Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, ինչքա՞ն պետք է հանդուրժի հայ ժողովուրդը

Սեպտեմբեր 28,2014 23:33

Նախ զարմացած եմ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին արված հայտարարության վրա՝ այն իմաստով, որ եթե ինքը՝ նույնիսկ չի հետևում թափանցիկ ընթացող քաղաքական իրադարձություններին, այն է՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին (եթե չեմ սխալվում, այդ օրը որպես ՌԴ դեսպան Հայաստանում պաշտոնավարել է ինքը) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «հոժարակամ» և ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային Միությանը: Դրանից ավելի, ուրիշ ինչ կարելի է ասել ու անել, որ պարոն Կովալենկոն գոհ մնա և չփորձի Հայաստանի հաշվին՝ Ռուսաստանի իշխանությունների աչքում միավորներ հավաքել:

Ասենք՝ մարդ է, հնարավոր է երկար ժամանակ խմած է եղել և չի տիրապետում այդ տեղեկատվությանը, բա չէր կարո՞ղ մեկնումեկից հարցնել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի Մաքսային Միությանն անդամակցելու առումով և հետո նոր հոխորտար: Իհարկե, չափազանց շնորհակալ ենք իրենից, որ մտածում է մեր փոքր երկրի մասին և «երազում է», որ Հայաստանը լինի զարգացած երկիր ու հանկարծ՝ մի քանի հազարամյա երկիրը այնպիսի սխալ թույլ չտա, որ պարոն Կովալենկոն զայրանա և հայ ժողովրդին վերացնի աշխարհի վրայից: Սակայն, մի բան՝ այնուամենայնիվ չեմ հասկանում, ինչու՞ է պարոն՝ նախկին դեսպանը նման հոխորտալի տոնով ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի ապագա տեսլականի վերաբերյալ իր ցանկություններն ու «մտահոգությունները»: Չէ՞ որ, այդ հարցի վերաբերյալ տարածված՝ վերջին տեղեկատվության համաձայն, Հայաստանը ս.թ. հոկտեմբերի 10-ին պետք է ստորագրի Մաքսային Միությանը միանալու համաձայնագիրը, եթե իհարկե, երեք հիմնադիր անդամները հերթական ներկայացումը չբեմադրեն:

Ամեն դեպքում, եթե այնուամենայնիվ, պարոն Կովալենկոյի հայտարարությունն ընդունենք որպես լուրջ դիվանագետի փաստարկված հայտարարություն, ապա այն ուղղակիորեն՝ միայն մի բան կարող է նշանակել. Հայաստանն ի դեմս՝ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին բարձրաձայնել և դրանից հետո էլ պարբերաբար բարձրաձայնում է, որ Հայաստանը պատրաստակամ է ու ցանկանում է միանալ Մաքսային Միությանը, սակայն իրականում, այդ ամենը բլեֆ է և Հայաստանի նախագահը՝ տակից ուրիշ խաղեր է տալիս: Այլ խոսքով, երևի թե, Հայաստանն ինչպես վարվեց Եվրաինտեգրման հարցով՝ մոտ չորս տարի ասոցացման ծրագրի շուրջ «արդյունավետ» բանակցելուց հետո և ճակատագրական պահին հայտարարեցին, քանի որ չկա և, և-ի հնարավորություն, ապա Հայաստանը միանում է Մաքսային Միությանը, նույն կերպ էլ հիմա՝ մեկ տարուց ավելի է բացահայտ բանակցում են Մաքսային Միությանը միանալու համաձայնագրի շուրջ, հնարավոր է իրենց սովորության համաձայն, հիմա էլ հայտարարեն, որ միանում են Եվրամիության ասոցացման ծրագրին և հանգիստ խղճով քցեն Ռուսաստանին: Կրկնակի բլե՞ֆ: Երանի չէր, որ մեր իշխանությունները կրկնակի բլեֆի՝ դիվանագիտական ունակություն ունենային: Հայ ժողովուրդը դրանից միայն գերագույն հրճվանք կապրեր և չափազանց կհպարտանար այդ քայլով:

Պարոն Կովալենկո, խաղաղվիր, հայ ժողովուրդն էդքան բախտ չունի, որ Հայաստանը կարողանա բլեֆներով՝ այն էլ կրկնակի, հրաժարվել Մաքսային Միություն մտնելուց: Ցավոք, դա մեր խաչն է: Եթե, այնուամենայնիվ Ձեր մտահոգությունները տեղին են և Ձեզ հանգիստ չեն տալիս, ապա զուտ օգնության կարգով կարող եմ ուրիշ խորհուրդ տալ. հանուն հայ ժողովրդի ապագայի (չէ որ, վերջ ի վերջո. 2009-2013թթ. դեսպանավարել եք Հայաստանում) ճիշտ նույն կարգի հայտարարություն ուղղեք Մաքսային Միության երեք հիմնադիր երկրներին ու նրանց ժողովուրդներին, որպեսզի չխոչընդոտեն և Հայաստանին՝ ի վերջո թույլ տան անդամակցել Մաքսային Միությանը և եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Թե չե, աշխարհասփյուռ հայության աչքերը ջուր կտրեց:
Իհարկե, լրիվ երկրորդական եմ համարում բարձրաձայնել այն հանգամանքը, որ այդ ամենից հետո, Դուք հաստատ ՀՀ նախագահից կստանաք «Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր ժամանակների ամենաարժանավոր զավակը» տիտղոսը և հնարավորություն կունենաք նույն կերպ վարվել այն երկրների հետ, որտեղ դեռ պետք է պաշտոնավարեք…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Է, ժողովուրդ որտեղ տեսար, այ ըմբոստ…Էս վախից ու սովից կուչ եկած խեղճակույտն է ժողովուրդ:Վա, տո սերժը փանոսների փարոսը կկտրի, թող վախեն բոբոյից ու բոբոյաթիմից մինչև…միասին ժարկո լինեն իրենց կաթսայում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930