Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ նախագահ գողացողը պետք է պատժվի». Գեներալ Մանվելը հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերը

Օգոստոս 21,2014 15:10

Գեներալ Մանվել Գրիգորյանն «անառակ հայտարարություն» է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվելով են հերոս դարձել:


«Կխնդրեի` նման անառակ հայտարարությունները չհրապարակայնացնել: Առհասարակ, լավ կլինի, որ մարդկանց քննադատողները, մինչ ուրիշի հասցեին խոսելը, իրենց նայեն, տեսնեն` իրենք ի՞նչ են արել Հայաստան պետության, հայ ազգի համար: Հայը հային պետք է օգնի, ձեռք մեկնի, սատարի, ոչ թե փորձի վարկաբեկել: Այն էլ ինչպիսի՞ մարդկանց: Վազգեն սպարապետը հերոս է իր ապրած կյանքով, կենսագրությամբ: Վեց դար շարունակ պարտություններից եւ կորուստներից հետո մեր ազգը կարողացավ ռազմական հաղթանակներ ունենալ, կարողացավ հայրենի տարածքներ ազատագրել, եւ այդ ամենի կազմակերպիչը սպարապետն էր: Հայ մարդն ինչպե՞ս կարող է հերոս չհամարել Վազգեն Սարգսյանին: Վազգենը հայոց պատմության ամենավառ անհատականություններից է, ամենախոշոր դեմքերից:

Կամ՝ Կարեն Դեմիրճյանի մասին ինչպե՞ս կարելի է չար բաներ խոսել: Այդ մարդը ողջ կյանքը նվիրել է Հայաստանը շենացնելուն: Այսօր էլ դեռ Երեւանում ինչքան հոյակերտ շինություն կա, բոլորը Դեմիրճյանի կառուցածն է: Իր ղեկավարած տարիների կառույցներով է, որ հայ ազգը հպարտանում, պարծենում է: Սպարապետն էլ, Դեմիրճյանն էլ, համազգային սեր էին վայելում կենդանության օրոք, եւ հոկտեմբերի 27-ն էլ համազգային աղետ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվելը:

Անդրադառնալով պարոն Հայրիկյանի պնդմանը, թե Վազգեն Սարգսյանը պետք է զրո համարվեր իր՝ «ազգը 100 % ենք շահել, պետք է իշխանությունը չտայինք» արտահայտության համար, պարոն Գրիգորյանը շարունակեց. «Կրկնում եմ` մարդիկ թող խոսելուց առաջ մտածեն, իրենց նայեն: Մեր սպարապետի, ազգային հերոսի խոսքերն ինչո՞ւ եք խեղաթյուրում եւ կեղծ ու սուտ լուրեր տարածում: Բա չեք հիշո՞ւմ, որ Վազգեն Սարգսյանն ասաց` այն ամենից հետո, ինչ գիշերը կատարվեց: Վազգենը պարզ հասկացրեց, որ պետական շենքերի վրա բռնությամբ գնացողը, Ազգային ժողովի շենքի պարիսպներ ջարդողն ու Ազգային ժողովի նախագահ գողացողը պետք է պատժվի: Ի՞նչն է սխալ ասել մարդը: Գաղափարի համար միշտ էլ արժե պայքարել, բայց օրինական մեթոդներով: Իսկ եթե որեւէ մեկը փորձում է բռնի մեթոդներով իշխանության տիրանալ, ջարդել-փշրելով իշխանության տիրանալ, նա հանցագործ է եւ պետք է համարժեք պատիժ ստանա, ոչ թե մեծ-մեծ խոսա…

Եկեք հաշտ ու համերաշխ ապրենք, իրար օգնենք, չփորձենք միմյանց վարկաբեկել, սեւացնել: Այսօր լուրջ սպառնալիքներ կան մեր երկրին, մեր անկախությանը, Արցախին, սահմաններին: Իսկ պատմությունը ցույց է տվել, որ հայ ազգի հաջողության բանալին միասնությունն է:

Եկեք միասնական լինենք, եւ կտեսնեք, թե ինչպես են մեր ազգի, պետության բոլոր թշնամիները լռում ու անկյուն քաշվում, կտեսնեք, թե ինչպես են մեր ազգային իղձերը քայլ առ քայլ իրագործվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031