն «սկսեցին գնդակը նորից գլորել», մյուս կողմից էլ վրա հասած ճգնաժամը խանգարեց»,- ասում է Լ. Վարդանյանը:

Հիմա էլ, նրա խոսքով, այս գործընթացին խանգարող միակ հանգամանքն իր կոլեգաների և համաքաղաքացիների «բացասական պայքարն» է, որ 2005 թվականից մինչ օրս գնում է:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն առաջարկեց իր ճարտարապետ ընկերոջը հասկանալ նաև ժողովրդի վրդովմունքը. «Մինչ օրս ինչ քանդվել է, չի կառուցվել, և ժողովուրդը կոտրված է,- ասում է քանդակագործը,- քանդելը տգիտություն է: Սա նման է նրան, որ ծնողն իր երեխայից գոհ չլինի, սպանի նրան՝ հույսով, որ երկրորդն ավելի լավը կլինի, իսկ երկրորդ երեխան «ուռոդ» ծնվի»:

Լրագրողների դիտարկմանը, թե նախկինում ապամոնտաժված շենքերից որևէ մեկը չի վերականգնվել, ճարտարապետը պատասխանեց, որ առաջին անգամ է այսքան պրոֆեսիոնալ ձևով ապամոնտաժում կատարվում, ու  հիմա խանգարում են. «Ամեն ինչ հնարավոր է, եթե միայն չխանգարեն,- ասում է նա,- ես ակտիվիստներին մի քանի անգամ հրավիրել եմ իմ արվեստանոց, որ ծանոթացնեմ նախագծին, բայց մի քանիսը միայն եկան, որոնք չցանկացան էլ որևէ բան լսել կամ տեսնել, միայն փորձեցին ինձ «դաս տալ» ու գնալ»:

Ֆ. Առաքելյանը, սակայն, չհամաձայնեց Լ. Վարդանյանի հետ՝ ասելով, որ հնարավոր է լեզու գտնել ակտիվիստների հետ. «Դու ավելի շուտ խոսիր քո մասնագետ ընկերների հետ: Ձեր մեջ նախանձն իրեն է ուտում: Նրանք դեմ են քո նախագծին կամ էլ հույս չունեն, որ կիրագործվի»,- ասաց քանդակագործը:

Լ. Վարդանյանն էլ ի պատասխան ասաց, որ չի հավատում այսօրվա ակտիվիստների ազնվությանը. «Ժամանակին մենք էլ ենք ակցիաներ, մոմավառություններ արել: Իսկ նրանք գալիս են, ջարդուփշուր են անում ամեն ինչ, աղմուկ բարձրացնում՝ չմտածելով, որ այդ տարածքներում երեխաներ ու հիվանդ տարեցներ են նաև ապրում: Եթե հուշարձան պահպանողը պայքարի այդպիսի ձևի է դիմում, ուրեմն՝ նա մակերեսային է ընկալում հուշարձան հասկացությունը»,- կարծում է ճարտարապետը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30