Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Օվերչուկ․ Հայաստանի՝ ԵՄ ձգտումը լուրջ մտահոգություն է առաջացնում

Հունիս 05,2026 12:34 Share

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է արտաքին տնտեսական օրակարգի առանձնահատկությունների մասին, պատասխանել հարցին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)՝ կապված դեպի ԵՄ Հայաստանի ձգտման հետ, անդրադարձել  Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններին։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

— Ալեքսեյ Լոգվինովիչ, կրկին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ենք: Ի՞նչ առանձնահատկություններ կնշեիք այս տարվա համաժողովում, գուցե արդեն կան որոշ արդյունքներ, որոնք արժե առանձնացնել։

— Կդատեմ այն նիստերով, որոնց անձամբ մասնակցել եմ։ Առաջին հերթին օրակարգում են արտաքին տնտեսական անկայուն իրավիճակին վերաբերող հարցերը։ Այս թեմաների շուրջ քննարկումները շարունակվում են։ Միևնույն ժամանակ կա ընդհանուր ըմբռնում, որ աշխարհում այսօր ձևավորված իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, որոնք զարգացել են երկար տարիների ընթացքում։ Եվ այսօր այդ ամենը «թափվել է» մեր սերնդի վրա, և մենք պետք է լուծենք այդ խնդիրները։

Սակայն մենք տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ կա պատկերացում, թե ինչպես կարելի է արձագանքել այդ մարտահրավերներին, բարձրացնել կանխատեսելիության մակարդակը, այդ թվում՝ միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում։ Խոսքը վերաբերում է տրանսպորտային և լոգիստիկ շղթաների բարելավմանը, նոր մայրցամաքային տրանսպորտային միջանցքների ձևավորմանը, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագրերի կնքմանը։

Ընդհանուր առմամբ, բոլորը խոսում են նույն բանի մասին․ աշխարհը փոխվում է, և պետք է հարմարվել այդ փոփոխություններին։ Իրականում դա պետք է ընդունել որպես նոր իրականություն, հարմարվել, գտնել նոր լուծումներ։ Գուցե դա նույնիսկ մեր կյանքը մի փոքր ավելի հետաքրքիր է դարձնում։

— Հիշատակեցիք ներկայիս մարտահրավերները։ ԵԱՏՄ տարածքում դրանցից մեկը դարձել է Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը, որը մի կողմից ցանկանում է օգտվել ԵԱՏՄ առավելություններից, մյուս կողմից՝ ձգտում է դեպի ԵՄ։ Ե՞րբ ԵԱՏՄ-ն կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ։

— Նախ և առաջ, ԵԱՏՄ-ի կողմից ոչ ոք չի ցանկանում Հայաստանի նկատմամբ որևէ կոնկրետ միջոց կիրառել։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները։

Ես դա կարող եմ պատասխանատվությամբ ասել, քանի որ մենք հետևում ենք Հայաստանի ամբողջ նորմատիվաիրավական բազային՝ ստուգելով, թե արդյոք կան շեղումներ այն պարտավորություններից, որոնք Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում։ Եվ նման շեղումներ մենք չենք հայտնաբերել։

Այո, այնտեղ հայտարարվում է եվրոպական չափանիշներին անցնելու ցանկության մասին, սակայն ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ են եղել և կան։

Ի՞նչն է մեզ մտահոգում։ Այսօր Եվրամիությունը փաստացի վերափոխվել է տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք լավ ճանաչում էինք և որտեղ շատ լավ ու գրավիչ բաներ էին արվել, ռազմաքաղաքական միության, որը ներկայումս թշնամական վարքագիծ է դրսևորում մեր երկրի նկատմամբ։

Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում։ Ո՞ւր է գնում Հայաստանը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։ Ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ շարժմանը։

Մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, ապա պետք է հստակ որոշում կայացնի և ընտրի, թե որտեղ է ցանկանում լինել։ Այս առնչությամբ Աստանայում վերջերս կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ԵԱՏՄ չորս առաջնորդների ընդունած հայտարարությունը շատ հստակ առաջարկում է Հայաստանի ղեկավարությանը հնարավորինս շուտ մտածել հանրաքվե անցկացնելու մասին։

Կարծում եմ՝ դա բոլորի շահերից է բխում, քանի որ ներկայում ստեղծված անորոշ իրավիճակը անորոշություն է առաջացնում առաջին հերթին ներդրողների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե, ենթադրենք, Հայաստանը գնում է Եվրամիություն, ապա այնտեղ ի հայտ են գալիս նոր չափանիշներ, նոր տեխնիկական կանոնակարգեր, որոնք չեն համապատասխանում մեր չափանիշներին։

Պարզ օրինակ բերեմ։ Դուք ցանկանում եք կազմակերպել մուրաբայի արտադրություն։ Դրա համար պետք է որոշակի սարքավորումներ գնեք։ Այդ սարքավորումները կգնե՞ք եվրոպական, թե՞ եվրասիական չափանիշներին համապատասխան։

Քանի դեռ չունեք այս պարզ ու ակնհայտ հարցի պատասխանը, չեք կարող որոշել, թե ինչպիսի մուրաբա եք արտադրելու, ինչ փաթեթավորմամբ, ինչ նկարագրությամբ, ինչ պահանջներով և ինչ լեզուներով։ Այս ամենը պետք է հստակ հասկանալ։

Ուստի անորոշությունը վնասում է բոլորին, այդ թվում՝ հենց Հայաստանին։ Այդ պատճառով ԵԱՏՄ առաջնորդները խնդրել են հնարավորինս արագ հստակեցնել իրավիճակը։

Եվ, իհարկե, եթե խոսենք ԵԱՏՄ իրավունքի մասին, ապա այն ներկայումս չի նախատեսում որևէ պետության հեռացում կամ ԵԱՏՄ անդամ երկրի մասնակցության կասեցում միության աշխատանքներին։ Սա հարց է, որը պետք է ուսումնասիրել զուտ իրավական տեսանկյունից, որովհետև այսօր մենք բախվել ենք որոշակի իրավական հակասության, և այն պետք է քննարկվի։

Դրան նույնպես պետք է շատ հանգիստ վերաբերվել։ Մենք հանգիստ կաշխատենք։ Ի դեպ, կարծում եմ՝ հայերն էլ կմասնակցեն այդ աշխատանքին, քանի որ իրենք նույնպես, որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, հասկանում են, որ ԵԱՏՄ իրավունքում կան որոշ բացեր, որոնք պետք է լրացվեն։ Սա բնական աշխատանքային իրավիճակ է։

Բայց կրկին նշեմ՝ մեզ շատ է մտահոգում դեպի Եվրոպա այս ձգտումը, որը, մեր կարծիքով, կարող է լուրջ վնաս հասցնել թե՛ Հայաստանին, թե՛ Եվրասիական միությանը, թե՛ մեր երկրների բիզնեսին, որոնք այսօր գտնվում են անորոշության պայմաններում և չեն հասկանում՝ ինչ անել։ Ահա ամբողջ հարցը։ Սա աշխատանքային իրավիճակ է, և դրան պետք է վերաբերվել աշխատանքային մոտեցմամբ։

— Ցանկանում եմ ճշտել․ դուք ասում էիք, որ մինչև 2026 թվականի դեկտեմբերը կարող են քննարկվել Հայաստանի անդամակցության սառեցման որոշ տարբերակներ։

— Ոչ, խոսքը գործողությունների հնարավոր տարբերակները քննարկելու և մինչև դեկտեմբեր դրանց վերաբերյալ զեկուցելու մասին է։

Ակնհայտ է, որ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն համապատասխան շահագրգիռ անդամ պետությունները։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ այսինքն մեր երկրների վարչապետներին, հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և իրենց առաջարկությունները կներկայացնեն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին, որը 2026 թվականի դեկտեմբերին կանցկացվի այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում։

— Կցանկանայի հարցնել ԵԱՏՄ ներսում աշխատանքի մեկ կարևոր ուղղության մասին։ Խոսքը ազատ առևտրի գոտիների մասին է։ Դուք ասել էիք, որ այս տարի սպասվում է երեք երկրների՝ Ինդոնեզիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ համաձայնագրերի վավերացում։

— Մոնղոլիայի դեպքում վավերացումն արդեն տեղի է ունեցել, և համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 22-ին։

Միացյալ Արաբական Էմիրությունների հետ գործընթացը նույնպես գրեթե ավարտված է, որոշ երկրներում ընթացակարգերը դեռ ավարտվում են։

Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է փոքր-ինչ ուշ, ուստի ժամանակային որոշակի տարբերություն կա։ Կարծում եմ՝ այս տարի վավերացման ընթացակարգերը կավարտվեն։

— Իսկ արժե՞ սպասել МЕРКОСУР-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ առարկայական բանակցությունների։ Կլինի՞ ընդհանրապես շարժ դեպի Լատինական Ամերիկա։

— Մենք նույնպես քննարկել ենք այդ հարցերը, այդ թվում՝ այս տարվա սկզբին Ռուսաստանի կառավարության նախագահի Բրազիլիա կատարած այցի ընթացքում։

Իհարկե, մենք ևս կքննարկենք այդ հարցը, սակայն այսօր այն առաջնահերթությունների ցուցակի վերին հատվածում չէ։

Մենք ունենք երկրներ, որոնք աշխարհագրորեն ավելի մոտ են մեզ։ Դրանք առաջին հերթին Հնդկաստանն ու Պակիստանն են, որոնց հետ արդեն բանակցություններ ենք վարում։

Դա նույնպես զբաղեցնում է մեր՝ բոլոր հինգ երկրների բանակցային ռեսուրսները, որոնք օբյեկտիվորեն սահմանափակ են։

— Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում ինտեգրացիան՝ իր բոլոր ձևերով։ Ամենախորը ինտեգրացիոն օրինակներից մեկը, իհարկե, Միութենական պետությունն է։ Կարո՞ղ են այսօր Ռուսաստանն ու Բելառուսը միասին դիմակայել արտաքին մարտահրավերներին։

— Հենց դրանով էլ զբաղվում ենք վերջին տարիներին։ Մենք միասին դիմակայում ենք արտաքին սպառնալիքներին, օգնում ենք միմյանց զարգանալ, իրականացնում ենք համատեղ կոոպերացիոն նախագծեր, այդ թվում՝ ներմուծման փոխարինման և առաջատար ոլորտների զարգացման ուղղությամբ, օրինակ՝ միկրոպրոցեսորների ստեղծման ոլորտում։

Բելառուսը մեր աջակցությամբ ավելի ակտիվ է ներգրավվում նաև ավիացիոն ոլորտում։ Իրականացվում են նախագծեր, որոնք կապված են գյուղատնտեսական մեքենաշինության, հատուկ նշանակության մեքենաշինության և այլ ոլորտների հետ։ Այս բոլոր հարցերը գտնվում են մեր օրակարգում։

Այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Միութենական պետությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ հնչեցին բավականին լավ կանխատեսումներ, ըստ որոնց՝ ընթացիկ տարում հնարավոր կլինի հասնել 70 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության։ Սա հսկայական ցուցանիշ է։

Մեր ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ կազմում է մոտ 220–240 միլիարդ դոլար, սակայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը աշխարհի խոշորագույն տնտեսությունն է, որտեղ ապրում է գրեթե մեկուկես միլիարդ մարդ։

Բելառուսի բնակչությունը կազմում է ընդամենը 9,5 միլիոն մարդ։ Ուստի այս թվերը վկայում են մեր կապերի իրական մակարդակի և սերտության մասին։

Եվ շատ կարևոր է, որ թե՛ մենք, թե՛ բելառուսները տրամադրված ենք հետագայում ևս ամրապնդել այդ կապերը, միասին զարգանալ և աջակցել միմյանց։

Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Եղբայր ժողովուրդները աջակցում են միմյանց։ Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, այլ՝ իրականություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930