Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնյա. «Ձերբազատվում ենք լրագրողի դեմ բռնություն գործած ոստիկաններից»

Հունվար 15,2015 16:25

«Գտնվելով ոստիկանության բաժնում` դու հասկանում ես, որ տեղաշարժվելու, իրավական աջակցություն  ստանալու, հեռախոսազանգ ստանալու իրավունք չունես: Այնինչ ցանկացած քաղաքացու բերման ենթարկելիս նախ ոստիկանները պետք է բացատրեն իր իրավունքներն ու պարտականությունները, ազատազրկման ընթացքում նրա իրավունքների սահմանափակման հիմքերը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Մարդու իրավունքների պաշտպանությունը ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող, լուսանկարիչ  Անի Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառվեց մարտի 1-ին ընդառաջ իրազեկման ակցիայի ժամանակ` Մաշտոցի պողոտայում:  Այս առիթով լրագրողն ասաց. «Կապված իմ մասնագիտական գործունեության հետ` ապօրինաբար բերման ենթարկվեցի ոստիկանության բաժին, այնտեղ գտնվեցի ժամեր շարունակ, երբ ինձ հետ ավարտվել էին բոլոր քննչական գործողությունները, միայն այդ ժամանակ իմ փաստաբանին թույլ տվեցին մուտք գործել»: Անի Գևորգյանը շեշտեց, թե այսպիսի հարյուր հազարավոր դեպքեր են լինում, որոնց մասին քաղաքացիները չեն էլ հանդգնում բարձրաձայնել:

ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանն այս առիթով ասաց. «Մենք չենք արդարացնում, թե ՀՀ ոստիկանության աշխատակիցները ճիշտ են եղել, որևէ իրավական գնահատական այդ առումով տալ չենք կարող, քանի որ նախաքննությունը այլ գերատեսչության վարույթում է գտնվում: Այդ մասով իր գնահատականը կտա ՀՔԾ-ն: Չեմ ընդունում, որ լրագրողի հետ նման կերպ պիտի վարվել, մենք աշխատում ենք այդպիսի ոստիկանական ծառայողներից ձերբազատվել, քանի որ դա ստվեր է գցում մեր ողջ համակարգի վրա»:

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը նշեց, թե 2014-ը դիտորդական խմբի համար բեկումնային էր. «Դրական տեղաշարժ ունենք: Բարձրացվել է ձերբակալված անձանց պահման վայրերում սննդի համար հատկացված գումարի չափը: Ունենք վերանորոգված և կամ մասնակի վերանորոգված ՁՊՎ-ներ: Կան ՁՊՎ-ներ, որոնք փակվել են, քանի որ չեն համապատասխանել ընդունված նորմերին»:

Խմբի դիտորդ Սուրեն Իսկանդարյանը նշեց. «Կան հիմնախնդիրներ, որոնք ոնց կան, այդպես էլ մնում են: Մարդը տեղափոխվում է ՁՊՎ, ում մարմնի վրա կան վնասվածքներ, բայց գործը քննում է նույն քննիչը, որը կարող է մարմնական վնասվածքներ հասցրած լինի: Սա անթույլատրելի է, քանի որ քննությունը պետք է իրականացնի անկախ մարմին: Օրինակ, մարդը տեղափոխվում է ՁՊՎ, մարմնական վնասվածքներով, տանում են քննչական գործողությունների: Հետ է վերադարձվում եղածից ավելի մարմնական վնասվածքներով»:

Պարոն Իսկանդարյանը նկատում է, թե այսպիսի դեպքերի թվերը թաքցնելու միտում կա. «Եկել ենք այն եզրահանգման, որ վարչակազմը թաքցնում է: Արմավիրի մարզում  դիտորդական խումբը մարմնական վնասվածքներով  9 դեպք է արձանագրել, ոստիկանության տվյալներով` սրանք 18-ն են: Քննչական կոմիտեի կողմից ստացանք իրազեկումների վերաբերյալ  19 իրազեկում: Ինչպե՞ս է քննչական կոմիտե 19 իրազեկում գնացել: Թաքցնելու իմաստն է ավելորդ, աչքերից թաքցնել որոշակի ինֆորմացիա՝ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար»:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Արթուր Հարությունյանի կարծիքով`  2014 –ը նշանավորվել է «ոստիկանության կողմից դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելու փաստերով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031