Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ. պահանջում ենք անհապաղ ապահովել ՀՀ տարածքում հայտված իրաքյան փախստականների ժամանակավոր պաշտպանությունը

Օգոստոս 15,2014 17:31

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ՝ Գ. Հակոբյանին

ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ՝ Գ. Եգանյանին

ՀՀ ոստիկանության պետ՝ Վովա Գասպարյանին

ՀՀ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ արտաքին գործերի նախարար՝ Է. Նալբանդյանին

Հաշվի առնելով, որ Իրաքի հյուսիսում իրականացվող զանգվածային ջարդերն ու տեղահանումները պահանջում են հրատապ արձագանք և ՀՀ բյուրոկրատական պահանջները կատարելու և սույն նամակը ձեռամբ ստորագրելու համար ժամանակը չկա, ուստի ներկայացնում ենք բաց նամակով, առաջնորդվելով Հայաստանի կողմից ստորագրված՝ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» և «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքներով, «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականների ազատ տեղաշարժի և բնակություն հաստատելու կարգի մասին» թիվ 524 և «Փախստականի վկայական տրամադրելու կարգի մասին» թիվ 594 կառավարության որոշումներով՝ պահանջում ենք, անհապաղ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանակետերում կամ այլ կերպ ՀՀ տարածքում հայտված իրաքյան փախստականների ժամանակավոր պաշտպանությունը, ինչպես պահանջվում է վերը նշված օրենսդրական ակտերով և կոնվենցիայով:

Հիշեցնում ենք, որ սահմանապահ զորքերը պարտավոր են «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սահմանակետերում գրանցել բանավոր կամ գրավոր ապաստանի խնդրանք ներկայացնող անձանց և տեղեկացնել լիազոր մարմնի (Միգրացիոն պետական ծառայության) գտնվելու վայրի և այնտեղ փախստականի հայց ներկայացնելու մասին: Հիշեցնում ենք նաև, որ նույն օրենքի 3-րդ հոդվածում սահմանված դեպքում՝ այլ երկրներում խոշտանգումներից խուսափող անձանց զանգվածային ներհոսքի դեպքում հայցերի անհատական քննման ընթացակարգը չի գործում:

Հայաստան ժամանած և պաշտպանության կարիք ունեցող բոլոր անձինք վերը նշված օրենքներով և կոնվենցիայով օժտված են հետևյալ իրավունքներով, որոնց իրացման համար պահանջում ենք ապահովել բոլոր համապատասխան պայմանները.

• ցանկացած պահի դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ,
• ապաստանի դիմումի քննարկման ողջ ընթացքում հատուկ կացարանում բնակվելու, սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում՝ հագուստ և կոշիկ ստանալու իրավունք,
• Հայաստանի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք:
• Հայաստան ապօրինի մուտք գործելու և Հայաստանում ապօրինի գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության չենթարկվելու իրավունք
• անձնագիր կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում՝ փախստականի դիմում ներկայացնելու և ժամանակավոր պաշտպանություն շնորհվելու իրավունք,
• օրենքով սահմանված մնացած բոլոր դեպքերում՝ ՀՀ քաղաքացիներին և/կամ ՀՀ ու գտնվող օտարերկրացիներին հավասար իրավունքներ և պարտականություններ:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև երկրում բնակվող եզդիական համայնքը պատրաստ է աջակցել պետությանը՝ Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցող փաստացի ցեղասպանությունից փրկված անձանց կացարան տրամադրելու և այլ կերպ աջակցելու հարցում:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն
«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն
«Շանգալի եզդիների օգնության միություն» հասարակական կազմակերպություն

Քաղաքացիներ՝

Բորիս Թամոյան, Նամադ Նամադյան, Լենա Օսեյան, Խանե Մահմուդյան, Սաշիկ Սուլթանյան, Աննա Շահնազարյան, Գեորգ Քեհյան, Մերի Խաչատրյան, Գագիկ Ղազարյան, Քրիստինե տեր-Աբրահամյան, Լիլիթ Հովհաննիսյան, Գոհար Սիմոնյան, Տաթևիկ Դավթյան, Զարուհի Հովհաննիսյան, Արտուշ Եղիազարյան, Յուլիա Շահնազարովա, Անուշ Շախսուվարյան, Համլետ Սմոյան, Մամե Ամիրյան, Բելլա Թամոյան, Մուրազ Թամոյան, Հասրաթ Մամոյան, Սլավիկ Թամոյան, Ռուզաննա Շավրեշյան, Զառա Սմոյան, Զոզան Մամոյան, Զուզան Խուբոյան, Նաթել Թամոյան, Էդգար Սնջոյան, Վլադիմիր Կալեյան, Քյամալ Նամադյան, Ռուստամ Բաքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031