Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական քաղաքական վերնախավը կամք կգտնի՞

Փետրվար 20,2015 15:30

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության համակարգող Մարիամ Ավագյանը հուսով է, որ մի օր էլ իրենց խնդրին կանդրադառնան:

– Մոտենում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը. ի՞նչ ընդհանրություն կա Արեւմտյան Հայաստանում տեղ գտած միջազգային նման հանցագործության եւ Ադրբեջանական ԽՍՀ-ում հայության նկատմամբ 25 տարի առաջ կատարվածի միջեւ:

– Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը բազմիցս է բարձրացնում Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-92 թվականներին Բաքվի ռեժիմի կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցը: Ընդ որում, ձեռագիրը նույնն է՝ թուրքական: Տարօրինակ ձեւով այդ իրողությունը որպես ցեղասպանություն չգնահատվեց նույնիսկ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների կողմից: 1988-92 թվականներին հայրենազուրկ արեցին ավելի քան կես միլիոն հայերի, ցրեցին աշխարհով մեկ՝ արգելափակելով նրանց համախումբ ապրելու փորձերը: Նույնն էլ Թուրքիայի պարագայում, նրանք հայերին հետապնդում են հենց մեր օրերում Սիրիայում ու նրանց էլ ցրում են աշխարհով մեկ:

– Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների թիվն ավելանում է, արդյոք փոխվո՞ւմ է աշխարհի վերաբերմունքը ցեղասպանության նկատմամբ:

– Որքան մոտենում են 100-ամյա տարելիցի օրերը, այնքան ավելի պարզ է դառնում, որ ինչպես գերտերությունների վերաբերմունքն է անփոփոխ, նույնքան էլ միջազգային հանրությունն է անհաղորդ խնդրին: Նույն ԱՄՆ-ում կամ Գերմանիայում, որտեղ, կարծես թե, բավականաչափ էլ սփյուռք ունենք, ո՛չ միայն տեղի երիտասարդությունը, այլեւ ավագ սերունդն անտեղյակ է: Անշուշտ, այստեղ կա սփյուռքի ներուժի անհամաչափ կիրառման խնդիրը, սակայն աշխարհի տարբեր կողմեր մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության կառուցման տեխնոլոգիաներ ներկրող այս գերտերությունները, իրենց ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, միջազգային նման հանցագործության հարցում անգամ գործում են բացառապես սեփական շահերը սպասարկելու մղումով: Այս առումով անդրադառնանք մի փաստի: 2010 թվին հայերի ցեղասպանության զոհերի երեք ժառանգներ, որոնք կորցրել են սեփականությունը Օսմանյան կայսրության փլուզման տարիներին, թուրքական կառավարության, Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ «Ziraat Bankasi» բանկի դեմ դատական հայց էին ներկայացրել Լոս Անջելեսի դատարան: Նրանք պահանջում էին բռնագրաված հողերի, այդ թվում ամերիկյան Ինջիրլիկ ռազմակայանի տարածքի համար 63 միլիոն դոլար, ընդ որում՝ Թուրքիան ԱՄՆ-ի ավիաբազայի տարածքը վարձակալությամբ տալուց մեծ շահույթ ունի: Լոսանջելեսյան դատարանը հայտարարեց, թե այդ հարցի առնչությամբ դատական որոշում կայացնելը կնշանակի ԱՄՆ արտաքին քաղաքականության գործերին միջամտություն, ու դրանով գործը փակվեց:

Այս տեսակետից դժվար է ասել, թե ինչ վերաբերմունքի է արժանանում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, կամ ինչպես կշահարկվի այդ փաստաթուղթը հենց հայության հանդեպ: Ու երբ Էրդողանը առաջարկում է Ցեղասպանության հարցը տրամադրել պատմաբանների որոշմանը, նա շատ էլ վստահ է, որ ցանկացած պատմագիտական որոշում կտեղափոխվի քաղաքական դաշտ ու կմերժվի հենց նույն Իսրայելի, ԱՄՆ-ի կամ էլ Գերմանիայի կողմից: Մի պարզ հայացքը վերջին հարյուրամյակին ցույց է տալիս, որ Գերմանիայի ու ԱՄՆ-ի վերաբերմունքը՝ սկսած 1915 թվականից, Հայոց հարցում չի փոխվել:

– Ինչո՞ւ 1988-92 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղ գտան հայության նկատմամբ նման ոճրագործություններ, ովքե՞ր են մեղավորները:

– 1988-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերին ցեղասպանության ենթարկելու իրողությունը հաճախ վերագրում են խորհրդային իշխանությունների թողտվությանը: Անշուշտ, խորհրդային իշխանությունները իրենց թողտվությամբ դարձան Բաքվի ռեժիմի հանցակիցը: Ռուսաստանի Դաշնությունը, որ ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, այս 25 տարիների ընթացքում պարտավոր էր ու հիմա էլ պարտավոր է քննարկման խնդիր դարձնել այդ իրողությունը, վեր հանել կազմակերպիչներին ու իրականացնողներին ու տալ գնահատականներ: ՌԴ-ն՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը, արդեն մեծ իրավախախտում է կատարել Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ քաղաքացիների նկատմամբ:
Մեզ հետ կատարվածի շուրջ վերջին 25 տարիների տրամաբանությունը չի փոխվել, ու գերտերություններն այսօր էլ ցեղասպանությունն օգտագործում են աշխարհաքաղաքական խնդիրներ առաջ քաշելիս: Խեղաթյուրվում են պատմությունն ու փաստերը, նույնիսկ փորձում են զոհին հավասարեցնել դահճի հետ, ինչպես Խոջալուի դեպքում, երբ Բաքվի ռեժիմի հանցանքը այս անգամ էլ ուղղված էր թուրք մեսխեթցիների ու «երազների» դեմ, ու հիմա ջանք չեն խնայում այն հայության վզին փաթաթելու համար:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցներում խոսվում է ինչ-որ սեպարատիստ հայերի ու Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մասին: Ովքե՞ր են այդ սեպարատիստներն ու օկուպանտները, մի՞թե մենք՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին քաղաքացիներս, որ Բաքվի ռեժիմի հայասպան գործողություններից պաշտպանվելով՝ դիմակայել ենք ու մեր անվտանգ կյանքի համար ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ ռեժիմից ազատագրել ենք տարածքներ: Այո՛, մեզ համար՝ ազատագրված տարածքներ, որտեղ Արցախի պաշտպանական զորքերի վերահսկողությամբ մեր կյանքն ապահովված է:
Բայց այն փաստի մասին, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի իշխանությունները արդեն 1988 թվականի փետրվարին Սումգայիթում ու այնուհետեւ հետեւողական ու լայնամասշտաբ հայասպան բռնարարքներ կազմակերպեցին ու իրականացրին ողջ Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքներում, Կուր գետի ձախափնյա բոլոր հայկական բնակավայրերում, Բաքվում, Նախիջեւանում, Գանձակում, Գարդմանում իր իսկ քաղաքացիների նկատմամբ, ու որի արդյունքում կես միլիոնից ավելի հայեր դարձան փախստականներ, ԱՄՆ Պետական դեպարտամենտը համառորեն լռում է:

– Տեղեկություններ ունե՞ք հայ փախստականների ճակատագրերից:

– Նրանք հիմնականում հայտնվեցին Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Հայաստանում: Մինչեւ 2003 թվականը ազատագրված տարածքներում բնակություն հաստատեցին մոտ 30.000 հայ փախստականներ, եւ տարվում էին աշխատանքներ նրանց կյանքի կազմակերպման համար: Սակայն Միջազգային ճգնաժամային խմբի ռասիստական մոտեցումը, որ այդ տարածքներում հայեր չպետք է ապրեն, հայաստանյան ապազգային ու հանցավոր իշխանավորների կողմից շատ արագ կյանքի կոչվեց, ու ազատագրված տարածքներում արգելափակվեց փախստականների վերաբնակեցումն ու ենթակառուցվածքների զարգացումը: Այդ հակահայ մոտեցումը ամրագրվեց Մադրիդյան սկզբունքներում: Մադրիդյան սկզբունքները իրենց փորձարկումը անցել են 1939-ականներին, երբ Թուրքիայի կողմից կաշառված ֆրանսիական ու անգլիական իշխանությունները սիրիական Ալեքսանդրետի սանջակը հանձնեցին թուրքերին, մի շաբաթվա ընթացքում սանջակից հեռացան 40.000 հայեր ու 20.000 արաբներ: Այո, Մադրիդյան սկզբունքները մեր տարածաշրջանը հայաթափելու իրական գործիք են:

Մենք 2012 թվականինց Հայաստանում դեսպանատներ այցելության ժամանակ ներկայացնում ենք Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների մասին Հռչակագիրը եւ մյուս փաստաթղթերը՝ մեր իրավունքների վերականգնման պահանջով: Նրանք համաձայնություն են տալիս իրավական դաշտում մեր արդար պահանջներին, սակայն մեր իրավունքների վերականգնման հարցը այդպես էլ մինչ օրս չի մտել միջազգային քննարկման որեւէ ձեւաչափ:

Մեզ հուսադրում է այն փաստը, որ ՀՀ ԱԺ-ն քննարկման է դրել հույների ու ասորիների ցեղասպանության ընդունման հարցը: Հուսով ենք, որ հայկական քաղաքական վերնախավը կամք կգտնի ու մի օր էլ կանդրադառնա մեզ հետ կատարվածին:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728