Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց

Հունվար 21,2015 15:53

«Ազատություն» ռադիոկայան. Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել:

Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ:

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի երեկ ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Հիշեցնենք, որ համակարգող շտաբը ստեղծվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով:

«Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն», – մասնավորապես ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ըստ նույն աղբյուրի՝ «հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում»:

 

Նարինե Ղալեչյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031