Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Չեմ պատկերացնում, որ արտգործնախարարը խորությամբ հասկանում է այն, ինչ խոսում է»

Սեպտեմբեր 09,2014 16:02 Share

«Ես մեր արտգործնախարարին չեմ վստահում, եւ չեմ էլ պատկերացնում, որ նա խորությամբ հասկանում է այն ամենը, ինչի մասին խոսում է: Շատ հաճախ մեր իշխանավորները հակված են ինչ-որ մտքերի, բառերի անորոշության մեջ թողնել ունկնդրին, հետեւաբար առանձնակի ուշադրությամբ արտգործնախարարին չեմ լսում»,-այսօր «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը, անդրադառնալով երեկ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Եվրասիական տնտեսական միության` ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությանը: Հիշեցնենք, նախարարն ասել էր`«Հստակ ասվել է, որ այստեղ խոսքը չի գնում այն մասին, որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին, եւ այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի`ԵՏՄ անդամակցության գործընթացը, տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Այսօր Ռուսաստանի տնտեսական իրավիճակը որեւէ լավատեսական տրամադրության հիմքեր չի ստեղծում, եւ ես վստահ եմ, որ ԵվրԱզեսի անդամակցության գործընթացը առայժմ պիտի սառեցվի, նաեւ` մյուս երկրներում, որովհետեւ կան չլուծված հարցեր, խոչընդոտներն ավելի շատ են, քան կատարվելիք աշխատանքները: Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը երբեք չի կարող ԵվրԱզեսի շրջանակներում լուծվել, որովհետեւ ԵվրԱզեսի պայմանագրով մենք Ղարաբաղով չենք կարող մտնել այդ միություն, հատկապես ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկրի առաջին դեմքը ստորագրեց փաստաթուղթ, որը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Արդեն ընդունված փաստաթղթի շրջանակներում հնարավոր չէ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսության անդամ Ղարաբաղի հետ միասին: Ղարաբաղը մնում է այդ գործընթացից դուրս, դա նշանակում է`մենք տնտեսական միությանը միանալով, ունենում ենք քաղաքական լուրջ պարտություն»:
Զոյա Թադեւոսյանի ներկայացմամբ` տարբեր երկրներում դիվանագետներ են նշանակվում ոչ մասնագետները. մարդիկ ինչ-որ ոլորտում աշխատում են, մեկ էլ նրանց հանում են` ուղարկում դիվանագետի աշխատանքի առանց համապատասխան կրթության. «Ու այդպես բոլոր ոլորտներում. մարդիկ զբաղեցում են պաշտոններ`չհասկանալով այդ ոլորտի առանձնահատկությունները, չունենալով ոլորտին համարժեք կրթություն ու տեղեկատվություն: Այս պատճառով էլ չեն հասկանում` հախուռն, քաղաքական նկատառումներով գնում են խնդրի լուծման, հետո համապատասխան մասնագետները նրանց սթափեցնում են` ահա տեսեք, մի քայլ եք արել, որի հետեւանքները կարող են այսպիսին լինել, հետո նոր սկսում են` հա՞, էդպիսի հարց կա՞»:

ՀԱԿ անդամի խոսքերով` տարիներ շարունակ ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ իշխանությունները բանակցում էին, չէի՞ն հասկանում, որ դա չի կարող վերջնական որոշումների տեղ տալ, չէի՞ն հասկանում, որ իրենց տնտեսության 80%-ը մտնում է ռուսական իշխանության տակ, եւ որ առանց Ռուսաստանի նման որոշում չէին կարող կայացնել. «Ռուսաստանն էլ հեգնանքով նայում էր`խաղացեք, խաղացեք, վերջում կտեսնենք: Ոնց որ դուք տուն-տեղ եք դնում, բայց գումար չունեք, հարեւանից պարտք եք վերցնում ու ամբողջ ունեցվածքը դնում եք հարեւանի փողերով: Այդ հարեւանը ձեր տուն կմտնի-դուրս կգա սեփական ունեցվածքի տիրոջ կարգավիճակով: Ռուսաստանը մեզ նայում է որպես մի պետության, որն իր իշխանության տակ է: Այս իշխանությունները ձեւավորվում են Ռուսաստանի «դաբրոյով», Սերժ Սարգսյանն այդպես եղավ նախագահ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930