Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին պաշտոնյան` Պերմյակովի մասին. «Իմ պրակտիկայում չի եղել, որ հանցագործն իր հետքերը ցուցադրի»

Փետրվար 02,2015 17:55

Aravot.am-ը ոստիկանության նախկին պաշտոնյա Սուրեն Իսահակյանից (վերջինս 1983թ.-ից մինչև 1992թ. եղել է Կապանի միլիցիայի տեղամասային տեսուչների բաժանմունքի պետը ու նույն համակարգում այլ բարձր պաշտոններ է զբաղեցրել) հետաքրքրվեց, թե որպես երկար տարիների փորձ ունեցող մասնագետ ի՞նչ կասի շրջանառվող այն վարկածի մասին, որ Վալերի Պերմյակովն իր զենքը, հագուստը, կոշիկները թողել է դեպքի վայրում` սպանված Ավետիսյանների տանը` ի ցույց իր պատվիրատուների, որ պատվերը պարտաճանաչորեն կատարել է:

«Ամեն ինչ հնարավոր է, կապված է հանցագործի անձից: Մարդ կա՝ հանցագործություն կատարելուց հետո չի պատկերացնում ինչ անի: Վերջը հանցագործները հետքեր թողնում են. չէ՞ որ ոստիկանությունը բացահայտում է: Իսկ այն, որ դիտավորյալ է թողնում, որպեսզի իմանան, որ հենց ինքն է հանցագործը՝ նման բան, ճիշտն ասած , մեր պրակտիկայում չի եղել, բայց Պեմյակովինը շատ նման է դրան: Համենայնդեպս, ես դեպքի վայրը չեմ զննել, ամեն ինչ լսում եմ լրատվամիջոցներից: Իմ տպավորությամբ կասկածելի հանցագործություն է: Կողքից նայելով` թվում է, թե կազմակերպված ինչ-որ մի բան է, որ ցույց տան ռուս զինվորն է էս բանն արել», -ասում է մեր զրուցակիցը :

Նա տրամաբանական չի համարում Պերմյակովի նախաքննական ցուցմունքում տեղ գտած դրդապատճառը, թե ջուր խմելու համար մտավ ու սպանեց անմեղ մարդկանց: «Ջուր խմելու համար մարդը մտավ մեկի տուն, վեճի բռնվեց տան մի անդամի հետ, թող էդ անդամին սպաներ, դիմեր փախուստի: Նպատակը ո՞րն էր տան մյուս անդամներին սպանելու: Սենյակից սենյակ վազում էր, որ բոլորին գնդակահարի, որ ի՞նչ. դա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»:

Այն վարկածի առնչությամբ, թե Պերմյակովը մենակ չէր կարող միանգամից 7 հոգու սպանել, նախկին ոստիկանն ասում է. «Երբ հանցագործություն է լինում, ընդ որում նման կարգի՝ առաջ են քաշվում տարբեր վարկածներ: Ես չեմ ուզում խոսել վարկածների մասին, լրատվամիջոցներն առանց այն էլ հեղեղված են վարկածներով: Բայց, իհարկե, կան լիքը հարցեր` արդյոք Պեմյակո՞վն է արել, եթե ինքն է, մենա՞կ է կատարել, թե՞ ընկերներ ունի, համախոհներ ունի, օգնականներ ունի: Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխաններ պիտի տրվեն: Իհարկե, չեմ բացառում, որ նա մենակ գործեր այդ հանցանքը. ավտոմատով կրակելն ավելի հեշտ է, քան ատրճանակով, ավտոմատի արտաքին ձգանը շատ ավելի փափուկ է աշխատում: Ի տարբերություն դրան, «Մակարով» ատրճանակի ձգանը, եթե փորձված կրակող չլինի, ձգելու ժամանակ անպայման ներքև կկրակի: Այսպես ասեմ «Մակարով»-ի դեպքում բռնող բան կա, իսկ ավտոմատով սահուն կրակում ես, ավելի հեշտ է կրակելը: Ինքն էլ զինվորական է, կրակելու մեջ վարժվել է: Հետո էլ լրատվամիջոցներից տեղեկացա, որ լավ կրակող է»:

Սպանությունից ուղիղ 20 օր է անցել, արդյոք դանդա՞ղ չեն իրավապահների գործողությունները, մի՞թե հնարավոր չէր արդեն ասել, թե Պերմյակովը մենակ է եղել, թե՞ ունի հանցակիցներ:

«Ասեմ, որ քննության ընթացքում, մինչև քննության ավարտը շատ հարցեր կան, որոնք պետք չէ հրապարակել: Պերմյակովի կատարած հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ շատ գործողություններ է պետք անել: Միայն զորամասի շրջանակներում քննություն կատարելը ճիշտ չէ, պետք է իր բնակության վայրը, միջավայրը զննել, իր ընկերական-բարեկամական շրջապատը, իր հայացքները, տեսակետները, զարգացածության աստիճանը, հակումները դրանք բոլորը պետք է մանրազնին ուսումնասիրել:

Այն օրը հեռուստատեսությամբ լսում էի Իսագուլյանի հարցազրույցը, նա ասաց, որ աղանդներ կան, որոնց անդամները մինչև 3 սերնդի պիտի սպանեն, որ հանգստանան, հնարավոր է էդ մոլագարներից մեկը լինի Պերմյակովը: Միգուցե արտաքին ուժեր կան, պետություններ կանգնած լինեն դրա թիկունքում,որոնք կամ մեր թշնամին են կամ Ռուսաստանի: Շատ հնարավոր է, դրա համար դրանք մանրակրկիտ պետք է ճշտել, ժամանակ է պետք դրա համար:

Իրավապահների գործողությունները հիմա իրավաչափ են, կարևորն արդյունք է , կարևորը ճշմարտությունը պարզելն է, մանրակրկիտ ուսումնասիրելը: Մեր ժողովուրդը մի քիչ զգացմունքների հետևից ընկավ և պահանջում էր , որ քննությունը միայն մեր իրավապահները կատարեն, բայց ես` որպես մասնագետ, կասեմ ճիշտը համատեղ քննություն է, մարդուն բացահայտելն է: Նա 102-րդ ռազմաբազայի զինվոր է, բա ռուսներին հետաքրքիր չէ՞ ով է սրա թիկունքում: Բացի դրանից՝ իր բնակության վայրն է պետք մանրակրկիտ ուսումնասիրել, իսկ ռուսներից լավ ոչ մեկը դա չի անի, համատեղը ճիշտ է» ,- ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728