Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակից մեկնարկել է Մարդու իրավունքների օրվան նվիրված երթ՝ «Համաժողովրդական շարժման միջոցառման» շրջանակներում: Եռյակի լիդերներից մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին՝ ինչու՞ եռյակի մյուս լիդերները՝ առաջին դեմքերը, չեն մասնակցում երթին, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես առաջին դեմք չեմ, մենք ունենք տարբեր դեմքեր՝ մի շարք քաղաքացիներ, պատգամավորներ»:
Կապված այն հարցի հետ, թե ինչու եռյակի առաջին դեմքերը ներկա չեն, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ես ուրիշի դատավորը չեմ, ես կլինեմ միշտ, քանի Աստված ինձ ուժ կտա: Ես միշտ կլինեմ հրապարակում: Ուրիշներն իրենց անձնական, քաղաքական հավակնությունները թող իրար մեջ ճշտեն: Ես աթոռ չեմ ուզում, ես ուզում եմ լինել հրապարակում և որ ՀՀ քաղաքացին դառնա երկրի տերը»:
Մինչ քաղաքացիները շարժվեցին երթի երթուղով, Լևոն Զուրաբյանն առանձնացավ նրանցից ու վերադարձավ Ազատության հրապարակ՝ չմասնակցելով երթին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու՞ չի մասնակցում երթին: Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես տենդինիտի պատճառով ժամանակավորապես չեմ կարող մասնակցել երթերի»:
Կարդացեք նաև
Քաղաքացիները ետ վերադարձան: Երբ երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարթակից հայտարարեց, թե հեղափոխություն իրականացնելու համար իրենց համար կարևոր է ոչ մարդկանց քանակը, այլ որակը: Լևոն Զուրաբյանն էլ եզրափակեց. «Երբ ենք պրծնելու այս ավազակներից, այս ռեժիմից…երբ գա վճռական պահը, մենք բոլորիդ դիմելու ենք, և դուք զինվորների պես հավաքվելու եք: Մեր գործը հաղթական ավարտին հասցնելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ