Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատասխանում է ֆերմերների բարձրացրած հարցերին

Հոկտեմբեր 06,2014 21:13

Ֆերմերներ Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, Արմեն Թորոսյանը, Հակոբ Վարդանյանը  և Վարդան Հայրապետյանն այսօր  ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձել են  2011 թվականի ներկրված և ֆերմերին վաճառված էլիտար ցորենի սերմնացուի խնդրին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է՝

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտ և Փոքր Վեդի գյուղական համայնքների բնակիչներ Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչ Հակոբ Վարդանյանը և մյուսները Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2011 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել են փոխառության պայմանագրեր և ստացել են աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու՝ պարտավորվելով 2012 թվականի բերքահավաքից հետո՝ մինչև 2012 թվականի սեպտեմբերի 15-ը, կազմակերպությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:

Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2010 և 2011 թվականներին հանրապետություն են ներկրվել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի նույն 7 սորտերը, որոնք 2010 թվականին ՀՀ մարզերում ցուցաբերել են շատ բարձր բերքատվություն և հացաթխման հատկանիշներ: Ներկրված էլիտային վերարտադրության սերմացուներն ուղեկցվել են սերմերի որակը հավաստող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, սերմացուները ենթարկվել են լաբորատոր հետազոտության և հետազոտությունների արդյունքում  գրանցվել են բարձր ծլունակության ցուցանիշներ:

Հաշվի առնելով 2011 և 2012թթ բնակլիմայական անբարենպաստ պայմանները և ՀՀ մարզերից ստացված դիմումները` Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան  մասնագետները գործուղվել են ՀՀ մարզեր և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների հետ համատեղ ցորենի ցանքատարածություններում կատարել ուսումնասիրություններ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի հունիսի 12-ի N 94-Ա հրամանով ստեղծվել է անկողմնակալ հանձնաժողով, որում ընդգրկվել են ներկայացուցիչներ Ագրարային համալսարանից, Երկրագործության ինստիտուտից, Հայպետհիդրոմետ ծառայությունից և այլ գիտնականներ։ Հանձնաժողովը մարզերում ուսումնասիրություններ է կատարել հացահատիկային մշակաբույսերի աշնանացան և գարնանացան ցանքատարածություններում:

Կատարված ուսումնասիրությունների և ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ աշնանացան ցորենի որոշ ցանքատարածություններում 2011 թվականի աշնանը եղանակային չորային պայմանների հետևանքով սերմացուները վատ են ծլարձակել, բույսերի թփակալման հանգույցները մնացել են հողի մակերևույթին մոտ և լիարժեք պատրաստ չեն եղել ձմեռմանը, հետագայում ջերմաստիճանի կտրուկ անկման հետ մեկտեղ, տեղումների սակավության պատճառով ցանքատարածություններն ուշ են ծածկվել ձնով, որը կպաշտպաներ բույսերին ցրտահարությունից և արդյունքում` բույսերը մասամբ ցրտահարվել են: 2012 թվականի գարնանը եղանակային չորային պայմանները շարունակվել են, նույնիսկ ոռոգելի տարածքներում օդի հարաբերական խոնավության ցածր լինելու պատճառով հողում խոնավություն չի պահպանվել:

Նման պայմաններում աշնանացան ցորենի բույսերը, ինչպես բոլոր անբարենպաստ պայմանում գտնվող կենդանի օրգանիզմները, փորձել են լուծել իրենց տեսակի պահպանման խնդիր, աճի ու զարգացման` թփակալման, խողովակակալման և հասկակալման փուլերի անցումը շատ արագ կատարելով, մնացել են կարճ և ձևավորել ցածր բերք:

Նման երևույթներ նկատվել են ինչպես էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներով կատարված որոշ ցանքատարածություններում, այնպես էլ այն ցանքատարածություններում, որոնք կատարվել են տեղական սերմացուներով և Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրում ընդգրկված չեն եղել:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտ համայնքի բնակիչ Ռաֆիկ Պողոսյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, որոնց ուսումնասիրության հիման վրա սերմերի անորակ լինելու հանգամանքը չի հիմնավորվել և 2012 թվականի հոկտեմբերի 15-ին կայացվել է որոշում, համաձայն որի՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Ինչ վերաբերվում է «Սերմերի մասին» ՀՀ օրենքի խախտման հետ կապված բարձրացված հարցին․ Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 18-ի թիվ 1479-Ն որոշմամբ հաստատված «Սերմերի հավաստագրման կարգ»-ի 4-րդ մասի 6-րդ կետի՝ Օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված սորտերի սերմերը չեն կարող հավաստագրվել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ կառավարությունը թույլատրում է ՀՀ տարածքում շուկայահանել (իրացնել) նշված ցանկում չգրանցված սորտի սերմեր: Ծրագրի շրջանակներում սորտերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվել է ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 29-ի 971-Ն և 2011թ. օգոստոսի 4-ի թիվ 1062-Ն որոշումներով:

Դատարանի կողմից Ռ․ Պողոսյանի դրամական և գույքային միջոցների վրա դրված արգելանքի վերաբերյալ վերջինս միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դրամական միջոցների վրա դրված կալանքը վերացնելու խնդրանքով, որին «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը չի առարկել։ Ներկայումս Ռ․ Պողոսյանի դրամական միջոցների վրայից արգելանքը հանված է։

Հարկ է նշել, որ 2010 թվականին ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից ծրագրում ընդգրկված 1 շահառուի տրամադրվել է ՌԴ-ից ներկրված 4,5 տոննա էլիտային վերարտադրության նույն սորտի սերմացու, որի միջին բերքը 2011թ. կազմել է 60-65 ցենտներ 1 հեկտարից, վերջինս 9 տոննա սերմացուի հետ վերադարձը ապահովել է ամբողջությամբ, ինչպես նաև նրանից ծրագրի շրջանակներում կատարվել է առաջին վերարտադրության սերմացուի գնում։

2014 թվականի բերքահավաքի ժամանակ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները եղել են Նոր Կյանք համայնքում և հանդիպել հողօգտագործողների հետ, որոնք հայտնել են, որ վերջին 2-3 տարիներին համայնքում հիմնականում օգտագործվում են 2010 թվականին ծրագրում ընդգրկված շահառուի ստացված սերմացուի վերարտադրության արդյունքում արտադրված սերմերը, որոնք ապահովում են միջինը 55-60 ց/հա բերքատվություն։

Համաձայն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և Ծրագրի շահառուների միջև կնքված փոխառության պայմանագրերի` նախատեսված քանակի և որակի սերմացուի հետ վերադարձը չապահովելու դեպքում շահառուները պարտավոր են ստացած աշնանացան ցորենի յուրաքանչյուր կիլոգրամ էլիտային վերարտադրության սերմացուի դիմաց հետ վերադարձնել 700 դրամ: Պայմանագրերում  անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր) նախատեսված չէ: Սակայն, հաշվի առնելով 2011թ աշնան և 2012 թվականի գարնան բնակլիմայական անբարենպաստ պայմանները, սերմացուների հետ վերադարձը չապահոված շահառուների պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մասնակիորեն զիջվել են և 700 դրամի փոխարեն վերջիններիս ստացած յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի դիմաց հնարավորություն է ընձեռնվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին վճարել 420 դրամ։ Նեկայումս նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել համապատասխան որոշման նախագիծ, համաձայն որի շահառուների կողմից 2011 թվականին ստացած յուրաքանչյուր կիլոգրամ էլիտային սերմացուի դիմաց կվճարվի 200 դրամ, 4 տարվա ընթացքում՝ տարեկան մինչև հոկտեմբերի 1-ը վճարելով գումարի 25%-ը։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031