Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է՝ ռեժիսորները չանտեսեն ժամանակակից հեքիաթագիրներին

Հունվար 14,2015 14:00

Մանկական ներկայացումների, հեռուստաալիքներով ցուցադրվող մուլտֆիլմերի եւ մանկական կինոնկարների հիմքում հիմնականում ընկած են հայկական ժողովրդական եւ հայ դասական ու օտար հեղինակների հեքիաթներ: Վերջերս տեղի ունեցավ հայկական առաջին անիմացիոն մուլտֆիլմի՝ «Անահիտի» պրեմիերան, որի հիմքում նույնպես դասական հայ գրողի՝ Ղազարոս Աղայանի հանրահայտ հեքիաթն էր (ռեժիսոր՝ Դավիթ Սահակյանց): Ինչո՞ւ է անընդհատ շեշտը դրվում դասական հեքիաթների վրա, մի՞թե մեր օրերում չեն ստեղծվում նոր եւ ժամանակակից հեքիաթներ: Այս հարցով դիմեցինք գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին (լուսանկարում): «Իհարկե, այսօր խոսել հեքիաթի՝ որպես բանահյուսական ժանրի լիարժեք գոյության մասին, այնքան էլ ճիշտ չէր լինի, թեպետ շատ ծնողներ բազմաթիվ հեքիաթներ են հորինում իրենց երեխաների համար: Դրանք գրեթե չեն վերապատմվում այլոց կողմից՝ ինչը ժանրի բանահյուսական ընկալման ու դրսեւորման ցուցիչներից է,- նշեց մեր զրուցակիցը:- Մյուս կողմից՝ այսօր էլ բազմաթիվ հեղինակներ կան, որոնք վերապատմում կամ մշակում են հայտնի հեքիաթների սյուժեները՝ նոր մոտեցմամբ, նոր ժամանակներին համահունչ»:

Մեր զրուցակիցն առանձնացրեց հատկապես Լեւոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» հեքիաթների ժողովածուն, որն ըստ նրա՝ մշակումների բնույթով, հերոսների արարքների մեկնաբանման փիլիսոփայական, բարոյաբանական մոտեցմամբ՝ ընդհանրապես նորություն է հայ հեքիաթագրության մեջ: «Մյուս հեղինակների գոնե ինձ ծանոթ մշակումներում կրկնաբանություններն են շատ, պարզապես հին բաներն են պատմվում՝ մեկ-երկու չնչին հավելումներով»,- փաստեց գրականագետը: Նիկողոսյանի խոսքով՝ ավելի հետաքրքիր են, այսպես կոչված՝ գրական հեքիաթները, որոնք բերում են նոր սյուժեներ, ժամանակակից կյանքն են, այսպես ասած՝ հեքիաթացնում, իհարկե, ավանդական հեքիաթների որոշ տարրերի կիրառմամբ: Նա անդրադարձավ Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն Վիշապաքաղի արկածները», «Բադալ բադի ճամփորդությունը», «Չիպոն», Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները», Արփի Ոսկանյանի «Ռոնալդինյոն եւ Մարադոնան» հեքիաթ-վիպակներին: «Դրանցում,- նկատում է Նիկողոսյանը,- երեխաներին ծանոթ, հետեւաբար՝ առավել հետաքրքիր երեւույթներ ու սյուժեներ են պատկերվում, միեւնույն ժամանակ՝ պահպանելով հեքիաթի հմայքը»: Գրականագետի կարծիքով՝ նշված բոլոր գործերն էլ հետաքրքիր են թե՛ բեմականացման, թե՛ հատկապես մուլտֆիլմեր նկարահանելու համար: Մնում է, որ ռեժիսորները իրենք չանտեսեն իրենց ժամանակակից հեքիաթագիրներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031