Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե խղճի խայթի չափ ավելացրեք մեր աշխատավարձը»

Հուլիս 11,2014 14:25

Անասնաբույժի աշխատանքը դարձել է անպատիվ

Երեկ Շիրակի մարզի Արեւշատ համայնքում մինչ հատուկ պատրաստություն էին տեսնում՝ խաշլամա էին եփում ու մեծ սեղաններ գցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հյուրընկալելու համար, հարեւան գյուղի` Սպանդարյանի ու Գեղանիստի անասնաբույժները` Ցոլակ Ղազարյանն ու Համլետ Հովհաննիսյանը, երկու տարեց տղամարդ, բողոքում էին իրենց ողորմելի աշխատավարձից: «Մեր աշխատավարձը պայմանագրային է` վճարվում ենք անասնագլխաքանակի հաշվով, մոտավորապես 30-35 հազար դրամ, բավականին էլ բողոքեցինք վերանայման համար, բայց հնար չկա… Մի անեկդոտ կա` լենինականցուն հարցնում են` որտե՞ս ես աշխատում, պատասխանում է` դեպոյում, հարցնում են` ի՞նչ ես ստանում, ասում է` 1000-ից 700-ը պակաս, մենակ անունը 1000 լինի, ջհանդամ թե պակաս չէ, էնտեղ ի՞նչ է մնում` 300, չէ՞… »,- ասաց անասնաբույժներից մեկը: Նրանք բողոքում էին, որ այդ աշխատավարձը անգամ չի բավարարում, որ օճառ գնեն, իրենց կեղտոտ-հոտոտ հագուստները լվանան: Գործի բնույթով անասնաբույժի շորերը պարտադիր կեղտոտվում են: Նրանցից մեկն էլ, ներկայացնելով իրենց մասնագիտության` կյանքի համար խիստ վտանգավոր լինելը, ասաց. «Ամաչում եմ, թե չէ, եթե գուլպաներս հանեմ, կտեսնեք, որ ոտքերս ամբողջությամբ կապտած են. անասունը էնքան է տրորում, որ վնասներ է հասցնում, եղել են դեպքեր, երբ կոտոշով գլխներիս է խփել, կողքերիս էլ են խփել, վերջը՝ անասուն է, նույնիսկ սրսկման ժամանակ օգնող չկա, անասունին պահող չկա, մենք ենք մեր ուժերով ֆիքսում, որ օգնություն ցույց տանք: Ոչ գիշեր կա, ոչ ցերեկ, ոչ շաբաթ, ոչ կիրակի, ոչ հանգստյան օր, անսահմանափակ աշխատանք է: Անկախ քեզանից՝ պիտի գնաս, օգնես, հո չե՞ս թողնի, որ անասունը վատ վիճակում մնա: Մնաց 3 ամիս, որ 50 տարիս լրանա անասնաբուժության բնագավառում առանց ընդմիջման աշխատելու, բայց էսպիսի ողորմելի վիճակ երբեք չի եղել: Մենք աշխատում ենք կոմունիստական կուսակցության խղճով, էդպես աշխատում ենք, մինչեւ տեսնենք՝ գլխներս երբ վայր կդնենք: Մեկ մտածում ենք՝ գործադուլ հայտարարենք, բայց էդ դեպքում էլ խղճիդ դեմ կգնաս, անասունը մեղք է, շնչավոր էակ է՝ վերջը, բացի դրանից՝ չես ուզում, որ մի ասեղի պատճառով մարդիկ էս նեղ վիճակում զրկվեն իրենց կենդանիներից»,- ասացին մեր զրուցակիցները:

Անասնաբույժները հատկապես վրդովված են այն փաստից, որ պետական աշխատակիցների աշխատավարձը բարձրացնում են, սակայն իրենց բարդ, պատասխանատու աշխատանքը թերագնահատում են: Նրանց մեկնաբանմամբ՝ այդ պատճառով էլ այս ոլորտում տարեցներին փոխարինողներ չկան, հույսը մնացել է հին մասնագետների վրա: «30 հազար դրամով ընտանիք հնարավո՞ր է պահել, եթե ես տղա ունենայի, խոպան գնար, մի վայրկյան չէի աշխատի: Պետական աշխատողների աշխատավարձը բարձրացրին, մի քիչ բարոյական չէ, էլի, հավաքարարը, որ հավաքարար է, չենք թերագնահատում նրանց գործը, բայց նա 50 հազար դրամով մի անգամ ավլում, գնում է, իսկ մենք առանց հանգստի աշխատում ենք»,- նեղվում էին անասնաբույժները: Նրանք նույնիսկ համաձայն են, որ թեկուզեւ ուշացումով փոխանցեն իրենց աշխատավարձերը, բայց բարձրացնեն: «Գյուղատնտեսական բուհ դիմող չկա, ու գիտեք ինչի՞, որովհետեւ երիտասարդները համարում են, որ անասնաբույժի աշխատանքը անպատիվ է: Էսքան վտանգավոր աշխատանք է, կարող է տուն գնաս` աչքդ թափած, շատ վիրավորական է, որ առողջապահական ապահովագրության փաթեթ անգամ չեն տալիս պետության կողմից, մարդ ես, կարող է հանկարծ խփեն, հանկարծամահ լինես, էսքան փաթեթ է գալիս տարբեր բնագավառների աշխատողների, բայց մեզ գոնե մի սոցիալական փաթեթ տան: Էդ էլ կամ չեն տեսնում, գոնե գնանք բուժվենք: Էսօր տոն է, անհարմար ենք զգում մոտենանք վարչապետին, համար պահ չէ, բայց խնդրում ենք մեր անունից փոխանցեք նրան, որ գոնե մեզ դարձնեն հաստիքային աշխատողներ, հիմա պայմանագրային ենք, եթե վատ աշխատենք, թող ազատեն, բայց ինչո՞ւ պիտի մնանք պայմանագրային ու ամիսներ շարունակ էդ չնչին գումարն էլ չստանանք: Չենք ասում՝ 200 հազար աշխատավարձ տվեք, գոնե խղճի խայթի չափ ավելացրեք մեր աշխատավարձը. սա բոլոր անասնաբույժների բերանից հնչող պահանջն է»,- ասացին մեր զրուցակիցները:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031