Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների բաց նամակը պետությունների ղեկավարներին

Հոկտեմբեր 06,2014 11:45

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը իր աշխատանքային նիստի ժամանակ անդրադարձավ 2011 թվականի հունվարին համագումարի նախագահության կողմից պետությունների ղեկավարներին հղված դիմումին, որտեղ ասվում էր.

«Այցելելով Բաքու՝ դուք այցելության արարողակարգի շրջանակներում, «շահիդների» պուրակում ծաղկեպսակներ եք դնում «Ադրբեջանի ազատության և անկախության համար զոհված» անձանց շիրիմներին։

Արդեն երկու տասնամյակ է, ինչ մենք` Ադրբեջանի հայ փախստականները, սպանությունների, խոշտանգումների զոհը դառնալուց հետո տառապանքներ ենք կրում, որոնց աղբյուրը շարունակում է մնալ կեղծարարությունը որպես զենք օգտագործող Բաքվի ռեժիմը: Զեղծարարությունը մարդկության պատմության մեջ աննախադեպ է, թե իր ծավալներով, թե արդյունավետությամբ, թե վտանգավորությամբ: Սրանով ռեժիմը ատելության մթնոլորտ ձևավորելով` մի կողմից լուծում է իր պահպանման և երկրի հարստությունը յուրացնելու հարցը, մյուս կողմից` տարածաշրջանում դրանով ձևավորված լարվածությունը օգտագործելով որպես շանտաժի միջոց արտաքին քաղաքականության սպասարկման համար: Եվ ամենակարևորը` կեղծելով իրականությունը` խուսափել պատժից: Այս կեղծարարությունները ունեն իրենց աննախադեպը: Բաքվի ռեժիմը կարողացավ իր մեծագույն կեղծարարության փաստացի մասնակից դարձնել աշխարհի համարյա բոլոր պետությունների ղեկավարներին:

1990թ. հունվարին հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման և համակարգման կենտրոն դարձավ Բաքվի Լենինի անվան հրապարակը։ Ամեն օր, սկսած հունվարի 13-ից, բազմահազարանոց հանրահավաքներից հետո մարդասպանների ահռելի ամբոխը շարժվում էր դեպի այն վայրերը, որտեղ բնակվում էին հայերը և օրվա վերջին կրկին հավաքվում հրապարակում՝ զեկուցելով իրականացրած ոճրագործությունների՝ ջարդերի, ծերերի, կանանց և երեխաների սպանությունների մասին։ Եվ այդպես ամեն օր, մինչև հունվարի 20-ը, երբ հրապարակ մտան ԽՍՀՄ զինված ուժերը, զորքերն ու զրահատեխնիկան: Հենց այդ օրը զորքերի հետ բախման արդյունքում սպանված՝ հայերին ոչնչացնողներն են թաղված «շահիդների» պուրակում, ուր, արարողակարգի համաձայն, ստիպում են ձեզ պսակներ դնել:

Ձեր գերակշռող մասը ներկայացնում է այն երկրները, որոնց հասարակություններն այդ սարսափելի ողբերգության օրերին ձայն էին բարձրացնում՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հայերի զանգվածային ոչնչացումը։ Նրանց մի մասը, ովքեր հրաշքով փրկվեցին, ապաստան գտան նաև ձեր երկրներում։ Այդ ամենի համար մենք անչափ շնորհակալ ենք ձեր ժողովուրդներին և հասարակություններին։

Բայց այս ամենը կարծես մոռացված և մի կողմ դրված լինի:

21 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց այդ աննախադեպ կեղծարարությանը: Հուսով ենք , որ այս դիմումը հիմք կդառնա վերջ դնելու աշխարհի երկրների մասնակցությանը Բաքվի ռեժիմի այդ կեղծարարությանը:

Սա է մեզնից պահանջում հայերի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը, սա է պահանջում մարդկության խիղճն ու արդարությունը»:

Համագումարի նախագահությունը փաստեց, որ իր այդ դիմումից հետո՝ այս տարվա հունիսին տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը Բաքվում Պատվո հուղարկավորության պուրակում ծաղկեպսակ է դրել Հ. Ալիևի գերեզմանին, սակայն, ընդգծված չի այցելել շահիդների պուրակ:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը այս առթիվ խորին շնորհակալություն է հայտնում Շվեյցարիայի ժողովրդին ու նրա իշխանություններին, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերին՝ դիմումին ականջալուր լինելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը դիմում է Հայաստանի Հանրապետությունում ներկայացված բոլոր պետությունների դեսպանատներին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին պարզելու համար, թե, արդյոք, նման մարդասիրական ու արդարացի պահվածք ցուցաբերվել է ևս որևէ պետության ղեկավարի կողմից:

30.09.2014
ք.Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031