Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական պայքարում էլ գոյություն ունեն «չի կարելիներ».   Հ. Նաղդալյան

Փետրվար 23,2015 16:50

Այսօր ԱԺ քառօրյա նիստի ընթացքում , մինչ քվեարկությունը, բուռն քննարկում եղավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի շուրջ:  Այս և մյուս քննարկվող օրակարգային հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, ինչո՞ւ  նման  հակադարձման արժանացավ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը, մասնավորապես ՀՀԿ-ական ձեր գործընկերների կողմից:

–Խորհրդարանը քաղաքական հարցերի քննարկման հարթակ է և, բնական է, որ քաղաքական ուժերը և գործիչները իրենց քայլերով ձգտում են ավելացնել իրենց քաղաքական համակրանքը ընտրողների մոտ, բարձրացնել իմիջը , «PR անել»: Բայց սեփական քաղաքական վարկանիշը բարձրացնել՝  եղբայրական ազգերի միջև հարցեր, ջրբաժաններ կամ հակադրություններ ստեղծելով, ոչ միայն անթույլատրելի եմ համարում, այլև հանցավոր:

Իսկապես, քարը ջուրը նետելու մեկ անմիտ քայլի մասին շատ տեղին է ասված:  Կարծում եմ, ոչ դահլիճում, ոչ էլ հանրության մեջ չկա որևէ մեկ միամիտ մարդ, որ չտեսնի ու չհասկանա այս խղճալի ջանքերը՝ մեկը մյուսին տեղ չտալով մրցակցել, թե ով ավելի լավ կարտահայտվի եզդի ժողովրդի հասցեին՝ փորձելով համակրանք շահել՝ չխորշելով անգամ այն պարագայից, որ խնդիրը վերաբերում է ազգերի համար անսահման ցավալի, զգայուն հարցի, և ազգամիջյան հարաբերությունների: Քաղաքական պայքարում էլ գոյություն ունեն «չի կարելիներ»՝ բաներ, որ չի կարելի անել ոչ մի պարագայում: Յուրաքանչյուրի համար կարևոր է սա միշտ գիտակցելը:

   -Իսկ ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ՝ ԱԺ-ում նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու երկրորդ փորձի մասին , որն այսօր կրկին մերժվեց: Ի՞նչ է ուզում դրանով ապացուցել պատգամավորը և արդյո՞ք կան դրա համար բավարար հիմքեր:

–  Այս նախաձեռնության համար, բոլորին պարզ է` ոչ հիմքեր կան, ոչ փաստարկներ, և ոչ էլ այդ գաղափարի համակիրներ ու հետևողներ: Մեզ համար սա պարզ էր ի սկզբանե. թե՛ նախաձեռնության տակ դրված ստորագրությունները և թե՛ քվեարկության արդյունքները շատ խոսուն էին, ամեն ինչ ասված է դրանով, և մեզ էլ , որպես մեծամասնություն, այդ իմաստով անհանգստացնող որևէ բան չկար: Հանրության համար ևս մեկ անգամ պարզ և տեսանելի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության գնահատականի իմաստով քաղաքական դաշտում, այսպես ասած՝  «հարց չկա», կամ վերաբերմունքը, իսկապես, բարձր ու դրական է: Եվ դա վերաբերում է թե՛ մեծամասնությանը , թե՛ ընդդիմությանը: Եվ պարզ էր, որ ընդդիմությունը ինքն էլ շատ լավ գիտակցում է այս ուղղությամբ  իր քայլերի սին, անարդյունք լինելը: Ես կանվանեի ոչ թե թույլ նախաձեռնություն , այլ պարզապես թույլիկ կամք, կամ կամքի բացակայություն, քանի որ իրենց էլ պարզ է , որ իմաստ չկա:

-Այդ դեպքում  ինչի՞ համար են այդ անում.

-Ընդդիմություն է, դեմքը պահելու խնդիր ունի, ընտրազանգվածին պետք է քայլեր, գործունեություն ներկայացվի:

Եվս մեկ անգամ երևաց նաև հանգամանքը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք ՝ մատնանշելով, որ ընդդիմությունը չունի հայացքների միասնություն , ոչ միայն գաղափարական, ռազմավարական, այլև մարտավարական հարցերում: Ի՞նչ իշխանափոխության մասին կարելի է խոսել, երբ ոչ մի լուրջ հարցում մեծամասնությանը հակադրվող միասնական կամք չկա, չկա ոչ միայն ողջ ընդդիմադիր բևեռում, այլև երբեմն անգամ մեկ ընդդիմադիր խմբակցության շրջանակներում: Այնպես որ, խոսելու բան չկա:

Բայց, ուզում եմ առիթը օգտագործել և ևս մեկ անգամ շեշտել «չի կարելիների» մասին, որովհետև նաև այս դրվագում հանդիպեցինք նման իրավիճակի, այսինքն՝ պարզ է, որ լինում են պահեր, երբ քաղաքական գործիչները մոռանում են, կամ չեն կարողանում այդ նուրբ գիծը պահել, և լինում են նաև գործիչներ, ովքեր ընդհանրապես չունեն այդ «չի կարելիի» մասին գաղափար, կամ պատկերացում, և պատրաստ են ամեն քայլի, իրենց նպատակին հասնելու ամեն գնով: Ուստի, կուզենայի միանալ գործընկերներիս և կոչ անել բոլորին՝ հետ կանգնել նման վարքագծից ,  չփորձել վիրավորանքների , անձերի արժանապատվությանը կպնելու ճանապարհով ինչ-որ նպատակների հասնել:

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728