Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Գերիշխում է ինքնահաստատման գործառույթը

Հունվար 19,2015 17:00

Մինչդեռ սպորտը կարող է նաեւ դաստիարակել

60-70-ական թվականներին, երբ գնում էի վարսավիրանոց, քննարկման թիվ մեկ թեման ֆուտբոլն էր եւ, բնականաբար, «Արարատի» խաղը: 90-ականներին թեման քաղաքականությունն էր (կուսակցությունները, նրանց պայքարը), հիմա՝ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների, ասենք՝ շոու-բիզնեսի «աստղերի» շուրջ տարբեր բամբասանքները, այդ թվում՝ ումն է այս կամ այն բիզնեսը եւ ով որտեղ է «փայ մտել»: Հավանաբար, կախված նրանից, թե որ ոլորտն է ուշադրության կենտրոնում, այդ ոլորտն էլ զարգացման առավելագույն ներուժն ոնի:

Ինչու էր խորհրդային շրջանում սպորտն այդքան գնահատվում: Պետք է ենթադրել, որ անազատության եւ, մասնավորապես, գրաքննության պայմաններում հենց սպորտն էր, ավելի ճիշտ՝ սպորտային մրցումներին հետեւելն ու քննարկելն էր ինքնահաստատման, ինքնագնահատականը բարձրացնելու ձեւերից մեկը: Պարզ է, որ սպորտի այս գործառույթը պահպանվել է նաեւ այսօր եւ «ուժի մեջ է» ոչ միայն Հայաստանում: Այդպես հասկացված սպորտն, անշուշտ, եվրոպական երեւույթ է, եւ պատահական չէ, որ ժամանակակից սպորտաձեւերի մեծ մասը ձեւավորվել է Բրիտանիայում՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակակից բիզնեսի մշակույթը:

Սպորտ բառն ինքնին անգլերեն է, ճիշտ է, սերում է հին ֆրանսիական «desport» արմատից, որը թարգմանաբար նշանակում է «խաղ»: Սպորտային մարզաձեւերը մեզ «հասկանալի» հունով սկսեցին զարգանալ Անգլիայում՝ 17-րդ դարի վերջում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ վերացվեցին բոլոր տեսակի խաղերի նկատմամբ ֆեոդալական-կրոնական արգելքները, եւ ֆիզիկական տվյալներ ունեցող մարդիկ սկսեցին զբաղվել, օրինակ, «բոքսով» («տուփի» մեջ կռվով), իսկ հատուկ գիտելիքներ ունեցող մարդիկ սկսեցին մարզել բռնցքամարտիկներին, եւ այդ երկու խմբերն էլ դրանով փող էին աշխատում: Նույն ժամանակաշրջանում հանդիսատեսները սկսեցին խաղադրույքներ անել (նախեւառաջ ձիարշավարաններում), եւ որպես դրա հետեւանք՝ դրվեց նաեւ տարբեր «խաղային» խարդախությունների հիմքը:

Սպորտի եւ շոու-բիզնեսի «միակցումն» այդպիսով ծայր առավ 18-րդ դարի Եվրոպայում: Դա բավականին հեռու է ներդաշնակ զարգացած մարդու իդեալից, որը հատուկ է Հին Հունաստանի մշակույթին, եւ հոգեւոր-ռազմական մարզումներից, որոնք գալիս են Արեւելքի ավանդույթներից: Դա մի քիչ նման է Հռոմի գլադիատորների մրցամարտերին, բայց շատ ավելի «քաղաքակրթված» եւ «շուկայական» դրսեւորումներով: Խաղը մնում է խաղ, եւ այնքան էլ կարեւոր չէ՝ դա ֆուտբոլ է, որտեղ բացի ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածությունից, անհրաժեշտ է նաեւ որոշակի մտավոր եւ ստեղծագործական մոտեցում, ծանրամարտն է, որտեղ պետք է հիմնականում միայն ֆիզիկական ուժ, շախմատն է, որը գրեթե բացառապես ինտելեկտի խաղ է, թե, ասենք, պոկեր, որտեղ շատ բան կախված է «բախտից»: Ինչպես հայտնի է կան հեռուստաալիքներ, որոնք հեռարձակում են պոկերի մրցումներ, հետեւաբար, կան հանդիսատեսներ, որոնք ժամերով նստում են հեռուստացույցի առջեւ, հետեւում են խաղին եւ գուցե խաղադրույքներ են անում:

Հանդիսատեսի ինքնահաստատման գործառույթն, այդպիսով, ժամանակակից «եվրոպականացված» սպորտում առաջնային է: Մարդիկ կարող են ինքնահաստատվել «բարոյապես»՝ մերոնք ավելի լավն են, ավելի ուժեղ են: Նույն 70-ական թվականներին աշխարհի երկու հակադիր ճամբարներն սպորտի միջոցով ապացուցում էին միմյանց, թե որ համակարգն է ավելի լավը՝ սոցիալիստակա՞նը, թե՞ կապիտալիստականը: Մարդիկ կարող են ինքնահաստատվել նաեւ փողի միջոցով՝ ես այնքան խելացի եմ եւ գիտակ, որ «ստավկես կպել է»:

Սակայն սպորտն ունի նաեւ դաստիարակչական նշանակություն, որին մեր երկրում պատշաճ ուշադրություն չի դարձվում: Միջազգային ասպարեզում լուրջ հաջողությունների հասած մարզիկը (ենթադրենք՝ Հենրիխ Մխիթարյանը կամ Արսեն Ջուլֆալակյանը) մի երիտասարդ է, որն իր աշխատասիրությամբ, համառությամբ եւ, ինչու չէ, նաեւ որոշակի ժուժկալությամբ (առանց դրա, կարծում եմ, ոչինչ չի ստացվի) հասել է սպորտային բարձունքների: Հայաստանի պարագայում կարեւոր է նաեւ, որ նշված երիտասարդները, առնչվելով աշխատանքի, կյանքի կազմակերպման արեւմտյան ստանդարտների հետ, այդ մշակույթն այսպես թե այնպես տեղափոխելու են մեր հողի վրա:

Առայժմ դա մեր հասարակությանն այնքան էլ չի հետաքրքրում: Գերիշխում է պասիվ հանդիսատեսի ինքնահաստատման գործառույթը: Դրան միանգամայն համապատասխանում են նաեւ բիզնեսի կամ «արվեստի» աստղերի մասին բամբասանքները: Դա մոտավորապես նույնն է, ինչ պոկերին հեռուստացույցով հետեւելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Մոսկվայից եք հրահանգ ստացել ջնջել ձեր մի շարք հոդվածների տակ եղած մեկնաբանությունները, թե տեխնիկական պրոբլեմներ են? ..))..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031