Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգվել է Տավուշի մարզի Չինչին գյուղի մանկապարտեզը

Մարտ 18,2015 15:32

18 մարտ, Չինչին, Տավուշ – Այսօրվանից Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի երեխաները հիմնովին վերանորոգված մանկապարտեզ են հաճախելու:

Մանկապարտեզի ավելի քան 60 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող շինությունը վերանորոգվել ու կահավորվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շնորհիվ:

«Մենք հպարտությամբ ենք օգնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանապահ գյուղերին ու Չինչինի մանկապարտեզը գալիս է լրացնելու մեր մյուս ձեռքբերումները: 2014-ին մենք 5 բացօթյա մարզահրապարակ ենք կառուցել ու 2 մարզադահլիճ վերանորոգել ծրագրում ընդգրկված համայնքների դպրոցների աշակերտների համար»,- Չինչինի մանկապարտեզի բացմանն ասել է ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազմաբաղադրիչ ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը, այդ թվում եւ երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:

«Մեր մանկապարտեզին արված այս նվերը շատ բան է դեպի լավը փոխելու մեր կյանքում: Չինչինում երեխաներ կային, որոնք մանկապարտեզ չէին հաճախում հենց վատ պայմանների պատճառով, իսկ հիմա մենք արդեն 20 երեխա ունենք նախկին 14-ի փոխարեն»,- բացման արարողությանն ուրախությամբ նշել է Չինչինի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանը:

Ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել նաեւ Չինչինի միջնակարգ դպրոցը, որի մարզադահլիճն ու բացօթյա մարզահրապարակը վերանորոգվել ու սպորտային գույքով են համալրվել անցած տարի, իսկ այս տարի գարնան սկզբին ավարտվել է դպրոցի արհեստների սենյակի վերանորոգումն ու կահավորումը, ինչի շնորհիվ դպրոցականները ավելի հարմարավետ պայմաններում կանցկացնեն տեխնոլոգիայի դասաժամերը, կզբաղվեն կարուձեւով եւ փայտամշակմամբ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031