Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահային «քցել են», բայց նա միտք չունի լքել Հայաստանը

Հուլիս 11,2014 14:10

Սիրիահայ գործարար Վազգեն Դավուդյանը հաստատվելով Հայաստանում՝ նույն գործն է անում, ինչ Սիրիայում. պարոն Դավուդյանն առեւտրով է զբաղվում, ասում է՝ իտալական բրենդային ժամացույցներ եւ զարդեր է ներկրում հենց արտադրողներից ու դրանք վաճառում «Ռոսիա» ոսկու շուկայում: Արդեն 1,5 տարի է, ինչ գործարարը սիրիահայերի համար նախատեսված փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից 5 միլիոն դրամ ցածր տոկոսադրույքով վարկ է վերցրել. ասում է՝ գոհ է պայմաններից, վարկի ձեռնտու տարբերակ է, բայց առեւտուր չկա: «Իմ ապրանքը, շուկային նայելով, էժան է, բայց ժողովուրդը փող չունե, որ առնե, շատ կուզեն առնեն, բայց չեն կըրնար»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է պարոն Դավուդյանը:

Մեր հարցին՝ արդյոք հաշվի առե՞լ է մարդկանց գնողունակությունը, որ որոշել է բրենդային թանկարժեք զարդերի վաճառքով զբաղվել, գործարարն ասում է. «Անցյալ տարի լավ էր, էս տարի պակսել է առեւտուրը: Մենք մտածած էինք, էս նոր «մոլերը» կազդին վրան, բայց չէ, ադիկա չազդի, պարզապես ժողովուրդ մնացած չէ երկրում: Լսած եմ, որ օրական 20 ավտոբուս մարդ դուրս կերթա Ռուսաստան, էհ, որո՞ւն պիտի վաճառեմ, դուսեն եկածի՞ն, ռուսի՞ն, ո՞ւմ պիտի վաճառեմ: Ես հաշվի առել էի, որ մարդկանց ձեռքին շատ փող չկա, բայց ես էժան կբերեմ, իմ գիները շատ հարմար են, ժամեր կան այստեղ ուրիշ խանութներում վաճառում են 15-20 հազար դոլարով, նույնը ես կտամ 300, 600, 700 դոլարով»: Երբ զարմացանք, թե ինչպե՞ս է հնարավոր նույն ապրանքի նման գնային տարբերություն, գործարարը վստահեցրեց, որ իր ապրանքը կեղծ չէ, ցանկացողները կարող են ստուգել ու համոզվել, իսկ թե մյուս խանութներն ինչու են այդքան թանկ վաճառում, ասում է՝ դա իրենց գործն է: Պարոն Դավուդյանը Սիրիայում եւս նույն գործով է զբաղվել ու բավականին հմտացած է, բիզնեսը փրկելու համար որոշել է ապառիկ վաճառքի տարբերակ առաջարկել գնորդներին, միայն թե հիմա փորձում է բանկերի հետ համաձայնության գալ. «Որ կրեդիտով տամ, լավ կըլլա, մարդիկ շատ կուզեն առնեն մանավանդ ժամացույցները, բայց միանգամից 600-700 դոլար չունեն, որ առնեն, վստահ եմ՝ կրեդիտով շատ կառնեն: Փորձած եմ, մի քանի հոգու ապրանք տված եմ պարտքով, բայց գնացին, չեկան: Էհ, լավ կըլլա, որոշած եմ «Բուլգարի» դնեմ ֆիրմայիս անունը, համաձայնության գամ իրենց հետ, դառնամ ներկայացուցիչը Հայաստանում»:

Վազգեն Դավուդյանից հետաքրքրվեցինք՝ եթե Սիրիայում խաղաղություն լինի, խնդիրը կարգավորվի, հետ կգնա՞, սիրիահայն ասում է, որ չի էլ մտածում այդ մասին. որոշել է մշտական հաստատվել Հայաստանում ու իր երեխաների ապագան էլ Հայաստանի հետ է կապում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031