Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրը համոզված է` զինվոր որդուն սպանել են

Օգոստոս 22,2014 14:45

Նա պահանջում է ինքնասպանություն որակված գործի դատաքննությունը
ՀՀ տարածքում անցկացնել

Իր խախտված իրավունքների վերականգնման համար Հովսեփ Մուրադյանը դիմել է Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը:

Նրա որդին` Արմանը, մահացել է նախորդ տարվա հուլիսին` ԼՂՀ ՊԲ N զորամասում:
Նախաքննության տվյալների համաձայն` մայորը հրամայել է 4 ժամկետային զինծառայողների վազել, երգել, «բադաքայլ» կատարել, հայհոյել է նրանց, ինչի արդյունքում 4 նվաստացված զինվորներից մեկը՝ Արման Մուրադյանը, ինքնասպան է եղել:
Արմանի հայրը, սակայն, համաձայն չէ կատարված նախաքննության հետ:
Նա բարձրաձայնում է, որ Արմանին ծառայության ընթացքում հենակետում ծեծել են, մարմնական բազմաթիվ վնասվածքներ պատճառել, եւ կրծքավանդակի շրջանում ստացած հրազենի մահացու վնասվածքից որդին մահացել է:

Հոր պնդմամբ՝ կատարված կեղծ նախաքննության արդյունքում գործը կոծկվել է, դեպքը ձեւակերպվել է ինքնասպանություն եւ ուղարկվել քննության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նստավայրը՝ Ստեփանակերտ: Նույն զորամասի զինծառայող, մայոր Էմիլ Ավետիսյանն էլ հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Հովսեփ Մուրադյանը բազմիցս դիմել է պետական պատկան մարմիններին` միջնորդելով, որպեսզի դատավարությունը Ստեփանակերտից տեղափոխվի ՀՀ, սակայն՝ ապարդյուն:
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայրը Ստեփանակերտում գտնվելը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, որոնցում ասվում է, որ ՀՀ օրենքները գործում են միմիայն ՀՀ սահմաններում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանը:

Edgar_Xachatryan

Նա տեղեկացնում է, որ հարցի շուրջ զինվորի հոր բոլոր խնդրանքները` ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԼՂ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, մնացել են կամ անպատասխան, կամ լավագույն դեպքում` որպես չիրագործված խոստումներ:

Նա նկատում է, որ կազմակերպությունը խնդիրը դիտարկում է արդարադատության մատչելիության եւ քաղաքացու շահերն արդյունավետ պաշտպանելու հնարավորության տեսանկյունից:

«Ըստ էության` տուժողի իրավահաջորդը զրկված է դատարանում սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունից: Նախ` նյութական առումով, քաղաքացու համար գրեթե անհնարին է դառնում մասնակցել Ստեփանակերտում տեղի ունեցող գործին վերաբերող բոլոր դատական նիստերին: Չնայած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բանավոր խոստումներին, պաշտպանության նախարարությունից՝ քաղաքացի Հովսեփ Մուրադյանի գրավոր խնդրանքին ի պատասխան, հայտնել էին, որ նախաքննությանն ու դատաքննությանը մասնակցելու ծախսերը հոգալու համար գումարներ նախատեսված չեն եւ չեն տրամադրվում: Մյուս կողմից` գործով դատավոր Ա. Մնացականյանին ուղղված` գործի քննությունը ՀՀ տարածքում իրականացնելու մասին միջնորդությունը փաստորեն մերժվել է` առանց որեւէ տրամաբանական հիմնավորման: Մինչ այս, դեռ մայիս ամսին, խախտելով օրենքը, նույն դատավոր Ա. Մնացականյանը, առանց պատասխանելու տուժողի իրավահաջորդի միջնորդությանը, ծանուցագիր էր ուղարկել վերջինիս` պարտավորեցնելով ներկայանալ դատարան՝ դատավարությանը մասնակցելու համար: Ավելին` դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրը պատշաճ չէր. տուժողի իրավահաջորդը՝ հայրը, այն ստացել էր մայիսի 22-ին, իսկ նրանում նշված էր, որ դատաքննությունը մայիսի 21-ին է տեղի ունենալու»,- խախտումների մասին է պատմում «Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահը` նշելով, որ ամեն դեպքում լուրջ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ վերը նշված պետական կառույցների ներկայացուցիչներն այսպես համառորեն չեն ուզում գործի քննությունը տեղափոխել Ստեփանակերտից:

Նոր տեղեկություններով, մինչ Հովսեփ Մուրադյանը Երեւանում պայքարում է արդարության համար, ԼՂՀ մայրաքաղաքում նրանից եւ նրա ներկայացուցիչներից գաղտնի արդեն 3-4 դատական նիստ է կայացել:

«Տեղի է ունեցել առնվազն 3-4 դատական նիստ, որոնց մասին տուժող կողմը տեղեկացված չի եղել: Սա դատավորի կողմից պաշտոնական դիրքի բացահայտ չարաշահման վառ ապացույց է: Հիմա տուժողի իրավահաջորդը բողոք է հայտնել՝ պահանջելով չեղյալ հայտարարել դատարանի կողմից ապօրինի անցկացված նիստերը եւ նոր դատաքննություն սկսել` արդեն ՀՀ տարածքում»,- եզրափակում է Էդգար Խաչատրյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031