Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԷԿ-ում յուրացումներն, անպայման, նախարար Մովսիսյանի գիտությամբ են եղել»

Դեկտեմբեր 15,2014 18:12

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԱԷԿ-ի` Մեծամորի ատոմակայանի կոմերցիոն նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը կալանավորվել է փողերի լվացման կասկածանքով. Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցված 2 հոդվածով:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ԱԱԾ-ի ուշադրությունն է հրավիրում տարիներ առաջ ՀԱԷԿ-ում առաջած ֆինանսական մի խնդրի շուրջ, եւ կոչ է անում գործը քննելիս նաեւ իր նշած խնդիրն էլ հաշվի առնել:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը պատմեց, որ ինքը, երբ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր էր, ՀԱԷԿ-ի մոտ 160 աշխատակիցների ստորագրությամբ նամակ է ստացել, ըստ որի իրենց աշխատավարձները չեն համապատասխանում օրենքի պահանջներին. այսինքն` 2001 թվականին

ԱԺ-ն օրենք է ընդունել, որ առողջությանը վնաս հասցնող հիմնարկներում, մասնավորապես ՀԱԷԿ-ում, աշխատավարձերի հավելավճարներ, նույնիսկ կրկնակի վճարումներ պիտի կատարվեն: Տիկին Բախշյանի խոսքերով` «Աշխատակիցները նշել էին, որ սահմանված ցանկի մեջ են, սակայն տարիներ  շարունակ չեն ստացել այդ աշխատավարձերը: Ես բազմաթիվ անգամ հանդիպումներ եմ ունեցել աշխատակիցների, տնօրինության,  նախկին տնօրեն Գագիկ Մարկոսյանի հետ, ժողով է եղել արհմիության, աշխատակիցների ու պետերի հետ: Ու սկսվեց իմ կողմից նամակագրությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Ապա  2010-ի բյուջեում իմ նախաձեռնությամբ առաջարկներ մտցվեց, ըստ որի  ներառվեց աշխատակիցների չստացված գումարները` 920 միլիոն դրամ, որից 782 միլիոն դրամը ստացան աշխատակիցները, իսկ մնացածը՝ սոցվճար: Ես կարծում եմ, իրենք հասկանալով, որ լուրջ քրեական գործի հոտ է գալիս` տվեցին գումարները, նույնիսկ նրանց տվեցին, ովքեր աշխատանքից դուրս էին եկել: ՀԱԷԿ-ից շատերը մոտեցել են ինձ ասել են` ես միլիոնատեր դարձա»:

Անահիտ Բախշյանն ասաց, որ փոխտնօրենի կալանավորման մասին լուրը կարդացել է, անմիջապես վերոնշյալ  ֆինանսական խնդրի մասին:

«Ես իմ վարկածն ունեմ, շատ մոտիկից առնչվելով գործին, ենթադրում եմ, որ այդ գումարները ժամանակին դուրս են գրել, բայց իներցիայով չեն տվել մարդկանց, յուրացրել են, բայց, անպայման նախարար Մովսիսյանի գիտությամբ է եղել: Եւ քանի որ աղմուկ բարձրացվեց ու հրապարակայնացվեց, նորից գումար տվեցին Մեծամորին, այն դեպքում, երբ Մեծամորն ինքն, որպես  առեւտրային կազմակերպություն, պարտավոր է իր գումարները տալ պետական բյուջեին: Բայց, բյուջեից պարտքը տվեցին Մեծամորին, սա «նոն սենս է, եւ եթե համապատասխան քննություններ են կատարվում,  իսկ սա իմ կարծիքով պետական բյուջեին հասցված մեծ վնաս է, ուրեմն պետք է իմ նշած խնդրին անդրադառնան, պետական բյուջեի վնասը պետք է փոխհատուցվի»,-նկատեց տիկին Բախշյանը:

Aravot.am-ի հարցին` եթե օրենքով հասնում էր այդ գումարներն աշխատակիցներին, ապա ինչո՞ւ ԱԺ-ում, երբ նրանց վճարվելիք գումարների հարցը բարձրացվել է, չեն անդրադարձել տարիներով վճարում չկատարած խնդրին, տիկին Բախշյանն ասաց. «Պատահական չէր, որ այդ փողը տվեցին, ի վերջո նախարարը կառավարության անդամ է, երեւի ասվել է` սուսուփուս էդ փողը տանք: Ես չեմ խնդում, ես պարզապես իմ բացահայտումներից ելնելով եմ ենթադրում: Իրականում, ինչպես է եղել ամեն ինչ, պարտավոր են անդրադառնալ եւ մարդկանց ասել այդ մասին: ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի այդ գործով զբաղվի: Իմ կարծիքով ոչ ոքի չի հաջողելու ջրից չոր դուրս գալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Նախարար Մովսեսյանը ձյունի նման ճերմակ մարդ է, նա էդ խառը հաշիվներից հաստատ տեղյակ չէ! Ինչպես եւ «Նաիրիտի» սննկացումից, «Տաթեւգեսը» կուլ տալուց ու հազար ու մի շառ-շուռից! Անմեղ աստծո գառնուկին չի կարելի մեղադրել!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031