Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանություն քթներիս տակ՝ 21 –րդ դարում 

Օգոստոս 10,2014 23:52

Աշխարհն էլի լռում է, մինչ ահաբեկչական խմբավորումները վերացնում են ազգեր, ժողովուրդներ եւ ջնջում պատմության էջեր 


Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ են ստացվում աշխարհում ծագած մի նոր հրե օջախի, մարդկային մեծ կորուստների մասին՝ Հյուսիսային Իրաքում կոտորվում, ոչնչացվում է այդտեղի ոչ մահմեդական բնակչությունը: Ի՞նչ է կատարվում Իրաքում, ի՞նչ կարող ենք անել մենք՝ տուժածներին օգնելու համար: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոեւայի հետ: 


Ի՞նչ է կատարվում այս պահին Հյուսիսային Իրաքում, որո՞նք են այս կոտորածների պատճառներն ու առիթները: Ովքե՞ր եւ ո՞ւմ դեմ են կռվում: Արդյոք սա ազգամիջյա՞ն, թե՞ միջկրոնական կռիվներ են: Կարելի՞ է այս իրադարձությունները «ցեղասպանություն» որակել: 

– 2014 թվականի հունիսից սկսած Իրաքում իր ահաբեկչական գործունեությունը սկսեց ծավալել ISIS (The Islamic State of Iraq and Syria, Իրաքի եւ Ասորիքի Իսլամական պետություն) կազմակերպությունը, որը սուննիական խմբավորում է եւ ժամանակին Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության մի մասն է կազմել: Կազմակերպության անդամները ոչ միայն իրաքցիներ են, այլ նաեւ ծայրահեղականներ՝ ամբողջ տարածաշրջանից: Նրանց նպատակն է ստեղծել իսլամական խիստ օրենքներով գործող իսլամական հսկա պետություն, որը տարածքային առումով նախապես կձեւավորվի Մերձավոր Արեւելքում, բայց, հետագայում նպատակներ ունեն ընդլայնվելու: Արդեն իսկ ISIS-ի հսկողության տակ են գտնվում Իրաքի այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Ֆալլուջան, Մոսուլը եւ Ռամադին: Եվ արդեն նրանք ուղղություն են վերցրել դեպի մայրաքաղաք Բաղդադ: Մի քանի դեպքեր են արձանագրվել, երբ նրանք անցել են Սիրիայի, մի քանի օր առաջ՝ նաեւ Լիբանանի սահմանները: Իրաքի նախագահ Նուրի ալ-Մալիկին եւ նրա կառավարությունն ի վիճակի չեն որեւէ ձեւով կանխել ISIS-ի ահաբեկչական գործողությունները, որոնք կոտորում են իրենց ճանապարհին կանգնած ոչ միայն քրիստոնյաներին մասնավորապես ասորիներին, այլ նաեւ եզդիներին, նաեւ շիա մահմեդականներին: Իմ կարծիքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրաքում, միանշանակ կարող ենք կոչել եւ որակել  Ցեղասպանություն, ակնհայտորեն կան դրա համար բոլոր հիմքերը:   

Մի՞թե Իրաքում տեղակայված չեն խաղաղապահ զորքեր, ոչ ոք չի՞ կարողանում ահաբեկիչների գրոհը կանգնեցնել:   

-Ոչ մի խաղաղապահ զորքեր էլ չկան: Միակ, այսպես կոչված, «պաշտպանները» Փեշմարգա քրդական զորքն է, որն ի վիճակի չէ պաշտպանելու բնակչությանը եւ շատ թույլ է, որպեսզի կարողանա կանգնեցնել կոտորածներն ու ահաբեկչությունը: Քրդական Փեշմարգայի ուժերի նահանջից հետո երկու օր առաջ ընկան նաեւ Իրաքի ամենամեծ քրիստոնեաբնակ Կարակոշ քաղաքը եւ կողքի փոքրիկ ասորաբնակ քաղաքներն ու գյուղերը, տեղի հիսուն հազար ասորիներ բռնել են գաղթի ճանապարհը: 

Իսկ որտեղի՞ց այդ կազմակերպությանը այդքան գումարներ՝ նման մեծամասշտաբ գործողություններ իրականացնելու համար: 

– Իհարկե, նրանք շատ գումարներ ունեն՝ իրենց պլաններն իրականացնելու համար: Կան բազմաթիվ մահմեդական ծայրահեղականներ, ովքեր նավթային իրենց կապիտալներից գումարներ են տրամադրում ISIS-ին: Այդ պատճառով այսօր բազմաթիվ հումանիտար կազմակերպություններ դիմում են այդ մահմեդական խմբավորումներին, որ դադարեն ֆինանսավորել ISIS-ին: Բայց, բացի դրանից, հենց իրենք՝ այդ կազմակերպության անդամները, թալանում են ամեն ինչ: Օրը ցերեկով մտնում են բանկեր են թալանում: Ըստ պաշտոնական տվյալների, Մոսուլում բանկի թալանից 400 մլն դոլար են ստացել… 

Ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքում այս ամեն ինչին: Մի՞թե 21-րդ դարում հնարավոր չէ շատ արագ կանխել նման այլանդակությունները: 

– Միջազգային հանրությունը, ցավոք, զարմանալի եւ անհասկանալի անտարբերությամբ նայում է, թե ինչ է կատարվում, շատ լավ ամեն ինչ տեսնում է եւ լռում է: Երբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում տեղի էր ունենում երիտթուրքերի կողմից իրականացվող հայերի, նաեւ՝ ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունը, միջազգային հանրությունը նույնպես լռում էր: Այն ժամանակ, ինչ-որ տեղ ես հասկանում եմ, չկային տեղեկատվական այսքան միջոցներ, գուցե աշխարհի որոշ ծայրերում տեղյակ չէին, թե ինչ է կատարվում: Բայց այսօր մեր աչքի առաջ մարդիկ նույն ձեւով կոտորվում են, պարտադրված լքում են իրենց տները, գաղթում են՝ իրենց հետ տանելով միայն իրենց ձեռքերում տեղավորվածը: Շատ շոգ է ամառվա այս շրջանում այնտեղ, եւ օրերով ISIS-ը փակում է ջրերի խողովակները, մարդիկ մահանում են ջրազրկումից եւ հիվանդություններից: Իհարկե, ունեն նաեւ օրվա հացի խնդիր: Ասորական եկեղեցիներ, որոնք 1000-ամյակներով կանգուն են եղել Իրաքում, այսօր արդեն ռմբակոծված եւ վերացված են: Անգամ հետքը չկա: Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ 200 հազար ասորի ընտանիք այս տարածքից արդեն գաղթել է մոտակա երկրներ: Եզդիները նմանապես անճարությունից գաղթել են լեռները: Այս մարդիկ միջազգային հանրության օգնության կարիքն ունեն: Ասորական համայնքը վերջին մի քանի շաբաթներում աշխարհով մեկ կազմակերպեց հսկա ցույցեր եւ բողոքի ակցիաներ, նույնն այժմ անում է եզդիական համայնքը: Իրաքի խորհրդարանի ասորի եւ եզդի պատգամավորները դիմել են ԱՄՆ-ի նախագահին՝ օգնության խնդրանքով, եւ վերջապես օգոստոսի 7- ին, բազմաթիվ խնդրանքներից եւ ճնշումներից հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման տվեց սնունդ եւ հեղուկ ուղարկել Իրաքի տուժածներին եւ իհարկե, անհրաժեշտության դեպքում հակահարված հասցնել ահաբեկիչներին: Սա մի փոքր հույս առաջացրեց տեղի ժողովրդի մոտ: Հենց այս պահին էլ ԱՄՆ մեծ քաղաքներում բողոքի մեծ ակցիաներ են տեղի ունենում: 

Ի՞նչ կարող են անել Հայաստանի Հանրապետությունը եւ հայերը՝ որպես Ցեղասպանություն տեսած ժողովուրդ, օգնելու համար այն մարդկանց, ովքեր հիմա վերապրում են նույն ցավը: 

-Ցավոք, այսօր Հայաստանն ունի իր խնդիրները՝ ինչպես ներքին, այնպես էլ հատկապես արտաքին՝ հարեւան պետության հետ: Կարծում եմ, միակ բանը, որ կարող են անել՝ գուցե հումանիտար օգնություն ուղարկել տուժածներին եւ գաղափարապես համախմբվել Արեւմուտքի գերտերությունների հետ՝ կանգնեցնելու այն սարսափը, որ ամեն օր ապրում են այդ մարդիկ:   

Ասեմ, որ մինչեւ հիմա ոչ մի միջազգային լրատվամիջոց չէր  լուսաբանում Իրաքում տեղի ունեցող կոտորածները: Միակ լրատվամիջոցը ամերիկյան Fox news-ն էր: Այժմ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ի վերջո անդրադարձավ միայն եզդիների կոտորածին եւ անգամ այն որակեց ցեղասպանություն, մոռացության մատնելով Իրաքում ապրող քրիստոնյաներին՝  ասորիներին եւ հայերին, հիմա բոլոր լրատվամիջոցները եւ մեդիան աշխարհով մեկ սկսեցին լուսաբանել այս իրադարձությունները:  Ըստ Օբամայի՝ ամերիկյան զինված ուժերը ռազմական միջամտության կդիմեն միայն Քրդստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում, եւ միայն այն ժամանակ, եթե ISIS-ը սպառնա այդ քաղաքին եւ այնտեղ բնակվող ամերիկացիներին: Հիշեցնեմ, որ Էրբիլում է գտնվում ԱՄՆ հյուպատոսությունը: 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրաքում, կարծես թե ճիշտ կրկնությունն է 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածի: Այն ժամանակ էլ, հիմա էլ քրիստոնյաներին տրված էր ընտրություն՝ կամ կրոնափոխվել, կամ հարկեր վճարել, որոնք այնքան բարձր են, որ ոչ ոք չի կարող եւ ի վիճակի չէ մուծել, կամ էլ՝ լքել երկիրը՝ իրենց տներն ու ունեցվածքը պաշտոնապես նվիրատվություն կատարելով մահմեդականներին: Սա հրատապ հարց է եւ միջազգային լուծում է պահանջում: 

Զրուցեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ 
 «Առավոտ» օրաթերթ

09.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Ինչպես Չէրչիլն է ասել. Պատերազմը իրողուղություն է, որ ուրիշների շահերի համար մահանում են բոլորովի անմեղ մարդիկ…Ցավոք այս երկրագնդի վրա կան ֆինանսապես հզոր ուժեր որոնց կարծիքով ԵՐԻՐԸ հարկավոր է որ ունենա ոչ ավելի քան 500 միլիոն բնակչություն, եվ թերեվս դրա համար կարծում եմ տեղի է ունենում «անհրաժեշտ» սոցիալական դեմգրաֆիական «մաքրում»…
    Վերջին տարիների աննախադեպ տեխնոլոգիական առաջնթացը գնալով սարսափելի արագությամբ կրճատվում են աշխատատեղերը ամբողջ աշխարհով մեկ, նույնիսկ զարգացած կապիտալիզմի երկրներում եվ նրանց համար ովքեր աշխատանքային միջոցների տերերն են, ավլորդ աշխատատեղեր բացելը բոլորովին իրեց ձեռնտու չէ… իսկ կերակրել այդ «անօգուտ» աշխատուժին նրանք կարող են միայն կարճ ժամանակամիջոցի ընթացքում, իսկ հետո…
    Այս բարդույթը Մարդկությանը կարծում եմ հարկ կլինի լուծել շատ կարճ ժամանակամիջոցում, ապա թե ոչ… (այդ բարդութը շատ հիշեցնում է այն ինչ որ մենք ունենք Ռուսաստանում եվ Հայաստանում… թեեւ այս դեպքում պատճառը ոչ թե բարձր տեխնոլոգիաներն են այլ պարզ ավազակությունն է…)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031