Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Ինչո՞ւ եզդիերեն ֆիլմ չեն ցույց տալիս, այլ՝ ռուսերեն, բոեվիկ ֆիլմը փոքրամասնության համա՞ր է»

Փետրվար 26,2015 14:34

ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Զեկույցում կարդացի, որ օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել հեռուստատեսությունների գործունեության  մեջ: Բայց բոլոր հեռուստաընկերությունները, բացի հանրայինից, օտար լեզուներով ֆիլմեր են ցուցադրում: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ եթերը պետք է լինի հայերեն, եւ կարող են լինել միայն փոքրամասնության համար հեռարձակվող հաղորդումները օտար լեզուներով: Հիմա ռուսերեն ֆիլմեր են ցույց տալիս, լավ, մեկ, երկուսը ենթադրենք փոքրամասնության համար են, բայց այդ դեպքում ինչո՞ւ եզդիերեն ֆիլմ չեն ցույց տալիս, հունարեն, ասորերեն: Կա օրենքի հստակ պահանջ եւ հստակ խախտում, բայց դուք արձանագրում եք, որ ոչ մի խախտում չեք գտել, այդ ո՞նց է լինում: Հիմա մեր եթերի լեզուն հայերենն է, թե՞ հայերենը չի: Օրենքում հստակ գրված է, որ լեզուն հայերենն է, ինչո՞ւ դա չի պահպանվում եւ ձեր հանձնաժողովը չի արձագանքում դրան»:

Գագիկ Բունիաթյանը պատասխանեց. «Հավատացեք, խախտում չկա: Հանրայինը չունի նմանատիպ խնդիր, թարգմանում է ֆիլմերը, մնացած հեռուստաընկերությունները օրական 1-2 ֆիլմ են ցուցադրում ռուսերեն լեզվով: Օրենքի հետ կապված մրցութային առաջարկներով, եթերաժամի տոկոսային ժամ կա, որ իրավունք ունեն եթեր հեռարձակել ոչ հայերեն լեզվով՝ փոքրամասնության համար: Այդ մասով խնդիր չկա: Հեռուստաընկերությունները մեծ ցանկություն ունեն ֆիլմերը թարգմանելու, բայց դա բավականին մեծ գումարների հետ է կապված: Դա ավելի մեծ գումար է, քան ֆիլմի լիցենզիան գնելու գումարը: Թե ինչու ուրիշ լեզուներով չկան ֆիլմեր, երեւի պահանջարկը չկա, ու այդ լեզուներով ֆիլմեր չկան»:

Gagik-BuniatyanՆիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որ խնդիր չկա. «Բազմաթիվ օրենքներ թղթի վրա գրված են, բայց իրականությունն ուրիշ է: Լեզվի պահը շատ հստակ է գրված: Եթե ուզում եք ասել, որ այդ ֆիլմերը ռուսաց լեզվով հեռարձակվում են ազգային փոքրամասնությունների համար, կներեք, դա ուղղակի լուրջ չի: Ուրեմն պետք է անդրադառնան ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Բոեվիկ ֆիլմը ինչո՞վ է անդրադառնում ազգային փոքրամասնությունների պրոբլեմներին, կամ մելոդրաման»:

Գալուստ Սահակյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ. «Ոնց որ Իսահակյանը կասեր՝ ճար կա, ճար անող չկա: Այդ խնդիրները պետք է խորքային դրվեն»:

Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց նաեւ Հանրային ռադիոյի հեռարձակման դաշտի հետ կապված. «Ասում են, իբր հանրային ռադիոն ամբողջ հանրապետությունում սփռում ունի, բայց մարզից մարզ տեղափոխվելիս պետք է նորից փնտրես, գտնես ու այդ փնտրելու պրոցեսում համոզվում ես, որ մեր տարածքում թուրքերեն, ադրբեջաներեն ռադիոներն ավելի ուժեղ են, քան հայկական: Բա Աստված չանի, մի արտակարգ իրավիճակ լինի, որ ռադիոյով ճանապարհին գտնվող մարդիկի տեղեկատվություն ստանալու կարիք ունենան, ո՞նց են ստանալու այդ տեղեկատվությունը: Սա չափազանց հրատապ լուծման կարիք է զգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728