Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ երեխայիս ձեռքս տվեցին, չէի ուզում վերցնել, իսկ հիմա կյանք չունեմ առանց նրա»

Դեկտեմբեր 06,2014 21:09

Ռաֆայելյանների ընտանիքում շուտով մանկան ճիչ կլսվի: 24-ամյա Լիանան երրորդ երեխային է սպասում: Վախը սրտում՝ ամեն օր աղոթում է Աստծուն, որ իրեն առողջ փոքրիկ պարգևի:

Նրա առաջնեկը՝ Արամիկը, 3.5 տարեկան է: Փոքր քաշով ծնված այս երեխայի մոտ հայտնաբերվել են թոքային զարկերակի ստենոզ, դիմածնոտային արատներ՝ «նապաստակի շրթունք» և «գայլի երախ»: Մոր խոսքով՝ վերջիններս ժառանգական են: «Երբ երեխային ձեռքս տվեցին, չէի ուզում վերցնել, իսկ հիմա կյանք չունեմ առանց նրա»,  – ասում է բազմազավակ մայրը:Լիանա

Սրտի վիրահատությունն արվել է ծննդաբերությունից անմիջապես հետո. դա նորածնի կյանքը փրկելու միակ ելքն էր: Ամիսներ առաջ վիրահատել են նաև քիմքը: Վարժ խոսել չի կարողանում. միայն հատուկենտ բառեր է արտաբերում: Մայրն իր ամբողջ ժամանակը նվիրում է երեխայի խնամքին:  6 տարեկանում նախատեսվում է պլաստիկ վիրահատություն:

Այդուհանդերձ Արամիկը շատ աշխույժ երեխա է. սիրում է թխվածքաբլիթներ, հետաքրքրվում մոր և քրոջ՝ Մանեի գեղեցկության պարագաներով: 2 տարեկան քույրն էլ «կրակի կտոր» է. պարում է, ուրախացնում բոլորին: Նա թոքաբորբով է ծնվել, սակայն շուտով ապաքինվել է: Մայրը որոշել է՝ մարտ ամսից երկուսով մանկապարտեզ են գնալու:Հրազդան

Ռաֆայելյաններն արդեն 20 տարի է՝ ապրում են  Հրազդանի «Դոմիկներ» կոչվող թաղամասում:  Լիանան ժամանակավորապես բնակվում է հայրական տան խոնավ պատերի մեջ, քանի որ ամուսինը չի կարողանում հոգալ իր և երեխաների բուժման ծախսերը: Այստեղ էլ դժվարությամբ են «ծերը- ծերին» հասցնում. ամսական 29.000 դրամ փարոսի հույսին են: Հայրն արտագնա աշխատանքից վերադարձել է «առանց մի կոպեկի». խաբել են, չեն վարձատրել: Միայն եղբայրն է, որ ավտոլվացման կետում է աշխատում:

Բազմանդամ ընտանիքի հոգսերը ձմռանն ընդառաջ կրկնապատկվում են:  Առաջնային պետք է վառելիքի հարցը լուծել: Դեսից-դենից փայտ են հավաքում, պատահում է՝ հարևաններն են օգնում:

Անցած տարի գումարի պատճառով չեն կարողացել Նոր տարի նշել, սակայն հավատացած են՝ ամեն ինչ լավ է լինելու: «Կարևորը բոլոր բալիկներն առողջ ծնվեն»՝  ահա հղի կնոջ միակ երազանքը:

 

Անի Անտոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    ինչպես է կարելի կապվել և հանդիպել այս ընտանիքի հետ, օգնություն առաջարկելու համար?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031