Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս ինձ չի պատկանում. նա ձեզ է պատկանում». Պատրիկ Մալաքյան

Ապրիլ 02,2015 19:28

Ապրիլի 2-5-ը Անրի Վեռնոյին նվիրված օրեր են Երևանում, և կազմակերպվող միջոցառումների շրջանակներում այսօր Երևանի կամերային պետական թատրոնում տեղի ունեցավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Սոֆիկ Ավագյանը, հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին ԱՄՆ-ում:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և ուրիշներ:

MHM94581-copy

«Ես կարծում եմ, որ «Մայրիկ»-ի հաջողությունը հենց նրանում է, որ սա զուտ հայկական պատմություն չէ. սա սիրո, ընտանեկան պատմություն է»,- ասաց Պատրիկ Մալաքյանը:

«Հայրս հրավիրվել է մի հեռուստահաղորդման, որի ժամանակ պիտի որևէ պատմություն պատմեր իր կյանքից: Նա սկսել է պատմել այն սիրո մասին, որը տածում էր իր հոր, երկու մորաքույրերի և մոր հանդեպ:

MHM94576-copy

Հաղորդումից մեկ շաբաթ հետո հեռուստատեսությունից զանգահարում են նրան և ասում, որ ուզում են իրեն նամակ ուղարկել, որն ստացել են հեռուստատեսային հաղորդումից հետո: Պարզվեց, որ դա ոչ թե մեկ կամ մի քանի նամակ է, այլ մի մեծ ծանրոց: Եվ այդ նամակների բովանդակությունը համարյա նույնն էր. «Պարո´ն, Ձեր հաղորդումից հետո զանգահարեցի մայրիկիս և ասացի, որ նրան շատ եմ սիրում»:

Եվ այնուհետև հայտնվեց «Մայրիկ»-ը,- պատմեց Պ. Մալաքյանը:

Այս գրքի վերահրատարակումը, ապրիլի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) հարակից փողոցը Անրի Վեռնոյի անվամբ կոչելը, ԵԹԿՊԻ-ում նրա անվան կինոդահլիճի բացումը, ֆիլմերի ցուցադրությունը և այլն, արվեստագետի որդու ձևակերպմամբ, հիշողության պարտք է, որը կարևոր է ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև մեզ համար. «Որովհետև ես գիտեմ, որ հայրս ինձ չի պատկանում. նա ձեզ է պատկանում»,- ընդգծեց նա:

Պ. Մալաքյանի ասելով՝ հայրը խիստ մարդ է եղել, բայց կարողացել է խոստովանել իր սխալները, դրանց մասին բարձրաձայն խոսել բոլորի ներկայությամբ:

«Երբ ես որոշեցի ռեժիսոր դառնալ, հայրս ինձ հետ վարվեց այնպես, ինչպես շատ ծնողներ. ասաց, որ լավ որոշում է, բայց մեկ այլ բան է պետք սկզբի համար: Ես մարկետինգ սովորեցի ԱՄՆ-ում, ստացա դիպլոմս, տվեցի հորս ու ասացի, որ այսուհետև կանեմ այն, ինչ ես եմ ուզում:

Նա հարցրեց, թե ինչ եմ ուզում անել հետո: Ասացի, որ ուզում եմ կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, ասաց՝ շատ լավ միտք է: Բայց երբ պատմեցի՝ ինչ պատմություն եմ ուզում նկարահանել, ասաց՝ մի արա, դա լավ գաղափար չէ, և ավելի լավ է չնկարահանես, որովհետև չես հաջողի: Այդ ժամանակ ես ինքս ինձ խոստացա այլևս չշարունակել ռեժիսուրայով զբաղվել, որովհետև մտածեցի, որ եթե ես ընդունակ չեմ գտնել, հնարել լավ պատմություն, ապա կարիք չկա այս ուղով գնալ, բայց ներքուստ վստահ էի, որ դա լավ գաղափար է, և որոշեցի ամեն դեպքում կարճամետրաժ ֆիլմ նկարահանել:

Ֆիլմին նախապատրաստվելու վեց ամիսների ընթացքում ես չեմ խոսել հորս հետ: Բայց նկարահանումներն սկսելու նախօրեին զանգահարեցի նրան և ասացի, որ վաղվանից սկսում ենք նկարահանումները, նա պատասխանեց, որ տեղյակ է: Ես էլ առաջարկեցի, որ եթե ցանկություն ունենա, գա նկարահանման հրապարակ, ես իրեն մեծ սիրով սպասում եմ: Նա եկավ հաջորդ օրը: Այդպես էլ ոչ մեկը չհասկացավ, թե ինչու էր նա ինձ այդպես վերաբերվում նկարահանումների ժամանակ: Երբ նա եկավ նկարահանման հրապարակ, փոքր-ինչ անհանգստություն կար, քանի որ ներկաները գիտեին մեր հարաբերությունների մասին: Նա, անմիջապես նկատելով այդ լարվածությունը, ասաց, որ ուղղակի անցնելիս է եղել, որոշել է գալ ինձ հաջողություն մաղթել և հեռացավ…

Երբ ֆիլմն արդեն պատրաստ էր ցուցադրության, ես դարձյալ զանգահարում եմ հորս և հրավիրում դիտմանը: Նա գալիս է: Հավատացեք՝ ես այդ 8 րոպեանոց ֆիլմի ընթացքում անգամ մեկ րոպե չշնչեցի. շունչս պահած՝ փորձում էի լսել, թե ինչ արձագանք է տալիս հայրս: Ֆիլմի ավարտից հետո բոլորը ծափահարում են, այնուհետև հայրս վեր է կենում ու բոլորի ներկայությամբ ասում. «Դու ինձ պատմեցիր այդ պատմությունը, ես ասացի՝ մի նկարի. հաջողություն չի ունենա: Ես քեզ այդպես ասացի, քանի որ ինքս ընդունակ չէի լինի նկարահանել այսպիսի ֆիլմ»:

 Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930