Երեխաների նկատմամբ բռնությունը խնդիր է ամբողջ աշխարհում: Աշխարհի 2 միլիոն երեխաների կեսը ենթարկվում է բռնության: Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում երեխաներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար մոտ 60 քրեական գործ է հարուցվել, գրանցվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների մոտ 140 դեպք: Այս տվյալներն այսօր «Հենարան» ակումբում հայտնեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը:
Ըստ բանախոսի՝ երեխաների դեմ բռնությունն իրականացվում է ոչ միայն տանը, այլեւ բակում, եւ այն հաստատություններում, որտեղ նրանք գտնվում են: Տուժող երեխաները հիմնականում 11-ից 17- տարեկան անչափահասներն են: Ըստ փաստաբանի ներկայացրած տվյալների՝ այս տարի՝ 2013 թվականի համեմատ, բռնաբարության դեպքերն ավելացել են երկուսով, իսկ անառակաբարո գործողությունները նվազել են 5 դեպքով:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանն էլ ասուլիսին պատմեց, որ վերջին շրջանում շփվել է 300 երիտասարդ մայրերի հետ եւ այդ շփման ընթացքում, երբ խոսք է գնացել այն մասին, թե արդյոք նրանք կիրառում են բռնություն երեխաների նկատմամբ, մեծ մասը պատասխանել են, որ ապտակելը կամ հարվածելը բռնություն չէ, այլ դաստիարակչական մեթոդ. «Ցավալի է այն, որ շատ մայրեր նաեւ պաշտպանում են մանկավարժին, դաստիարակին, որոնք հարվածում են երեխաներին»:
Տաթեւիկ Աղաբեկյանի խոսքով՝ շատ ծնողներ չեն բացահայտում եւ լռում են, որ իրենց երեխայի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարվել. «Հատկապես դեպքերը շատ են անչափահաս աղջիկ երեխաների պարագայում, երբ ծնողը նախընտրում է չխոսել՝ մտածելով երեխայի ապագայի մասին»: Սակայն, ըստ բանախոսի, ծնողները նաեւ պետք է կարեւորեն երեխայի հոգեկան վիճակը եւ դիմեն մի կառույցի, որտեղ երեխային աջակցություն կցուցաբերեն:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































