Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական ողբերգություն եւ մղձավանջ

Հունվար 22,2015 14:30

Փարիզի «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրության վրա կատարած դառը եւ անախորժ ահաբեկչությունը կրկին ի տես աշխարհի բացահայտեց ահաբեկչության դեմքն ու վտանգավորությունը: Այդ միջադեպը ցույց տվեց, որ ահաբեկչությունը սահման եւ աշխարհագրություն չունի: Վկայությունների համաձայն, այդ հարձակումը տեղի է ունեցել գաղափարական վրեժխնդրության ներքո՝ այն կատարողների գաղափարներին հակառակ պարբերականում տպագրված նյութերի պատրվակով: Անկախ ահաբեկիչների կողմից ներկայացված պատրվակներից, այդ հարձակումը, ինչպիսի նպատակով էլ, որ այն իրականացված լինի, որպես կույր սպանդ եւ խմբակային վրեժխնդրության դրսեւորում՝ դատապարտելի է:

Այդ ողբերգությունը նմանօրինակ առաջին դեպքը չէ. հիշենք նորվեգացի երիտասարդին, որը հարձակվեց եւ սպանդ իրականացրեց նորվեգական կղզում գտնվող ճամբարում, այն երիտասարդներին ու պատանիներին, ովքեր հրացանը ձեռքներին երբեմն ԱՄՆ-ում հարձակվում են դպրոցների, զորամասերի, համալսարանների ու խանութների վրա, մտաբերենք Օկլահամայի ոստիկանության շենքի մեծ պայթյունը, ճապոնացի ծայրահեղականի կողմից Տոկիոյի մետրոյում թունավոր գազի տարածումը, Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունը, Բոմբեյի հյուրանոցում որոտացած պայթյունն ու կրոնական ու ոչ կրոնական, մահմեդական ու ոչ մահմեդական ծայրահեղականների կողմից կազմակերպված տասնյակ պայթյուններն ու սպանությունները: Ինչո՞ւ այս անգամ Փարիզի սպանդն ավելի լայն ու կոշտ արձագանք ունեցավ:

4-2

Թվում է, թե նման բռնությունները մշտապես բխում են այն անհատների խելագար ու ստոր բարդույթների զայրույթից, ովքեր մոլեռանդությունից ու ցնորքներից խելագարության են հասել եւ բռնությունները գործում են կուրորեն: Կույր քայլ էր նույնիսկ սեպտեմբերի 11-ի մեծ ողբերգությունը: Այսինքն՝ ոճրագործները իրենց դավադրության զոհ դարձած երեք օդանավերի ուղեւորների, կամ Առեւտրի համաշխարհային կազմակերպության երկնաքերերի եւ անգամ Պենտագոնի աշխատակիցների նկատմամբ չունեին անձնական կամ նպատակային թշնամանք: Սակայն Փարիզում լրագրողների խմբակային սպանությունը ֆինանսական ու տեղեկատվական աղբյուրներին տիրապետող, այսինքն՝ նույն այդ ԻԼԻՊ-ի եւ Ալքաիդայի ցնորամիտների փողոցային կամ դաշտային դատաստանն է, որոնք իրենց համարել են խմբակային սպանդի արդարացի վճռի կատարողներ: Սակայն այդ հարձակման վերջին զոհը փամփուշտ ստացած մի ոստիկան էր, որին տեսանք հեռուստացույցի էկրանից, տեսանք, թե ինչպես մարդասպան ահաբեկիչը վերադարձավ նրա մոտ եւ արձակեց ստուգողական կրակոց: Ի դեպ՝ այդ ոստիկանը նույնպես մահմեդական եւ ծագումով Մարոկկոյից էր:

Վտանգավորն այն է, որ խավարամիտները, բանականության թշնամիներն ու կարծրացած մտածողության կրողները, որոնք սկզբունքորեն չունեն արժանիք, գիտակցություն եւ դիրք՝ իշխանություն բանեցնելու համար, զենք վերցնելով իրենց համարում են օրենքի ու դատաստանի՝ այն էլ աստվածային դատաստանի իրականացնողներ: Նրանց համար հարգանքի արժանի է միայն իրենց գաղափարը, իսկ մյուսները, ովքեր ունեն այլ գաղափարներ կամ համաձայն չեն իրենց հետ, բնականաբար, ավելի լավ է զոհվեն:

Նույն այդ մարդասպանների ձեռքով տասնյակ եզդիների, թուրքմենների, շիաների ու քրիստոնյաների սպանդն ու նրանց աղջիկներին որպես ստրուկ Սիրիայում եւ Իրաքում վաճառելը հենց այդ նպատակային սպանդի դրսեւորումներ էին: Սակայն վերը նշվածներից հեռու եւ Փարիզում տեղի ունեցածն ավելի լայն հնչեղություն ունի: Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի ոստիկանությունում առկա են նյութեր մարդասպանների անցյալի վերաբերյալ, ովքեր նախկինում այցելել են Սիրիա եւ Եմեն եւ վերապատրաստվել այնտեղ, ինչպես նաեւ ընդգրկված են եղել ամերիկյան օդանավեր նստելու արգելք ունեցող անձանց սեւ ցուցակում:

Ըստ որոշ հրապարակումների, Շարիֆ Քուաշին եւ իր ավագ եղբայրը հավանաբար լավագույն կերպով վերապատրաստվել են որեւէ ուսումնական կենտրոնում: Եթե այդ կասկածները հաստատվեն, ապա պաշտոնյաները իրենց խոսքում ավելի քիչ նշում են Սաիդ Քուաշի անունը, սակայն Շարիֆ Քուաշին ավելի քան մեկ տասնամյակ գտնվել է ֆրանսիական իշխանությունների տեսադաշտում, իսկ մեկ անգամ էլ դատապարտվել է մահվան: Ըստ «Ասոշեյթեդպրեսի», Քուաշին քարանձավաբնակների միջավայրում, ուր էթնիկ բռնությունները, հանցագործությունն ու ոճրագործությունը համատարած են, ընդհանրապես չէր պահպանում իսլամի շատ պատգամներ՝ օգտագործում էր ալկոհոլային խմիչք, թմրանյութ եւ հարաբերություն ուներ իր ընկերուհու հետ, իսկ ապրուստի միջոց հայթայթելու նպատակով աշխատում էր սուպերմարկետներում, ձկների եւ պիցցայի վաճառքի կետերում, շատ ժամանակ էր հատկացնում փոփ երաժշտություն ունկնդրելուն: Ըստ «Նյու Յորք Թայմսի», նա 32 տարեկանում ծանոթանում է Բենիտո անունով մի անձնավորության հետ, որը ծայրահեղական քարոզիչ էր եւ ինքնասպան հարձակումները իբրեւ ջիհադի բաղադրիչ ներշնչում եւ սովորեցնում էր նրան: Բենիտոն նրան որպես ֆրանսիացի կամավորական վարձել էր Իրաքում ԱՄՆ-ի դեմ կռվելու նպատակով:

Քուաշիի հետ կռվողներից երկուսը սպանվեցին Իրաքում եւ ըստ նրա դատապաշտպան Օլիվեր Վինսենտի, Քուաշին ցանկանում էր Ֆրանսիայում հարձակում գործել հրեական թիրախների վրա: Սակայն, ըստ 2008թ. Բլումբերգի զեկույցի, Բենիտոն արգելում է նրան եւ ասում, որ Ֆրանսիան ջիհադի երկիր չէ: Ի վերջո Քուաշին «Կալաշնիկովը» ձեռքն է վերցնում եւ մեկ այլ արաբ երիտասարդի հետ մեկնում Մերձավոր Արեւելք:
Քուաշիի փաստաբանը «Նյու Յորք Թայմսին» հայտնել է, թե նա արկածախնդրության համար էր մեկնել Իրաքի պատերազմ, ինչպես դուք կմեկնեք որեւէ տեղ անցկացնելու ձեր արձակուրդը: Քուաշին Դամասկոսի օդանավակայանում դիմավորում է նաեւ Փարիզի իր հարեւաններից մեկին, սակայն 2005թ., երբ երկրորդ անգամ մտադրվում է մասնակցել Իրաքի պատերազմին, ձերբակալվում է ոստիկանության կողմից: Չնայած նրա խմբի մյուս անդամները դատապարտվում են երկարատեւ ազատազրկման, սակայն Քուաշին ընդամենը դատապարտվում է երեք տարվա ազատազրկման եւ 2008թ. ազատ արձակվում:

Այս ընթացքում նա այլեւս լրագրողների հոդվածներում չէր հիշատակվում, երբ հանկարծ անցյալ չորեքշաբթի օրը հայտարարվեց, որ նա հասել է իր՝ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակում գործելու նպատակին:

Ցավոք, պատմության ընթացքում տեսնում ենք, որ ծայրահեղականությունը ձեւավորվում է կրոնական հիմքերի սխալ եւ խավարամիտ մեկնաբանությունների համատեքստում: Անկասկած, նման սարսափելի ահաբեկչական գործողությունները ցանկացած կրոնում, հավատքում եւ ցանկացած խելամիտ անձի համար դատապարտելի եւ նողկալի են, եւ ցանկացած մահմեդական գիտի, որ իսլամի կողմից արգելված ու անընդունելի է մարդկանց սպանությունն ահաբեկչության, հարձակման եւ հանկարծակի սպանության միջոցով: Իսլամի մարգարեն ասել է. «Հավատքը մարդուն զերծ է պահում ահաբեկչությունից»:
Նրանք, ովքեր ահաբեկչությունը վերագրում են իսլամին, պետք է իմանան, որ այն ոչ Ղուրանի եւ ոչ իսլամի մարգարեի արժեքների հետ համատեղելի չէ: Իսլամական իրավագիտության աղբյուրների ճշգրիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իսլամում որեւէ պատիժ ահաբեկչության միջոցով օրինական չէ: Եթե մարդ չի կարողանում իրեն պաշտպանել, ապա իրեն ուղղված ցանկացած հարձակում բռնություն է: Անհրաժեշտ է, որպեսզի իսլամական երկրների առաջնորդներն ու բոլոր հատվածների հոգեւորականները դատապարտեն նմանօրինակ բռնարարքները եւ ահաբեկչությունը: Ղուրանը ասում է. «Մեկ անձի սպանությունը hավասար է համայն մարդկության սպանությանը, իսկ աստված մարդկանց ուղղորդում է դեպի անվտանգություն եւ առողջություն»:

ԻԻՀ նախագահը նշելով, որ մահմեդական աշխարհն այսօր, առավել քան երբեւէ, իսլամի մարգարեի մոտեցումների եւ ուղու կարիքն ունի, ասել է: «Մենք դատապարտում ենք ծայրահեղականությունը, բռնությունն ու ահաբեկչությունը՝ լինի դա Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, Փարիզում, թե ԱՄՆ-ում»: Նա նշել է. «Ահաբեկչությունը ցանկացած տեղ դատապարտելի է, եւ նրանք, ովքեր կպաշտպանեն ահաբեկչությունն ու բռնությունը, լինեն դրանք տարածաշրջանային երկրները, թե Եվրոպան կամ ԱՄՆ-ն, մեր տեսանկյունից դատապարտելի են»: Պարոն Ռոհանին ավելացրել է. «Նրանք, ովքեր ջիհադի, կրոնի եւ իսլամի անունից անհարկի կերպով դիմում են բռնության եւ ծայրահեղականության, ուզեն թե չուզեն, ընտրել են իսլամաֆոբիայի ուղին»: Նախագահը շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես սատարում է այն երկրներին, որոնք պայքարում են բռնության ու ահաբեկչության դեմ, նշել է. «Ողջունում եմ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, նաեւ Պակիստանի եւ Աֆղանստանի ժողովուրդներին, որոնք պայքարում են բռնության եւ ահաբեկչության դեմ եւ օրեցօր արձանագրում նոր հաղթանակներ»:

Փարիզի ահաբեկչական գործողությունը ցույց տվեց, որ երկրները, անկախ քաղաքական աշխարհագրությունից, զարգացվածության աստիճանից եւ առաջին, երկրորդ եւ երրորդ աշխարհի դասակարգումից, պատասխանատու են այն վտանգի առջեւ, որը սպառնում է աշխարհին: Նախ՝ խոսքի եւ մտքի ազատությունը չպետք է պատրվակ դառնա այլ կրոններին, ազգությունների եւ երկրների հավատքին՝ մշակույթին եւ ավանդույթներին հասցված վիրավորանքը արդարացնելու համար: Երկրորդ՝ աշխարհը պետք է հրաժարվի ահաբեկչության դեմ պայքարի երկակի ստանդարտներից. չի կարելի ահաբեկչին ապահովել գումարով, զենքով եւ ուսուցմամբ, որպեսզի նա Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Աֆղանստանում եւ այլ երկրներում գործի սարսափելի հանցանքներ, այնուհետեւ հարյուրավոր եւ հազարավոր անմեղ մահմեդականների եւ ոչ մահմեդականների դարձնել իր իսկ կողմից զինված ահաբեկչության զոհ եւ մնալ անտարբեր:

Իրանի նախագահը 2013թ. ՄԱԿ-ում ներկայացրեց բռնությունից եւ ծայրահեղականությունից զերծ աշխարհի գաղափարը: Ներկայիս աշխարհը կարիք ունի, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրները դրսեւորեն վճռական կամք եւ ընդհանուր պատասխանատվություն եւ ընդդեմ ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր դրսեւորումների՝ կազմեն կոալիցիա:

Ինչեւէ, ինչպես նշվեց, այս սարսափելի իրադարձությունը կրկին ի տես աշխարհի բացահայտեց ահաբեկչության վտանգն ու զարհուրելի դեմքը: Այս իրադարձությունը ցույց տվեց, որ ահաբեկչությունը սահմաններ եւ աշխարհագրություն չի ճանաչում եւ որեւէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից: Անկախ ահաբեկիչների ներկայացրած պատճառներից՝ այդ քայլերը ինչ գաղափարներով էլ իրականացված լինեն, դատապարտելի են եւ ոչ մի երկիր չի կարող արդարացնել այդ սպանությունները: Այսօր ֆրանսիացի շատ մտավորականներ, այդ թվում՝ մահմեդականներ, հարգելով խոսքի ազատությունը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարական գաղափարները, հակված են այն մտքին, որ խոսքի ազատությունը դարձել է ահաբեկչության թիրախ: Այսօր անվտանգությունն աշխարհում առաջնահերթություն է եւ չի կարելի համարել, որ գոյություն ունի լավ եւ վատ ահաբեկիչ: Ահաբեկչությունը վատն է եւ լուրջ մոտեցում է պահանջում բոլոր ժողովուրդների անվտանգության համար՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Աֆրիկայի, թե՛ Եվրոպայի, թե՛ Ասիայի, թե՛ մահմեդական աշխարհի, թե՛ հրեաների, թե՛ քրիստոնյաների եւ թե՛ այլ կրոնների: Եթե ահաբեկչության երեւույթի եւ գոյության պատճառների նկատմամբ լիներ լուրջ մոտեցում, ապա այսօր Եվրոպայում այսպիսի իրավիճակի ականատեսը չէինք լինի: Ինքնություն չունեցող արմատականության դեմ պայքարի համար, որը պատանդ է դարձրել հավատքն ու կրոնը, անհրաժեշտ է վարվելակերպի ու գործողությունների խելամտություն:

Կա եւս մեկ կարեւոր հանգամանք. բացի ազատությունները սահմանափակելու եւ ահաբեկչական սպառնալիքների դեմ ամբողջական կոնսոլիդացիա ցուցադրելու անհրաժեշտությունից, ինչպե՞ս պետք է կանխել նման իրադարձությունների կրկնությունը: Ֆրանսիայի մահմեդականները կազմում են Ֆրանսիայի բնակչության 10 տոկոսը, այսինքն՝ մոտավորապես 7 միլիոն մարդ, ովքեր երբեք որեւէ կոնֆլիկտ չեն ունեցել Ֆրանսիայի մյուս քաղաքացիների հետ եւ նրանց հետ միասին մասնակցություն են ունեցել երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում:
Ուստի այն դասը, որը կարելի է քաղել այս վայրագությունից, այն է, որ մի կողմից՝ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակության բոլոր անդամների մշակութային նրբություններին ու նրանց համոզմունքներին, իսկ մյուս կողմից՝ խուսափել այնպիսի վտանգավոր համոզմունքից, ըստ որի՝ հնարավոր է երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս ձեռնարկելով ուժային ու ոստիկանական միջոցներ՝ կարելի է իրական ելքեր գտնել այդ իրավիճակներից:

Արդյո՞ք կարելի է սառնասրտորեն հետեւել Մերձավոր Արեւելքում հազարավոր մարդկանց ամենօրյա սպանդին եւ չակնկալել, որ այդ վայրագությունը կտարածվի աշխարհի այլ կետեր:

Եթե Փարիզը 48 ժամ էր գտնվում սարսափի մեջ, ապա վերը նշված տարածաշրջանի ժողովրդի վախն ու սարսափը շարունակվում է արդեն տասնյակ տարիներ:
Ինչ վերաբերում է առաջին հանգամանքին, այն է՝ ուշադրություն դարձնել մշակութային նրբություններին, ապա անհրաժեշտ է, որպեսզի լիարժեք պաշտպանելով խոսքի ազատությունը եւ խուսափելով ահաբեկչության դեմ նահանջելուց, պետք է մեծ պատասխանատվությամբ հարգել Եվրոպայում գոյություն ունեցող ռասայական եւ կրոնական ատելությունը արգելող օրենքը, որպեսզի ահաբեկիչները չկարողանան միամիտ մարդկանց իրենց ծուղակը գցել եւ չարաշահել նրանց համոզմունքները:

Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին, ապա պետք է նշել, որ ձեռնարկված անվտանգության միջոցների շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել այդ ճգնաժամը, սակայն չկա որեւէ երաշխիք հետագա դեպքերը կանխելու առումով: Ուստի պետք է գտնել հիմնարար լուծումներ՝ միջազգային խաղաղության եւ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու ուղղությամբ:

«Իսլամական պետության» ահաբեկիչները դուրս են գալիս քաղաքային աղետյալ շրջանների բանտերի աղքատության ու բռնության, ինչպես նաեւ այն ժողովրդի ծոցից, որոնց ամեն օր նվաստացրել են իրենց կրոնական պատկանելության եւ ծագման պատճառով: Քանի դեռ Եվրոպայում առկա է խտրականություն, իսլամաֆոբիան եւ համապատասխան դաշտ հակաիսլամական կուսակցությունների համար, այդ միջադեպերի կրկնության վտանգը անխուսափելի կլինի: «Իսլամական պետության» ուժերի կարեւորագույն մասը կազմված է արեւմտյան երկրներից ժամանած եւ քաղաքային փխրուն իրավիճակներից դուրս եկած երիտասարդներից: Այդ խմբավորման հազարավոր անդամներ Իրաքի, Սիրիայի եւ Իրաքի Քրդստանի մուսուլմանների դեմ իրագործած դաժան սպանություններից հետո վերադարձել են իրենց ծննդավայր եւ պատրաստ են իրագործել նոր ահաբեկչական գործողություններ, քանզի կորցնելու ոչինչ չունեն:

Հասարակական ու մարդասիրական միտքը լավագույն եւ ամենաարդյունավետ, իսկ ռազմական գործողությունները՝ վատագույն պատասխանն են նմանատիպ բռնություններին:

ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻ
ՀՀ-ում Իրանի դեսպան

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031