Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները չպետք է ամբողջությամբ վերահսկեն երեխայի ծախսերը

Մարտ 07,2015 11:45

Ծնողները հաճախ են մտածում՝ արդյոք երեխային պե՞տք է գումար տալ, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա ինչպե՞ս, ո՞ր տարիքից եւ որքա՞ն է անհրաժեշտ գրպանի գումար հատկացնել, ինչպե՞ս դաստիարակել երեխաների մոտ ադեկվատ վերաբերմունք փողի նկատմամբ: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Սոնա Գալստյանի հետ:

Նրա վստահեցմամբ, ծնողները պետք է հաշվի առնեն մի շատ կարեւոր հանգամանք, այն է՝ իրենց երեխան չպետք է խիստ տարբերվի մյուս երեխաներից, եւ գրպանի գումարը երեխայի կամ դեռահասի համար չպետք է խրախուսման կամ պատժի միջոց լինի:
Ընդհանրապես երեխային գումար տալիս են, երբ նա հաճախում է դպրոց, որպեսզի կարողանա օգտվել բուֆետից, բայց եթե ձեր փոքրիկը դեռ չի տիրապիտում գումար հաշվելուն եւ չգիտի ինչպես վճարի կամ հաշվի մանրը, ապա, ըստ հոգեբանի, երեխային գրպանի գումար տալը դեռ վաղ է: «Գրպանի գումար ունեցող երեխաները սովորում են ինքնուրույն ընդունել ֆինանսական որոշումներ, ինքնուրույն ընտրություն կատարել: Տնօրինելով սեփական գումարը՝ երեխան ինքը կարող է ունենալ իր խնայողությունները»,- ասաց հոգեբանը:

Թե որքա՞ն գումար է անհրաժեշտ ձեր բալիկին, որպեսզի իրեն «երջանիկ» զգա, ապա նախ եւ առաջ հաշվի առեք ձեր ընտանիքի ֆինանսական վիճակը եւ երեխայի տարիքը: Սոնա Գալստյանը նշում է, որ նույնիսկ եթե դուք ունեք լավ ֆինանսական հնարավորություններ, երեխային չարժե տալ մեծ գումար՝ այլ տվեք այնքան գումար, որ նա կարողանա օգտվել ճաշարանից, գնել իր համար քաղցրավենիք, ընկերների, դասընկերների ծննդյան տոներին՝ փոքրիկ նվերներ եւ այլն:

Ըստ մասնագետի՝ ծնողները չպետք է երեխայի ծախսերն ամբողջությամբ վերահսկեն, այլ պետք է խորհրդատուի դեր կատարեն, թե ինչն է ավելի լավ գնելու համար, որ ապրանքատեսակն է ավելի նախընտրելի, կամ որտեղից է ավելի հարմար ձեռք բերել այս կամ այն իրը, բայց վերջնական ընտրությունը երեխան ինքնուրույն պետք է կատարի: Եթե նույնիսկ երեխան սեփական գումարը ոչ ռացիոնալ ծախսելու հետեւանքով հանդիպում է որոշակի ֆինանսական խնդիրների, ապա թող դա լինի նրա փորձը, որի վրա նա կսովորի:

«Սկզբնական շրջանում երեխաների մոտ որոշակի ֆինանսական «կորուստներն» անխուսափելի են: Երեխայի հետ միշտ համաձայնեցրեք նրան ֆինանսավորելու հետ կապված բոլոր հարցերը եւ անպայման բացատրեք նրան, թե ինչ պատճառներից ելնելով եք սովորականից քիչ կամ շատ գումար հատկացնում ու երբեք մի խուսափեք ձեր ֆինանսական դժվարությունների մասին խոսելուց»,-ասաց հոգեբանը` հավելելով, որ երբ երեխային գումար եք տալիս, դուք այդ կերպ նրա մեջ խթանում ենք ինքնավստահության զգացում եւ աստիճանաբար հաղորդակից դարձնում մեծահասակների աշխարհին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031