Լրահոս
Օրվա լրահոսը

Աղիքային վարակվածության դեպքեր. մասնագետները հավաստիացնում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա

Սեպտեմբեր 09,2014 17:29

Այս պահին դեռեւս պարզ չէ Կապանի բժշկական կենտրոնում հոսպիտալիզացված քաջարանցի 7 եւ կապանցի 3 հիվանդների մոտ առկա աղիքային վարակի պատճառը: Բնակիչները գանգատներով Կապանի հիվանդանոց են սկսել դիմել դեռեւս սեպտեմբերի 5-ից: Այսօր Կապանի հիվանդանոց է դիմել նաեւ դպրոցահասակ մեկ երեխա: Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Քոչարյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ հիվանդների վիճակը բավարար է այժմ, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն արվել են եւ անալիզների պատասխանը պարզ կլինի վաղը:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ինձ դիմածների մոտ առկա էր ջերմություն, արտահայտված փորլուծություն, մկանացավեր, ոմանց մոտ նաեւ սրտխառնոց: Նրանց վիճակն այդ պահին միջին ծանրության է գնահատվել, սակայն բուժում ստանալուց հետո արագ կոնդենսացվել է, ինքնազգացողությունն արդեն բավարար է, անհրաժեշտ անալիզներն արել ենք, նախնական տվյալներով` լուրջ խնդիր չկա», – տեղեկացրեց Մարինե Քոչարյանը:

Քաջարանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը փոխանցեց, որ քաջարանցիներին ուղեգրում են Կապան, քանի որ Քաջարանի բժշկական կենտրոնում ինֆեկցիոն ծառայություն չի իրականացվում: «Երեկ եւս երեքը գնացել են Կապան, դեռ պարզ չէ պատճառը, անալիզների արդյունքներն ընդհանուր 4-5 օրվա ընթացքում է պարզ դառնում: Չեմ կարծում, թե ջրից կլինի վարակը, քանի որ այդ պարագայում վարակվածների թիվն անհամեմատ մեծ կլիներ», – տեղեկացրեց զրուցակիցս:

Ըստ պատասխանատուների` Քաջարանի եւ Կապանի խմելու ջրերը հետազոտվել են, եւ շեղումներ չեն հայտնաբերվել: Իսկ ինչ վերաբերում է սննդային թունավորման հավանականությանը, ապա մեզ հետ զրուցած հիվանդները նշել են, որ ընդհանուր մի վայրում պատրաստված սննդից չեն օգտվել, յուրաքանչյուրն իր տան պայմաններում պատրաստված ուտելիքից է օգտվել: «Ես աշխատանքի վայրում էի, երբ զգացի, որ վատ եմ զգում: Էդ օրն էլ ընդամենը ձու եմ կերել, պանիր ու հաց, ախորժակ էլ չունեի բան ուտելու: Փորլուծություն, սրտխառնոց կար մոտս, եկա հիվանդանոց երեկ, հիմա արդեն լավ եմ զգում ինձ», – ասաց Քաջարանի կոմբինատի աշխատող Հրանտ Պողոսյանը: Իսկ քաջարանցի Աննան նշեց, որ ինքը նման գանգատներով է Երեւանից Քաջարան եկել, այնուհետեւ դիմել է բժշկի: 9-ամյա կապանցի Կարենն էլ երեկ գիշերն է վատ զգացել, ջերմություն ունեցել ու սրտխառնոց: «Երեկ գրեչկա է կերել, ոսպ ու եռացրած ջուր է խմել, չենք հասկանում ինչից պետք է վատ զգար էսքան, քիչ առաջ բերեցի, որ բժիշկները հետազոտեն», – ասաց այսօր Կապանի հիվանդանոց դիմած Կարենի մայրը:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վահան Աբրահամյանը հավաստիացրեց, որ խուճապի մատնվելու կարիք չկա, ջրի նմուշառումներում էլ ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել: «Քաջարանում 12 կետից ջրի նմուշ ենք վերցրել, շեղումներ չկան, մաքուր է ամեն ինչ, խուճապի մատնվելու կարիք չկա: Հիվանդների անալիզները նայել ենք, ու լուրջ բան չենք հայտնաբերել: Կապանի ջուրն էլ ենք ամեն օր ստուգում, վախենալու բան չկա, եթե լուրջ խնդիր լիներ՝ մենք ինքներս կհայտարարեինք դրա մասին եւ կոչ կանեինք՝ ջուրը եռացնելուց հետո խմել», – նշեց պարոն Աբրահամյանը:

Իսկ թե ի՞նչն է հիվանդների մոտ հայտնաբերված աղիքային վարակվածության պատճառը` պարզ կդառնա անալիզի արդյունքների հրապարակումից հետո:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930