Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյանը՝ Տիգրան Սարգսյանի պես չհարստանալու մասին. «Ամեն մարդու բախտն իր հետ է»

Հուլիս 03,2014 17:48

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ եթե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իսկապես որեւէ առնչություն չունի օֆշորային հայտնի պատմության հետ, ինչո՞ւ պատկան մարմինները, ՀՀԿ-ն մինչ օրս չեն ներկայացրել հիմնավոր փաստեր հանրության առաջ եւ չեն մաքրել նրա անունը:

Նա պատասխանեց. «Դա վերաբերում է անձին՝ Տիգրան Սարգսյանին: Ինքը հայտարարություն արել է, ի՞նչ կարիք կա, որ ՀՀԿ-ի բոլոր անդամները կամ բոլոր քաղաքական գործիչները մեկ առ մեկ նույն հայտարարությունն անեն: Մարդը ասեց, իր անունն էր շոշափվել, ինքն ասեց, որ կապ չունի, ԱԺ-ում հստակ իր բացատրությունը տվեց՝ իր հայտարարությունով, էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Մեր դիտարկմանը, որ հայտարարությունով չէ, գոնե պատկան մարմինները կարո՞ղ են ապացուցված, փաստերով ներկայացնել, որպեսզի կասկած անգամ հասարակության մեջ չմնա՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Եթե դատախազությունում եւ ՀՔԾ-ում գործ կա հարուցված եւ Տիգրան Սարգսյանն այդ գործի մեջ չկա, ուրեմն էլ ինչի՞ անեն: Ի՞նչ խնդիր կա, որ անընդհատ խոսում են դրա մասին: Դրա իմաստը ո՞րն է: Դրա համար ես ասում եմ՝ դա ընդամենը քաղաքական պատվեր է՝ ժողովրդի մոտ իշխող կուսակցության նկատմամբ հերթական անգամ որոշակի կարծիք ձեւավորելու: Բայց ժողովուրդը շատ էլ լավ արդեն հասկանում է այդ կարծիք ձեւավորողներին էլ, կեղծ ընդդիմությանն էլ, կեղծ քաղաքական գործիչներին էլ: Կարծում եմ, արդեն մեր ժողովուրդն այնպես չի, որ ամեն ինչը շատ միանշանակ ընդունում է»:

Մեր հարցին՝ Տիգրան Սարգսյանի կենսագրությունը հանրության աչքի առաջ է եղել, բոլորը տեսել են, թե ինչպես է նա տարբեր պետական պաշտոններ զբաղեցրել եւ անձնական հարստություն կուտակել այդ ընթացքում: Ձեր կարծիքով, եթե աշխատավարձի հույսին մնար, բիզնեսներ չունենար, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված չլիներ, հնարավո՚՞ր էր այդքան հարստանալ, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ես դա վերլուծության չեմ ենթարկել: Ովքեր ենթարկել են, թող իրենց կարծիքն ասեն: Համենայնդեպս, գիտեմ, որ ինչքան քաղաքական դաշտում եղել է, Տիգրան Սարգսյանը միշտ եղել է պաշտոնների, երկար տարիներ եղել է ԿԲ նախագահ եւ այլն: Կարծում եմ, այդքան տարիներ աշխատելու դեպքում հնարավորություն կունենար նման կարողություն ունենար»:

Մեր հարցին՝ Դուք էլ եք երկար տարիներ պատգամավոր եղել՝ 1995-ից սկսած մինչ օրս, բա ինչո՞ւ այդքան չեք հարստացել՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Դե, ամեն մարդու բախտն իր հետ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031