Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Ձյուդոն միակ մարզաձեւն է, որ մեզանում ԽՍՀՄ փլուզումից հետո առաջընթաց է գրանցել»

Հունվար 30,2015 13:00

Օրերս «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը խոսելով նախաօլիմպիական տարում ֆեդերացիայի ծրագրերի եւ աշխատանքների մասին, ասել էր, որ չնայած սուղ միջոցներին՝ Հայաստանի ձյուդոիստները հաջող են հանդես գալիս պաշտոնական առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում:

«Ձյուդոն մեզանում, թերեւս, միակ մարզաձեւն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ցուցանիշներով առաջընթաց է գրանցել: Չթվարկելով բոլոր արդյունքները, նշեմ միայն, որ նախորդ օլիմպիական խաղերում Հովհաննես Դավթյանը իր քաշային կարգում երեք հաղթանակով զբաղեցրեց 7-րդ տեղը: Մենք օլիմպիական խաղերում այդպիսի արդյունք չէինք ունեցել: Դա առաջընթաց քայլ է հայկական ձյուդոյում: Որպես կանոն, մենք օլիմպիական խաղերի երկու մասնակից ենք ունենում: Բայց միայն մասնակցությունը մեզ արդեն չի գոհացնում եւ արդեն մտածում ենք մեդալի մասին: Մասնավորապես, նույն Հովհաննես Դավթյանը 60 կգ քաշային կարգում վարկանիշային ցուցակում 16-րդն է (յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր տրվում է 22 հոգու: Ա. Հ.): Բայց դա մեզ չի գոհացնում: Նպատակ ունենք նրան հնարավորին չափ շատ վարկանիշային մրցումների գործուղել, որպեսզի առաջին ութնյակ մտնելու փորձ անի: Դա կարեւոր է նրանով, որ օլիմպիական խաղերում ութնյակի մարզիկները մինչեւ քառորդ եզրափակիչ տատամիում իրար հետ չեն մրցակցում: Ունենք եւս 7-8 ձյուդոիստներ, որոնք չնայած դեռ երիտասարդ են, բայց արդեն հասուն գոտեմարտեր են անում ու բացառված չէ, որ նրանցից մեկին էլ հաջողվի իր քաշային կարգում առաջին 22-ի մեջ մտնել: Նրանք մեր այն մարզիկներն են, որոնք պայքարելու են հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար», – ասել էր մեր զրուցակիցը:

Դավիթ Խիթարյանի խոսքերով, այսօրվա դրությամբ Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներից ամենակայուն բարձր ցուցանիշներ արձանագրում է երիտասարդական ընտրանին: «Բայց արդյունքները կարող էին անհամեմատ բարձր լինել, եթե միջոցները բավարարեին պատանիների հետ ավելի լիարժեք աշխատելու համար: Տեսեք, Հայաստանի պատանիների առաջնության ավարտից հետո մինչեւ Եվրոպայի առաջնություն ընդամենը վեց ամիս է մնում ու այդ ընթացքում հնարավոր չէ նրանց հետ լիարժեք աշխատել, ամբողջական ծրագրով պատրաստել: Դրան գումարած` երիտասարդական տարիք անցնելուց առաջ շատերը մեկնում են բանակ: Եվ եթե ոմանք աշխարհի ու Եվրոպայի առաջնությունում համապատասխան տեղ զբաղեցնելով «լուծում» են իրենց բանակի հարցը, արդեն երիտասարդական հավաքականի կազմում մարզվելով սկսում են արդյունքներ ցույց տալ: Պատահում է նաեւ, որ եղած բացը լրացնում են սամբիստները», – ասաց մասնագետը:

Դավիթ Խիթարյանը խոսեց նաեւ կանանց ձյուդոյի մասին: «Անգամ մեծ գումարներ լինելու դեպքում կանանց ձյուդոյում մենք լուրջ ակնկալիքներ չենք կարող ունենալ, քանի որ տեղում աղջիկները մեր մարզաձեւով չեն զբաղվում: Մեր լավագույնը Դիանա Ստանկեւիչն է, որն անցած տարի Եվրոպայում 7-րդ տեղը զբաղեցրեց, իսկ մեկ այլ մրցմանը դարձավ երրորդ մրցանակակիր: Բայց նրա ցույց տված լավագույն արդյունքները օլիմպիական վարկանիշային միավորներին մոտենալ թույլ չեն տալիս»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031