Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է տեսել չեզոք գոտում զորավարժություններ անեն, կամիկաձե՞ ենք ուղարկում այնտեղ». Գուրգեն Եղիազարյան

Նոյեմբեր 14,2014 19:14

«Մենք կորցրեցինք ուղղաթիռ: Նախ` պետք  էր ծառայողական քննություն անցկացնել եւ տեսնել, թե ի՞նչ գործ ուներ այնտեղ ուղղաթիռը՝ չեզոք գոտում: Մենք երեք ազնվագույն զինվորական կորցրեցինք, մասնագետի կորցրեցինք, որոնց կարելի է այսօր մատների վրա հաշվել: Ադրբեջանը ողջ պատերազմի ընթացքում ընդամենը 1 օդաչու ուներ: Իսկ մենք այսօր 3 հոգի կորցրեցինք՝ անտեղի տեղը: Ո՞վ ուղարկեց նրանց կրակային գիծ, ինչի՞ համար ուղարկեցին՝ սրանից պետք է սկսել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում  Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի կործանման հետ կապված այսպիսի գնահատական տվեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Մեր հարցին՝ ասում են՝ դա անվտանգության չեզոք գոտի է եւ չլսված է, որ կրակեն նման դեպքում՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Դա կրակային գիծ է: Կրակային գծում զորավարժություններ չեն լինում: Մենք կամիկաձե՞ ենք ուղարկում այնտեղ: Այդտեղից ցանկացած վայրկյան նույնիսկ ՄՈՒԽԱ 7-ով կարելի էր հարվածել, ոչ թե Իգլա-ով: Ո՞վ է տեսել չեզոք գոտում զորավարժություններ անեն: Զորավարժություններ թիկունքում են անում, իսկ չեզոք գոտում անօդաչու ինքնաթիռ են  ուղարկում: Ուղղաթիռը վիթխարի թիրախ է օդի մեջ: Եթե նա չի հարձակվում, ապա խոցելի է դառնում: Եթե դա հետապնդում է հետախուզական նպատակ, ապա 21-րդ դարում դա հսկայական ուղղաթիռով չեն անում՝ մարդկանց կյանքն ու տեխնիկան վտանգելով: Դրա համար այսօր անօդաչու սարքեր կան, որոնցով իրականացվում է հետախուզությունը»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է  օդաչուներն են շեղվել՝ Գուրգեն Եղիազարյանը բացառեց դա. «Օրը ցերեկո՞վ: Մենք արտակարգ օդաչուներ ունենք: Լավ, մի ուղղաթիռը շեղվեց, երկրո՞րդն էլ շեղվեց: Այդ ամեն ինչը պարզելու համար պետք է ծառայողական քննություն սկսել, ոչ թե գալ նստել օդանավակայանում»:  Ըստ Գուրգեն Եղիազարյանի, եթե կատաղած շան բերանը ձեռք ես տանում, ի՞նչ պետք է անի, պետք է կծի: Եվ Ադրբեջանն այդպես էլ վարվել է:

Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Արցախի նախագահը, ի տարբերություն շատ շատերի, ժողովրդի կողմից ընտրված նախագահ է: Եթե Արցախում ուղղաթիռ է ընկել, առաջին մարդը, որ պետք է զբաղվի եւ իջնի Ստեփանակերտի օդանավակայանում, զինվորական հագուստով՝ դա Արցախի գլխավոր հրամանատարն է: Սերժ Սարգսյանն ի՞նչ գործ ունի, որ գնացել այնտեղ իջել է: Երբ Սերժ Սարգսյանն է իջնում ուղղաթիռով այնտեղ, նման իրավիճակներից է, որ մենք դառնում ենք բանակցային կողմ, հորջորջում են, որ մենք ենք գրավել այդ տարածքները, որ Ղարաբաղի ժողովուրդը ոտքի չի կանգնել եւ չի հռչակել իր անկախությունը: Մենք մեր ԶԼՄ-ներով մեր հերն անիծում ենք: Սերժ Սարգսյանի ուղղաթիռով ժամանելը մեծ ակնածանքով ցույց են տալիս, թեեւ ուղղաթիռով ով ասես՝ կարող է իջնել, ուղղաթիռն անտեսանելի է թշնամու համար: Միլիոնավոր գումարներ եք ծախսել օդանավակայանի վրա, իջնում էիք՝ ինքնաթիռով իջնեիք, բա ուղղաթիռով ինչի՞ էիք իջնում: Որովհետեւ ինքնաթիռը կերեւար, չէ՞: Ինչո՞ւ մինչ օրս Ստեփանակերտի օդանավակայանում ինքնաթիռ չի իջել: Որովհետեւ թուրքերը հայտարարել են անթռիչք գոտի եւ ուղղակի ասել են, որ կխոցեն ցանկացած ինքնաթիռ, եթե երեւա Ստեփանակերտի օդանավակայանում: Հրամանատարները չե՞ն հասկանում, որ չեզոք գոտում կխոցվի ռազմական ուղղաթիռը: Եվ մեր պետության միջամտությունը անկախ Արցախի գործերին հանգեցնում է նրան, որ ամեն օր թուրքերը մեր սահմանամերձ գյուղերի դպրոցներն են գնդակոծում: Պետք է պատկերացնել, որ ամեն օր Սերժ Սարգսյանը պետք է կոմուֆլյաժը հագած լիներ ՀՀ սահմանում: Անկախ, ազատ Արցախը նախագահ ունի՝ Բակո Սահակյանը: Ինչի գլխավոր հրամանատարի գլխին մի հա՞տ էլ է հրամանատար լինում»:

Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ ՄԻ-24 ուղղաթիռի կործանման խնդրով, ինչպես նաեւ առհասարակ ԼՂՀ հարցով պետք է զբաղվի միայն 1 մարդ, որպեսզի Եվրոպան խոսի անկախ Ղարաբաղի մասին. «Երկուսն են գլխավոր հրամանատար, դրա համար այսօր մենք ենք բանակցային կողմ դարձել, ոչ թե Արցախը ու դրա համար ԼՂՀ հարցը չի լուծվում: Եթե գնում իջնում եք, գերագույն հրամանատար եք հանդես գալիս, ուրեմն բարի եղեք ընդունել Արցախի անկախությունը: Ընդունեք՝ դա հասկանալի կլինի: Ասում են՝ ինչպե՞ս ընդունենք անկախությունը, չէ՞ որ կասեն, որ մենք ագրեսոր ենք: Իսկ երբ գնում իջնում ես այնտեղ, ագրեսոր չե՞ս: Անտեղի թուր պետք չի ճոճել: Ղարաբաղը չունի պատերազմով ելք: Ղարաբաղն ունի բանակցություններով ելք: Հայրենասիրության այդ դրսեւորումները չպետք է անենք, դա միայն վնաս է տալիս մեզ: Պետք  է ներսում մտածենք, թե ո՞վ կերավ մեր կյանքի ճանապարհի 1 մլրդ վարկը: Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը  թող իր երկրի ներսի խնդիրներով զբաղվի: Մենք ի՞նչ գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, Բակո Սահակյանը պետք է գործ ունենա՝ Ղարաբաղի անկախ ժողովուրդը՝ իր գլխավոր գերագույն հրամանատարով»:

Պարոն Եղիազարյանը նաեւ ասաց, որ խորը ցավակցում է զոհվածների ընտանիքներին. «Հարգանքիս տուրքն եմ մատուցում, բայց ցավոք,այս վերջին 1 տարում շուրջ 3000 զոհ է եղել: Ես չեմ կարող ասել, թե քանիսն են թուրքերի զոհերը, բայդ դրանք շարունակական են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ճիշտ հարցադրումներ:

    Նավթի գինը կտրուկ իջնում է. «բարեկամ» ռուսին շտապ պրոբլեմներ են պետք՝ նավթամուղների մոտ:

  2. Garegin says:

    Համոզված եմ ողջ հայ ազգն է սգում մեր քաջ զինվորականների համար, սակայն այստեղ պարզել է պետք, թե կողմերից որն է հրահրողը, նրանք, որ խոցեցին մեր ուղղաթիռը, թե մենք, որ չեզոք գոտի ուղարկեցինք: Հավանաբար առաջինը պետք է զորավարժության պատասխանատուն հրաժեշտ տա բանակին, հետո նոր նրանք, ում անմիջական թողտվությամբ տեղի ունեցավ այս ամենը:

  3. Ստեփան says:

    Ինչպես որ ասվել էր իմ կողմից դեռևս նոյեմբերի 13-ի (շարունակությունը ամսի 14-ի) հոդվածում: Ապրե՛ս Գուրգեն Եղիազարյան ուղղամիտ վերլուծության համար: Գուրգեն Եղիազարյանը կողմեր չնշեց ու հարցին ավելի սուր տեսանկյունից դեռ չմոտեցավ: Այնուամենայնիվ հարգանքներս նրան:

    Լրացուցիչ ծանոթացեք հետևյալ հղումներին https://www.facebook.com/stepan.abrahamyan.1/posts/754247327995135?pnref=story

    https://www.facebook.com/stepan.abrahamyan.1/posts/754779234608611?pnref=story

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930