Լրահոս
Օրվա լրահոսը

«Զապի» կուսակցականներ

Նոյեմբեր 27,2014 10:11

Ժամանակ առ ժամանակ մենք՝ լրագրողներս, հարցազրույցներ ենք վերցնում մարդկանցից, որոնք ներկայանում են որպես «այսինչ կուսակցության նախագահ», մենք էլ՝ առանց վարանելու, ընդունում ենք նրանց այդ «ներկայացումը»: Սովորաբար այդ «առաջնորդների» թիմում լինում է առավելագույնը 20-30 հոգի:

Մինչդեռ օրենքով կուսակցությունները պետք է ունենան առնվազն 5000 անդամ եւ մարզային կառույցներ: Եթե դա համապատասխաներ իրականությանը, ապա Հայաստանում «գործող» մոտ 50 կուսակցությունների պարագայում մեր երկրում պետք է լինի առնվազն 250 հազար կուսակցական: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ որոշ կուսակցություններ հայտարարում են, թե նրանց շարքերում կա 200-300 հազար անդամ, ապա կստացվի, որ Հայաստանի ամբողջ չափահաս բնակչությունը կուսակցական է: Ես խիստ կասկածում եմ, որ նույնիսկ ԱԺ ներկայացված բոլոր կուսակցություններն ունեն 5000 անդամ: Իսկ խորհրդարանից դուրս նման կուսակցություններ հաստատ չկան:

Եվ այդ առիթով ուզում եմ հարցնել եռյակի եւ հատկապես ԲՀԿ-ի իմ հարգելի բարեկամներին՝ որտեղի՞ց եք դուք պեղում ինչ-որ անհայտ կուսակցություններ, որոնց գոյության մասին գիտեն լավագույն դեպքում լրագրողները, եւ հետո հայտարարում, որ այդ կուսակցությունները, որոնց բոլոր անդամները, ինչպես առաջ էին ասում, կտեղավորվեն մեկ «Զապի» մեջ, միանում են ձեզ: Քանա՞կ եք ապահովում: Բայց դուք վստա՞հ եք, որ այդ մարդ-կուսակցությունները, ձեր կողքին հայտնվելով, ձեզ չեն վարկաբեկի: Նրանց օգուտը պարզ է՝ դա իրենց մասին հիշեցնելու գրեթե միակ շանսն է, բայց ո՞րն է ընդդիմության շահը:

Թե հայկական եւ թե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը մարդկանց կամ կուսակցությունների քանակի մեջ չէ: Խնդիրը նպատակներին հասնելու վճռականության եւ անկեղծության մեջ է: Նաեւ դա հաշվի առնելով՝ երեւի, ճիշտ կլինի, որ 5000 հոգու եւ մարզային կառույցների պահանջը օրենքից հանվի: Միեւնույն է՝ խաբում են, եւ ոչ ոք չի ստուգում՝ քանի հոգի իրականում կա այս կամ այն կուսակցության մեջ:

Որոշ դեպքերում, երբ ակնհայտ է դառնում, որ օրենքի խախտումները զանգվածային են, ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա: Եթե, օրինակ, պատգամավորների եւ նախարարների զգալի մասը զբաղվում է բիզնեսով, բայց ստում է՝ ասելով, թե չի զբաղվում եւ հնարում է ինչ-որ «թզի տերեւներ»՝ «հավատարմագրային կառավարման» կամ «զոքանչի անունով» սեփականության տեսքով, ապա պետք է վերացնել օրենքի այդ չգործող նորմը եւ գրել այնպիսի օրենքներ, որոնք կկարգավորեն պաշտոնյաների գործարար ակտիվությունը:

Եթե բացի 3-4 կուսակցություններից՝ ոչ ոք չի կարող «հավաքել» 5000 կուսակցական, ապա պետք է այդ պահանջը հանել՝ գտնելով կուսակցությունների խոշորացման այլ, բայց անպայման բնական մեխանիզմ: Մարդն ուզում է կոչվել կուսակցության նախագա՞հ՝ խնդիր չկա, թող բավարարի իր հավակնությունները: Թող ինքը, ի վերջո, հասկանա, թե որքան ծիծաղելի է իր վիճակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. david says:

    Ընդօրինակում են ,խայծն են կուլ տալիս…Չէ որ բազմաթիվ մանր կուսակցություններ որոշակի տեղ, ցածր շեմը սահմանել են առավել մեծ քաղաքական պլյուրալիզմ ապահովելու նպատակով: Մի տեղ յոթ հոգով յոթ երգ են երգում, մի տեղ `յոթ երգ գիտեն, յոթն էլ տանձի մասին:Կարևորը երգի տեղը, ժամանակը, ձևը,նպատակը…Կարևորը`բովանդակությունը:Պատկերացրեք ,,Աշխարհիկ հայիզմ,,կուսակցություն:Տարածքներ խաղաղության դիմացը ,, `ձև, ,,Պատերազմ տարածքների համար,,..Մնացած մոտիվացիան զուտ պրագմատիկ…

  2. Կարեն says:

    Կուսակցությունների հարցում օրենքը կարող է փոխեն, սակայն երբեք չեն փոխի նախարարների և պատգամավորների տնտեսական գործունեությունը կարգավորող օրենքը: Այդ օրենքի շնորհիվ պաշտոնյաները գտնվում են под колпаком у Мюллера. Նրանց կողմից խախտված ամեն մի օրենք խորացնում է նրանց կախվածությունը իրարից և իշխող վերնախավից:

  3. Մարգար Մախսուդյան says:

    == Բայց դուք վստա՞հ եք, որ այդ մարդ-կուսակցությունները, ձեր կողքին հայտնվելով, ձեզ չեն վարկաբեկի: ==
    Փաստորեն, մտահոգված եք ընդդիմության վարկանիշով և շահո՞վ…
    Իրականում նրանք, ովքեր բավականին ժամանակ է, ինչ կարդում են Ձեր խմբագրականները, գիտեն, որ սա ևս ՛՛Փնովիր ընդդիմացողներին, որ մերոնք մի քիչ էլ տիրեն՛՛ շարքից է, ինչն այնքան սովորական է դարձել, որ նույնիսկ չի էլ նյարդայնացնում…

  4. Արսեն says:

    Բրավո! …

  5. Կարո Մելիքյան says:

    Ժողովրդական մի ասածվացք կա՝ մկան …ռն էլ օգտակար է ջրաղացի համար։ Ըստ ինձ,կա արդիական եւ շատ ավելի էական հարց, կարող՞ է արդյոք՝ ինչ որ կուսակցության նախագահը դառնալ Հանրապետության Նախագահ, այսինքն՝ ընտրվելուց հետո կուսակցությունից պետք է դուրս գա ։Թե չե,այսօրվա ՀՀԿ-ն դարձել է նախկին ՀԿԿ-ն՝ այստեղից բխող հետեւանքներով։ Ինչպես էն,ամեն մի գրպանային կուսակցապետեր իրենց քցում այն կուսակցություն,որտեղ Նախագահն է,… անուն ազգանունները հայտնի են ,.. կերակրատաշտին որքան հնարավոր է մոտ…։ Թե՞ «Մեծ եղբոր» օրինակը պարտադիր է մեզ համար։ Այս տարբերակը, զարգացած ու կայացած դեմոկրատական երկրների համար, դերակատարություն չի կարող ունենալ, ( օրինակ՝ Ֆրանսիա,Գերմանիա եւ այլն)։ Իսկ դրույքներն էլ ամրագրել սահմանադրությամբ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930