Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի հորդորը Սեյրան Օհանյանին (Տեսանյութ) 

Փետրվար 11,2015 14:21

«Մենք շարունակելու ենք մեր իրազեկման գործունեությունը: Առաջիկայում Շիրակի մարզ կմեկնենք, հավանաբար Գյումրի»,- «Զարկերակ» մամուլի ակումբում, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց Հիմնադիր խորհրդարանի քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը:

Ուժի մեջ է նաեւ Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ին Երեւանում նախատեսված միջոցառումը`«դուրս գալ փողոց եւ տուն չվերադառնալ, մինչեւ ռեժիմից չազատվենք»:
«Խառնակչություն չենք անելու, չենք խոչընդոտելու զոհերի ոգեկոչման արարողությանը, խաղաղ գործընթաց է լինելու: Ովքեր չեն հասկանում, որ այդ օրը վերածննդի, ոչ թե սգի օր է, թող մեզ միանան հաջորդ օրը»,- հայտարարեց բանախոսը`հավելելով, որ քաղաքացիական բանակի կազմավորման գործընթացը շարունակվում է: Բանակը քաղաքացիական անհնազանդության տարբեր մեթոդներով պետք է ձերբազատվի այս ռեժիմից: «Երիտասարդներին կոչ եմ անում այսօրվանից համալրեն մեր շարքերը, ցուցակագրվեն որպես քաղաքացիական բանակի ազգային զինվոր: Դա վերաբերվում է նաեւ պատերազմի այն մասնակիցներին, որոնք կարողացել են իրենց հոգիները չվաճառեն»,- ասաց նա:

Aravot.am-ի դիտարկմանը`խոսում եք խաղաղ մեթոդներով իշխանափոխության մասին, սակայն, երեկ, Սիվիլնեթին տված հարցազրույցում քանիցս կրկնեցիք`«հիմա մեր ծեծվելու ժամանակն է, բայց կգա ժամանակը եւ մենք կծեծենք» ու առհասարակ, Ձեր խոսքում «հակառակորդ» բառն եք կիրառում, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ բոլորս պիտի գիտակցենք, որ հակառակորդի հետ գործ ունենք. «Սա լոկ ապիկար իշխանություն չէ, այլ հակառակորդ, որը միտում ունի մեր ինքնիշխանությունն օտարին հանձնել: Երկրում տեղի ունեցող այս մարդաթափությունը ցեղասպանության է նմանվում: Այժմ մենք պատրաստ ենք հարվածը վերցնել մեզ վրա: Սակայն, բռնությանը բռնությամբ պատասխանելու ենք, երբ մեր կողմից մոբիլիզացված ժողովրդի վրա հակառակորդը ձեռք կբարձրացնի»:
Լրագրողները հորդորեցին մի փոքր հստակեցնել, թե հատկապես ի՞նչ մեթոդներ են կիրառելու ռեժիմից ազատվելու համար: «Եթե փակագծերն այսօրվանից բացենք, դա անլրջության կլինի: Մեզ այդքան անլո՞ւրջ եք համարում»,- ասաց բանախոսը`վստահեցնելով, որ այդ օրը կկատարեն այնպիսի քայլեր, որոնք չեն խաթարելու Երեւանում կամ այլ քաղաքում նախատեսված գործողությունները:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց`հունվարի 31-ին տեղի ունեցածից հետո Արցախի իշխանությունները հանդիպում փնտրե՞լ են իր հետ: «Երեկ մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա կապվել է ինձ հետ եւ ասել, որ իրենք լուծում են խնդրում այս իրավիճակից: Ես ասել եմ, որ այժմ լուծում չունեմ: Դուք առաջարկեք»:

«Միակ հաստատությունը, որի վրա կարող ենք հենվել`ժողովուրդն ու բանակն են: Ինքնիշխանության վաճառքի կասեցումը բանակը կարող է անել, ուստի պատահական չէ վերջին հարձակումները առաջին գծում: Դա նպատակ ունի բարոյալքել մեր բանակը: Սեյրան Օհանյանը պիտի գիտակցի, որ իրեն մի պարտականություն էլ է ավելացել`տեր կանգնել ՀՀ-ին: Իրավապահ համակարգը դա չի անում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, ամսի 31-ին ջարդին մասնակից էին նաեւ Սեյրան Օհանյանին ենթակա պաշտոնյաներ: Նա պաշտպանության նախարարին հորդորեց նրանցից ձերբազատվել, դուրս շպրտել համակարգից, քրեական գործեր հարուցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    ամենացաւալին այն է թէ, ինքն իրմով հարբած, պարոն Սեֆիլյան ապրում է այն ինքնամոլ պատրանքում՝ թէ իր ետին ունի իրմով հմայված մեծաթիւ հետեւորդներ, իր առջեւ՝ զմայլանքից բերանաբաց երկրպագուներ… ո՞նց կարող է մարդ հասնիլ այս ցնորական վիճակին… հոգեբուժի կարիքը ունի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728