Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը հենց իր աշխատակցին  օգտագործում է, հետո շպրտում է  փողոց»

Հունվար 13,2015 16:30

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ դատարանում իր պաշտպանների ներկայացրած միջնորդությունը դատարանը  չէր կարող չբավարարել:

«Սա այն միջնորդությունն էր, որն անհնար էր չբավարարել, որովհետեւ պետք է անցկացվի փորձաքննություն` ստուգելու այն տվյալները, որոնք իբր թե նախաքննական մարմինը ստուգել է: Խոսել,  թե այս միջնորդության բավարարումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գործի վրա, անիմաստ է, առավել եւս, որ բազմաթիվ դատական նիստերով տեսնում ենք դատարանի դիրքորոշումը` ամեն կերպ փորձել հիմնավորել նախաքննական մարմնի հեքիաթը: Իսկ նախաքննական մարմինը  փորձում է ապացուցել` իբր թե այն դիրքով, երբ ես եղել եմ բերման ենթարկվելիս մեքենայի մեջ, կարող էի զբաղվել  ինքնավնասմամբ, ինչը ակնհայտ սուտ է: Այդ միջնորդությունը  հենց նրա համար ենք ներկայացրել, որ ցույց տանք` դա անհնար է: Թող իմ կառուցվածքի մեկ այլ անձնավորության բերեն ու նստեցնեն ցույց տան` ինչպես է հնարավոր ինքնավնասումը»,- դատական նիստից հետո ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Դատարանն այս գործով որպես վկա ցուցմունք տալու ծանուցում էր ուղարկել նաեւ Կիվիրյանին ինքնավնասման մեջ տեսած ոստիկանին, բայց մինչեւ այսօր այդ վկայի դատաքննությունը տեղի չի ունեցել, վկան չի ներկայանում:

Թե ի՞նչ անդրադարձ կունենա գործի քննության վրա վկայի չներկայանալը մեր հարցին՝ Արգիշտի Կիվիրյանը պատասխանեց. «Վկան ոստիկանության ներկայացուցիչներից մեկն է, ակնհայտ է, որ պրակտիկայում ոստիկանությունը հենց օգտագործում է այդ կեղծ վկաներին, հետո դուրս է շպրտում: Տեսնում ենք հենց այդ իրավիճակը: Տարբեր գործերով ոստիկանությունը հենց իր աշխատակցին  օգտագործում է, հետո օգտագործված գործիքի պես շպրտում է  փողոց»:

Դատարանն այսօր հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նշված վկան դուրս է եկել համակարգից, Հայաստանից էլ հեռացել է:

Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել 2013-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած  դեպքերի առիթով, գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):
 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031