Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Դովեղի բնակիչը Շարմազանովից «ֆուտբոլային ալիք» է խնդրել

Օգոստոս 25,2014 10:33

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանների ֆուտբոլասերները դժգոհում են, որ իրենք հնարավորություն չունեն հետեւելու Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի ֆուտբոլային առաջնություններին:

Ֆուտբոլային առաջատար այդ երկրների առաջնությունների հանդիպումները հեռարձակում են Երեւանում եւ Արարատյան դաշտում սփռվող հեռուստաընկերությունները: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության խաղերը հեռարձակվում են հայկական երկրորդ հեռուստաալիքով: 2014թ. հունվարի 1-ից Հ2-ը դադարեցրել է հաղորդումների հեռարձակումը Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:

Սահմանամերձ այդ տարածաշրջանների ֆուտբոլասերները կարող են միայն «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտել ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի, իսկ Հ1-ով՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Օգոստոսի 19-ին եւ 20-ին «Արմենիան» ցուցադրեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի «Բեշիկթաշ-Արսենալ» եւ «Պորտու-Լիլ» խաղերը: Սակայն Տավուշի սահմանագոտում այդ խաղերի միայն երկրորդ խաղակեսերը ցուցադրվեցին: Արբանյակային հեռարձակման հետ կապված տեխնիկական խնդիրներ կային, ֆուտբոլասերները եթերում տեսնում էին լոկ արբանյակային հեռարձակման մենյուն:

Ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի բնակավայրերի գնդակոծության առիթով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանները այցելել են Տավուշի սահմանագոտի: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր այցի ընթացքում եղել է Դովեղում, գյուղամեջում զրուցել սահմանամերձ շենի բնակիչների հետ: Նա դովեղցիներին հարցրել է, թե պետությունն ի՞նչ կարող է անել օգնելու համար: Դովեղի ծայրամասում, սահմանին ամենից մոտ գտնվող տան բնակիչ Կարեն Վարդանյանը Շարմազանովին ասել է, որ իրենք կաշխատեն,կ ապրեն, պետք է միայն Նոյեմբերյանի տարածաշրջանում վերականգնել ֆուտբոլային խաղեր ցուցադրող հեռուստաալիքների հեռարձակումը:

Կարեն Վարդանյանը մեզ ասաց, որ 2014թ. օգոստոսի 1-ին ադրբեջանական խոշոր տրամաչափի գնդացրի գնդակն ընկել իր տան մեջ , մեծ չափով վախեցրել տանը գտնվող իր թոռնիկներին: Կարենը 2002 թվականին անասնագոմից ահազանգ լսելով, իր անասունները պաշտպանել է ադրբեջանցի անասնագողերից, ովքեր հրազենով ծանր վիրավորել են նրան: Սակայն աշխատասեր ու կենսախինդ Կարեն Վարդանյանը չի հուսահատվել, նա ամենօրյա տքնաջան աշխատանքով սահմանի եզրին արարում է օրվա ապրուստը:

Կ. Վարդանյանի խոսքերով՝ վերջերս Հ2-ի հեռարձակման վերականգնման համար Նոյեմբերյան քաղաքում երիտասարդները դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որը խոստացել է լուծել այդ հարցը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ www.skyscanner.net-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031